Զինվորներից մեկը վառարանի մոտ էր. ի՞նչ է տեսել փրկարարը Ազատ գյուղի զինվորական կացարանում
sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ահազանգից հետո դեպքի վայր մեկնած փրկարարներից մեկը` Հայկ Վարդանյանը, տեսել է, որ զինծառայողներից մեկը վառարանի մոտ է եղել, մի քանիսը` մահճակալի տակ։ Նա այդ մասին պատմեց Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում է վկաների հարցաքննության փուլը։
«Աշխատանքներ իրականացրել ենք այն հատվածում, որտեղ, ըստ նախնական վարկածի, մեքենայով հարվածել են պատին։ Տանիքը հող ու խոտ էր, հատակին վառված տեղեր կային։ Միջանցքից ձախ կողմի վրա շրջված վառարան էր, ու տուժածներից մեկն այդ հատվածում էր։ 2-3 հոգի մահճակալի տակ փաթաթված էին իրար, մի հոգի կանգնած մնացել էր ճաղավանդակի մոտ՝ մեջքը հենած երկհարկանի մահճակալին»,– պատմեց նա։
Փրկարար ծառայության աշխատակիցը դժվարացավ պատասխանել՝ զինծառայողների կյանքը փրկելու հնարավորություն կար, թե ոչ` պատճառաբանելով, որ ինքն արդեն տուժածներին էր որոնում։
«Ներս մտնելուց հետո ձեռքով, բահով հող ենք քանդել մի կողմ, դուրս հանել, որ տուժածներին գտնենք, որովհետև մենք չգիտեինք՝ այնտեղ նկուղ կա, թե չէ։ Ծուխը սկզբում բավականին մեծ էր, սակայն 10 րոպե հետո այդ հատվածից վերացել էր ծուխը»,– նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ այդ հատվածում փրկարարական աշխատանքներն իրականացրել են 3 հոգով։ Իրենց խնդիրն էր նաև հասկանալ` արդյոք զինանոց կար, որը կարող էր պայթել։
Տուժածների շահերի պաշտպան Նորայր Նորիկյանը ուշադրություն հրավիրեց վկայի այն խոսքի վրա, որ զինծառայողներից մեկը եղել է վառարանի մոտ։
«Զինծառայողներից մեկին հաջողվել է կացարանից դեպի վառարան եկող տարածք հասնել։ Հետևաբար, եթե մի տղայի կարողացել է հաջողվել դուրս գալ, ապա այս քրեական վարույթի տրամաբանությունը հերքում է այն վարկածը, որ դուռը հնարավոր չի եղել բացել, ճաղավանդակներից են փորձել հանել», - նշեց Նորիկյանը։
Այսօր հարցաքննվեց նաև Մարտունու ջոկատի փրկարարներից Կարեն Խաչատրյանը, սակայն նա նոր տեղեկություններ չհայտնեց։ Վկայի հարցաքննությունից հետո դատական նիստն ավարտվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին` ժամը 12։00–ին, կհարցաքննվեն 4 վկաներ։
Հիշեցնենք` 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։