Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչու է Երևանը խեղդվում. աղբի և բնապահպանական ճգնաժամի համակարգային պատճառները sputnik sputnik

time
Ինչու է Երևանը խեղդվում. աղբի և բնապահպանական ճգնաժամի համակարգային պատճառները
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Օդի որակը շարունակում է մնալ Երևանի ամենահրատապ բնապահպանական խնդիրներից մեկը։ Ռիսկի լրացուցիչ գործոն են երկրի խոշորագույն՝ Նուբարաշենի աղբավայրում պարբերաբար բռնկվող հրդեհները:
Յուրաքանչյուր հրդեհ հատկապես ծանր է ազդում մոտակա թաղամասերի բնակիչների վրա։ Բացի տհաճ հոտից, նրանք տառապում են ալերգիկ ռեակցիաներից, արցունքաբերությունից, շնչառության դժվարությունից և հազի նոպաներից: Վերջին հրդեհը սկսվել է սեպտեմբերի 15-ին. այրման օջախները մինչ օրս պահպանվում են, իսկ այրվածի հոտը զգացվում է ոչ միայն Երևանի հարավային թաղամասերում, այլև մայրաքաղաքի կենտրոնական և նույնիսկ հյուսիսային հատվածներում:
«Նույնիսկ պատուհանները փակելու դեպքում բնակարանում վառվածի հոտ է զգացվում։ Ոչ բոլորն ունեն օդորակիչներ, ուստի շոգին պետք է սպասել կրակը մարելուն», - պատմում է Նուբարաշենի մի բնակչուհի։
Տեղի մեկ այլ բնակիչ՝ Գուրգեն Մկրտչյանը, որն ապրում է աղբավայրից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա, խոստովանում է՝ հոտից կարողանում է որոշել, որ աղբավայրն այրվում է:
«Երբեմն կրակը հանգցնելիս օգտագործում են հատուկ նյութ, այն փոխում է ծխի հոտը, բայց այն այլ կերպ է զգացվում», - նշում է նա:
Բնակիչների մի մասը խոստովանում է, որ կորցրել է խնդրի լուծման հույսը։ Նրանց խոսքով՝ իրենք ո՛չ բժշկական օգնություն են ստանում, ո՛չ էլ փոխհատուցում։ Միակ ելքը համարում են աղբավայրի ռեկուլտիվացիան և աղբի վերամշակման գործարանի կառուցումը։
Հայաստանում չկա մթնոլորտային օդի որակն իրական ժամանակի ռեժիմում հսկելու ժամանակակից համակարգ, ինչպես նաև այրվող թափոններից արտանետումների առանձին մոնիթորինգ: Գործող ստացիոնար և շարժական կայանները գրանցում են միայն միջին օրական ցուցանիշները, ինչը, աղբավայրերում հրդեհների դեպքում, դրանք անարդյունավետ է դարձնում:
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանում է, որ Երևանում օդի հիմնական աղտոտիչը փոշին է։ Փոշու առավելագույն թույլատրելի կենտրոնացման նորմը 0,15 մգ/մ3 է, սակայն նախորդ շաբաթ նորմայից անցումներ են գրանցվել Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում: Նորման անցել են նաև ազոտի երկօքսիդի ցուցանիշները։ Հակոբյանի խոսքով՝ աղտոտվածության մակարդակի վրա ազդում են ակտիվ շինարարությունը, ավտոտրանսպորտի մեծ թիվը, իսկ ձմռանը՝ գազով ջեռուցման կաթսաների աշխատանքը։
Մասնագետն ընդգծում է՝ աղբավայրերում հրդեհների ժամանակ օդ են թափանցում ոչ միայն սովորական աղտոտիչներ, ինչին հետևում են մոնիթորինգային կայանները, այլև մի մեծ շարք վտանգավոր միացություններ՝ դիօքսիններ, պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ, ծանր մետաղներ, ինչպես նաև մանր ցրված PM2.5 և PM10 մասնիկներ: Այս նյութերը հեշտությամբ ներթափանցում են շնչուղիներ, ընդ որում՝ միշտ չէ, որ դրանք հայտնաբերվում են ստանդարտ դիտարկման սարքերով:
Հակոբյանը նշում է, որ օդի աղտոտվածության մակարդակով Երևանը ո՛չ ամենամաքուր, ո՛չ էլ ամենաաղտոտված քաղաքներից է: Առաջիկայում նախատեսվում է նորացնել մոնիթորինգային ծառայությունը, որը կկարողանա ֆիքսել նաև մանրաչափ մասնիկները:
Ճարտարապետ և անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը նշում է, որ Երևանում օդի որակի վատթարացումը պայմանավորված է մի շարք գործոններով: Դրանցից են՝ հանքարդյունաբերական գործունեությունը մայրաքաղաքի մերձակայքում, անմաքուր փողոցները, մեծ թվով մեքենաներում կատալիզատորների բացակայությունը և կանաչապատ տարածքների սակավությունը:
Նրա խոսքով՝ Ակադեմիական քաղաքի տեղում նախկինում նախատեսվում էր ստեղծել անտառային զանգված, սակայն տարածքն արդեն փաստացի կառուցապատվել է։ Նորքի լանջերին ակտիվ շինարարությունը նույնպես նպաստում է փոշու աճին։
Շրջակա միջավայրին հավելյալ վնաս են հասցնում անհատական ջեռուցման համակարգերը, որոնք օդի համար ավելի վնասակար են, քան կենտրոնացված ջեռուցումը։
Բնապահպան Քրիստինե Վարդանյանը բազմիցս ընդգծել է, որ Երևանի բնակիչները վաղուց են սովոր օդի աղտոտվածությանը, իսկ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհները դարձել են պարբերական երևույթ: Նրա խոսքով՝ հրդեհների մարումը դժվար է, քանի որ այրումը շարունակում է աղբի ստորին շերտերում։
Նա նշում է, որ աղբավայրի ծուխը վտանգավոր է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում: Կարճաժամկետ հետևանքներից են՝ հազը, փռշտոցը, արցունքաբերությունը, գլխացավը, շնչառության դժվարությունը… Դրանք հատկապես ծանր են տանում շնչառական և սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ, ալերգիայով և հիպերտոնիայով հիվանդները: Երկարաժամկետ հեռանկարում ծուխը քաղցկեղածին է, և դրա վնասակար բաղադրիչները կարող են հայտնվել հողում և ստորերկրյա ջրերում:
Աղբանոցների հրդեհներն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք դժվար է դասակարգել: Դրանք կարող են ծխալ շաբաթներ շարունակ, իսկ աղբի ստորին շերտերում այրումը պարբերաբար վերսկսվում է քամու կամ արևի ճառագայթների ազդեցության տակ:
Երևանում գործում է երկու աղբավայր՝ Նուբարաշենում և Աջափնյակում, սակայն երկուսն էլ չեն համապատասխանում ժամանակակից չափանիշներին: Դեռևս 2021 թվականին իշխանությունները հայտարարել էին նոր աղբավայրի կառուցման մասին համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին, որն այդպես էլ միայն մտադրություն մնաց։
Նուբարաշենի աղբավայրը գործում է 1950-ական թվականներից։ Տարածքը 52,3 հա է, գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից 9-10 կմ հեռավորության վրա։ Քաղաքապետարանի տվյալներով՝ այստեղ օրական տարվում է 1-1, 2 հազար տոննա թափոն, որը տարեկան զանգվածը կազմում է 365-440 հազար տոննա։
Վերամշակման համակարգ չկա. աղբը չի տեսակավորվում, չի վերամշակվում, այլ միայն սեղմվում-խտացվում է և պարբերաբար ծածկվում հողի շերտով: Տեսակավորման փոքր ծավալներն իրականացվում են միայն առանձին հավաքողների կողմից, որոնց համար դա մնում է վաստակի միակ աղբյուրը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test