44-օրյա պատեազմից 10 օր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ով դեռեւս իրեն «դուխով» էր համարում, ծավալուն հոդված էր հրապարակել Ֆեյսբուքում: Խմբագիրներին էլ առաջարկել էր լրատվականներում արտատպելու ժամանակ այն վերնագրել՝ «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»: Իրականում, սխալվելու վճռականությունը դարձավ ոչ թե ճշմարիտ ճանապարհ, այլ նրան եւ ողջ մեր երկրին հասցրեց վիլայեթացման ճանապարհը բռնելուն: Ճիշտ է, ժողովրդի մի մասը փորձում է պայքարել դրա դեմ, սակայն դա դեռեւս արդյունք չի տալիս: Նիկոլական անհեթեթ այդ կարգախոսին բազմիցս եմ անդրադարձել: Նշել, որ օտար մտածողության հիման վրա ծագած այդ կարգախոսը կարող է ճիշտ լինել առանձին անհատի առումով: Բայց դա հաստատ սխալ է պետության ղեկավարի գործունեության տեսակետից: Եթե այդպես չլիներ, ապա արեւմտյան կամ արեւելյան պետություններում չէր ծագի խորհրդականների ինստիտուտը: Ինչի նպատակը երկրի ղեկավարին հենց սխալներից զերծ պահելն է: Դրան գումարենք արեւմտյան մտագրոհային կենտրոնների՝ «թինք-թանգ»-երի գոյությունը: Բայց քանի որ մեզանում այդ ամենի փոխարեն ավելի քան յոթ տարի գոյություն ունի միայն մեկ «ուղեղային կենտրոն», ապա արդյունքում Հայաստանը բռնեց թուրքական վիլայեթի վերածվելու ուղին:
Վիլայեթացման հերթական դրսեւորումը ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշումն էր: Բայց դա Արարատից ազատվելու երկրորդ արարն էր: Առաջինը, հիշենք, կառավարության շենքի դահլիճում Արարատ լեռան պատկերն Արագածով փոխարինելն էր: Չգիտեմ, թե դեռեւս որքան արարներ կունենա այդ ներկայացումը, բայց վերջնականը հաստատ ՀՀ զինանշանի վրայից հանելը կլինի: Եվ վերջապես կյանքի կկոչվի թուրքական ավելի քան հարյուրամյա երազանքը: ԽՍՀՄ 1957-1985 թվականների ԱԳ նախարար Անդրեյ Գրոմիկոյի անվան հետ է կապվում հետեւյալ պատմությունը. Թուրքիայի պաշտոնական անձանց հետ իր հանդիպումներից մեկի ժամանակ դրանք առաջարկել են (ենթադրում եմ, որ պահանջել չէին կարող, խնդրելն էլ պատվից ցածր են համարել) Խորհրդային Հայաստանի գերբի վրայից հանել Արարատ սարի նկարը՝ հիմնավորելով, որ այն գտնվում է իրենց տարածքում: Գրոմիկոն դրան շատ սրամիտ պատասխան է տվել՝ առանց անդրադառնալու հայ ժողովրդի պատմության եւ հոգեբանության խնդրին: Ընդամենը հարցրել է, թե Թուրքիայի զինանշանի վրա պատկերված լուսի՞նը եւս իրենց երկրում է գտնվում:
Մուտքի կամ ելքի սահմանանշանի վրայից Արարատի պատկերը հանելու որոշման պատճառն, ըստ վերջերս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակված Թորոսյան Արսենի, կնիքների համապատասխանեցումն է «սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաեւ Իրական Հայաստանի գաղափարախոսությանը»: Նույն Արսեն ասել է, որ «աշխարհի գրեթե շատ երկրների» սահմանահատման կնիքների վրա նկարներ չկան: Բայց եթե աշխարհի «գրեթե շատ» երկրներում նկարը բացակայում է, ապա դա նշանակում է, որ դրանք, այնուամենայնիվ, առկա են աշխարհի «գրեթե քիչ» երկրներում: Եվ Հայաստանն էլ կլիներ դրանցից մեկը, ու դրանից աշխարհն իրեն վատ չէր զգա: Դա՝ մեկ, եւ երկրորդ. Նիկոլի «իրական» Հայաստանն իր հակահայկական ու հակագիտական գաղափարախոսությամբ հանդերձ ծագել է «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» անհեթեթ կարգախոսի հիման վրա, որն ուղիղ ճանապարհ է դեպի թուրքական վիլայեթացում: Ինչը նշանակում է, որ այդ «իրականը» ոչ միայն կեղծ, այլեւ ժամանակավոր երեւույթ է: Եվ մեր խնդիրն է, որպեսզի ժամանակավոր այդ երեւույթն ավարտվի ոչ թե Հայաստանի վիլայեթացմամբ, այլ «նիկոլիզմազերծ» մեր պետության հաստատմամբ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test