Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պետությունը պատասխանատու է Մարտի 1-ի զոհերի մեծ մասի մահվան համար․ ինչ է վճռել ՄԻԵԴ-ը fip.am fip.am

time

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով վճիռը, որը վերաբերում է 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի իրադարձություններին։

2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին հաջորդեցին Ազատության հրապարակում ընդդիմության մեծամասշտաբ բողոքի ակցիաները․ մարտի 1-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունը, բռնի ուժ գործադրելով, ցրեց Ազատության հրապարակում տեղակայված բողոքի ցույցի մասնակիցներին, ինչին հաջորդեցին բախումներ մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ հատկապես Մյասնիկյանի արձանի շրջակայքում։ Օրվա ընթացքում իրավիճակը սրվեց․ բախումների հետևանքով մայրաքաղաքի կենտրոնում սպանվեց 10 մարդ՝ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։ Տասնյակ մարդիկ վիրավորվեցին, շատերը՝ ձերբակալվեցին։

2018 թվականի իշխանափոխությունից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Մարտի 1-ի գործի քննությունը նոր թափ ստացավ։ Մեղադրանք առաջադրվեց այդ ժամանակվա բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ներառյալ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

ՄԻԵԴ-ը հաստատել է՝ Հայաստանի իշխանությունները պատասխանատու են քաղաքացիների մահվան համար։ Նշվում է, որ ոստիկանության գործողությունները ոչ միայն վատ, պատշաճ պլանավորված չէին, այլ նաև անօրինական էին․ օգտագործվել էին մահացու զինատեսակներ խաղաղ ցուցարարների դեմ։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վճիռն ու ամփոփել դրա կարևոր դրույթները։

ՄԻԵԴ-ը Մարտի 1-ի զոհերի մեծ մասի մահվան համար պատասխանատու է ճանաչել պետությանը՝ նշելով, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը։

Այսպես, Դատարանը հաստատել է պետության պատասխանատվությունը 7 զոհերի համար՝ Հովհաննես Հովհաննիսյան, Գրիգոր Գևորգյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Արմեն Ֆարմանյան, Տիգրան Խաչատրյան, Գոռ Քլոյան։

Զոհերից 2-ի՝ Զաքար Հովհաննիսյանի ու Սամվել Հարությունյանի մասով, դատարանը նշել է, որ պետության ուղղակի պատասխանատվությունն ապացուցող բավարար փաստեր չկան։

Դատարանը նշել է, որ կողմերը՝ (տուժողների իրավահաջորդներն ու պատասխանող Հայաստանի Հանրապետությունը) կա՛մ չէին վիճարկում, կա՛մ արդեն ապացուցված էր, որ զոհերից 8-ը սպանվել էին ոստիկանության կողմից արձակված նռնակներից կամ մարտական փամփուշտներից։

«Չկար ապացույց, որ ցուցարարները զինված են եղել որևէ այլ բանով, քան ինքնաշեն առարկաներով, մինչդեռ ոստիկանները զինված էին (և օգտագործել են) ԱԿ-74 ավտոմատներ, «Մակարով» տեսակի ատրճանակներ և խորհրդային արտադրության «Չերյոմուխա» (Cheremukha-7) արցունքաբեր նռնակներ», -նշվում է վճռում։

Դատարանը պարզել է, որ ՀՀ կառավարության ներկայացրած փաստաթղթերից մեկի համաձայն՝ «ցուցարարներին վախեցնելու և ցրելու նպատակով արձակված փամփուշտները եղել են բացարձակապես անհամաչափ»։

Դատարանը վճռել է նաև, որ ՀՀ-ն չի ապահովել տուժողների արդար դատաքննության իրավունքը։

«Դատարանը պարզեց, որ քննությունը հիմնականում ուղղված է եղել քաղաքական ընդդիմության դեմ, այլ ոչ թե ոստիկանության գործողություններին, ինչն ընկալվել է որպես քաղաքական կողմնակալություն։ Մի շարք ոստիկաններ ներգրավված էին եղել ամենակարևոր ապացույցների՝ օրինակ, միջոցների գործադրման վեաբերյալ փորձաքննությունների պատրաստման մեջ, ինչը լրացուցիչ վտանգել է քննության անկախությունը։ Դատարանը դժվարանում էր հավատալ, որ այդ պաշտոնյաները կարող էին անկախ գործել մի քննության շրջանակում, որն առնչվում էր իրենց այդքան շատ թվով գործընկերների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների», — նշել է ՄԻԵԴ-ը։

Նշվում է, որ քիչ բան է արվել մահվան դեպքերի հանգամանքները պարզելու և մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարված քննչական գործողությունները՝ դիահերձումները և զենքերի փորձաքննությունները, որևէ կարևոր գնահատականի չեն հանգեցրել։

Նաև արձանագրվել է հանրային վերահսկողության և մասնակցության բացակայությունը․ «դիմումատուները փաստացի դուրս էին մղված ներքին քննությունից և գրեթե ամբողջությամբ մնում էին անտեղյակ զարգացումներից՝ բացառությամբ որոշ նախնական դատաբժշկական փորձաքննությունների»։

«Վերջապես, որևէ քննություն չէր իրականացվել բարձրաստիճան սպաների հնարավոր պատասխանատվության վերաբերյալ, այդ թվում նրանց, ովքեր պարտավոր էին վերապատրաստել և վերահսկել ուժ կիրառած ստորաբաժանումներին, ինչպես նաև ավելի բարձր պաշտոնյաների, ովքեր ծրագրել և ղեկավարել էին գործողությունը։ Քրեական գործ այս առումով հարուցվել էր միայն տասը տարվա ուշացումով, իսկ դրա արդյունքը անհայտ էր», — նշել է դատարանը։

Դատարանը եզրակացրել է՝ օրվա (2008թ․) իշխանությունը ձախողել է արդյունավետ քննություն իրականացնելու հարցում՝ դիմումատուների հարազատների մահվան դեպքերի մասով, ինչը Հոդված 2-ի ևս մեկ խախտում էր։

Դատարանը վճռել է նաև, որ ՀՀ-ն խախտել է Կոնվենցիայի 38-րդ հոդվածը։

Նշվում է, որ մահվան դեպքերը քննվել էին շատ ավելի լայնածավալ քրեական գործի շրջանակում, որն ընդգրկում էր մեծ քանակությամբ նյութեր, սակայն Հայաստանի կառավարությունը դրանք ամբողջ ծավալով չի տրամադրել դատարանին։

«Դատարանը բախվել էր փաստերի պակասի և մահացածների գործով ներպետական ատյանների վճիռների բացակայության հետ։ Դատարանի կողմից հատուկ պահանջված որոշ փաստաթղթեր, որոնք առնչվում էին խորհրդարանական հետաքննությանը, նույնպես չէին ներկայացվել՝ առանց համոզիչ բացատրության։ Հետևաբար Դատարանը գտավ, որ Հայաստանի Հանրապետությունը չի կատարել իր պարտավորությունները՝ համաձայն կոնվենցիայի, ներկայացնելու պահանջված փաստաթղթերի պատճեները», -ասվում է վճռում։

Դատարանը վճռեց, որ Հայաստանը պարտավոր է յուրաքանչյուր դիմումատուին վճարել 30,000 եվրո ոչ նյութական վնասի համար և 35,000 եվրո համատեղ բոլոր դիմողներին՝ որպես ծախսերի և վճարների փոխհատուցում։

Նանե Մանասյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test