Արցախում գտնվող հատուկենտ հայերից ամեն մեկը մանրակրկիտ վերահսկողության տակ է գտնվում եւ հավանականություն չկա, որ այն օրը, երբ Ստեփանակերտ է ժամանում Իլհամ Ալիեւը եւ ամբողջ քաղաքը ուժեղացված վերահսկողության տակ է, հնարավոր լիներ կազմակերպել զինված հարձակում եւ հարցը գար, հասներ նրան, որ փոխհրաձգություն լիներ: Այս մասին Aravot.am-ին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով ոմն Կարեն Ավանեսյանի կողմից Ստեփանակերտում զինված հարձակում նախապատրաստելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությանը:
«Այդտեղ մնացած հատուկենտ հայերը որեւէ վտանգ ներկայացնել չեն կարող: Կոլեկտիվ ներուժ ունենալ չեն կարող ադրբեջանցիներին վտանգ ներկայացնելու համար: Մի քանի հոգու այդտեղ ձեւական պահել են, որ արտաքին աշխարհին իրենց մարդասիրությունը ցույց տան: Տեսեք՝ հայեր կան, որոնք մնացել են, իրենց վտանգ չի սպառնում, Ադրբեջանի քաղաքացիների հետ նորմալ ապրում են»,- հավելեց փորձագետը:
Նա հիշեցրեց ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածված Ավանեսյանի մեկ տարի առաջվա հարցազրույցը, որտեղ ակնհայտ երեւում է, որ այդ մարդը սոցիալիզացիայի խնդիր ունի: Ավանեսյանը պատմում էր, որ խնամում է քաղաքի կատուներին. «Ակնհայտ պարզ է, որ որեւէ վտանգ չներկայացնող մարդ էր»:
Մեր զրուցակցի խոսքով, Ավանեսյանին վերագրվող գործողությունները Ադրբեջանը բեմադրեց մեկ նպատակով. «Հայատյացության նոր դոզա հաղորդելու համար էր: Ներքին աուդիտորիային ցույց տալու, որ հայերը խաղաղության պատրաստ չեն, ամեն կերպ պետք է ձգձգել ու հեռվացնել խաղաղություն կոչված փաստաթուղթը ստորագրելու հավանականությունը: Նաեւ հանրության ներսում հայերի դեմ ատելություն հրահրել նման միջադեպերով»:
Անդրադառնալով Շուշիում ԱԱԾ բաճկոններ հայտնաբերելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններին՝ փորձագետը շարունակեց. «Պարբերաբար ցույց են տալիս մեկ-երկու հրաձիգ, նռնակներ եւ այլն, դա ներկայացնում են՝ հայի թաքցրած հերթական զենքի պաշարն են հայտնաբերել: Այնպես չէ, որ սա այդ շարքից դուրս նոր միջադեպ էր: Զենքի լուրջ պաշարներ չեն գտնում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test