Արցախի հայաթափման եւ էթնիկ զտման տարելիցի օրը Արցախի իշխանությունները, ՀՀ ընդդիմադիր պատգամավորներն ու քաղաքական-հասարակական գործիչներն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետեւանքով հաշված օրերի ընթացքում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերեվարվեց։
Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց․ «Մենք ընդունեցինք օրենք, այսինքն՝ տոների եւ հիշատակների օրերի մասին օրենքի մեջ փոփոխություն մտցրեցինք եւ սեպտեմբերի 19-ը ընդունեցինք որպես հիշատակի եւ պահանջատիրության օր։ Եվ այսօր այստեղ ենք գտնվում՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու մեր բոլոր զոհերի հիշատակին»։
Հարցին, թե ինչո՞ւ է այս օրվա խորհուրդն արհամարհվում ՀՀ իշխանությունների կողմից, Դավիթ Մելքումյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, դա մեզ համար էլ է անընդունելի, քանի որ արդեն երկու տարի է անցել, եւ որեւէ կերպ չեն անդրադառնում այս հարցին»։
Դավիթ Մելքումյանն անդրադարձավ երկու տարի առաջ այս օրը Արցախում կատարվող իրադարձություններին։ «Երկու տարի առաջ այս օրը բնականոն ու սովորական աշխատանքով հանդիպումներ էինք ունենում տարբեր շրջաններում, քանի որ արդեն իսկ կային որոշակի տեղեկություններ։ Մասնավորապես, խոսքը գնում էր այն մասին, որ պետք է գնալ կոմպրոմիսի եւ բացել ճանապարհը, օգտվել այդ հումանիտար օգնությունից։ Եվ կարծում եմ՝ որեւիցե պայմանավորվածություն չէր խախտվել կոնկրետ այս ժամին։ Եվ մենք ավելի շատ կենտրոնացած էինք դեպի դրականը ու փորձում էինք մեր հանրությանը բացատրել, թե հրաժարվելու հետեւանքները ինչ կարող են լինեն։ Եվ գրեթե բոլորը համաձայն էին, տրամադրված էին, որպեսզի հումանիտար միջանցքները բացվեին։ Բայց մի քանի ժամ հետո տեղի ունեցավ այն, ինչին բոլոր ականատես էինք»,- նշեց նա։
Հարցին, թե Արցախը հումանիտար աջակցություն ստանար, կկարողանա՞ր դիմակայել թշնամուն՝ նա պատասխանեց, որ խնդիրը միայն հումանիտար օգնությունը չէր։ «Արդեն երկու տարի անց, վստահ եմ, դուք բոլորդ ձեր վերլուծություններն ունեք եւ բոլորդ տեսաք, լրիվ այլ հարթակում են այս հարցերը լուծվում, լրիվ քաղաքական հարց էր։ Հումանիտարն ընդամենը ձեւական բնույթ էր կրում, դա մի մեծ շիրմա էր։ Կարծում եմ՝ որոշումները կայացված էին գերտերությունների կողմից, ցավոք սրտի։ Ուղղակի մենք տեղեկացված չէինք այդ գործընթացների մասին, քանի որ անմիջապես այդ հնարավորությունը չունեինք՝ մենք ինքներս մասնակցելու այդ մեծ գործընթացներին»,- ասաց նա։
Դավիթ Մելքումյանը, անդրադառնալով պատմության դասագրքում Արցախի վերաբերյալ արված ձեւակերպումներին, ասաց, որ պատմությունն այսօր կեղծվում է, այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները պատմության դասագրքում ներկայացրել են, թե Արցախը լուծարված է ԼՂՀ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին հրամանագրով, եւ չկա այն անվավեր հայտարարելու մասին տեղեկությունը: Սամվել Շահրամանյանն արդեն դատական գործընթաց է սկսել այս ձեւակերպման դեմ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արխիվային լուսանկար
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test