ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի մեղվաբույծները բախվել են վերջին տարիների ընթացքում մեղուների վտանգավոր հիվանդության՝ վարոատոզի ամենամեծ բռնկման հետ։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտենց մեղվաբույծ Գայանե Սիմոնյանը, մեկնաբանելով Մեղրիի շրջանում դեռևս չպարզաբանված պատճառներով մեղուների զանգվածային անկումը։
Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի խոսքով՝ վերջին երկու-երեք օրվա ընթացքում տեղական իշխանությունները ահազանգեր են ստացել 15-20 խոշոր մեղվաբուծական տնտեսություններից։ Մեղվաբուծությունը շրջանում համեմատաբար երիտասարդ ուղղություն է, սակայն վերջին տարիներին այն ակտիվ զարգանում էր, և մեղվաընտանիքների թիվը հասել էր մոտավորապես 2500-ի, ինչը քիչ չէ մոտ 10 000 բնակչություն ունեցող շրջանի համար։
Մեղուները լքում են իրենց փեթակները և չեն վերադառնում. նրանց սատկած են գտնում շրջանի տարբեր գյուղերում՝ Նռնաձորից մինչև Տաշտուն։
«7-8 տարի առաջ, ըստ մեղվապահների, նմանատիպ երևույթ եղել է, բայց այն ժամանակ մեղվաընտանիքները հարձակվում էին միմյանց վրա՝ սննդի պակասի պատճառով։ Հիմա մեղվաբույծներն իրենք էլ չեն հասկանում` ինչ է կատարվում։ Մենք մասնագետներ ենք պահանջել Էկոնոմիկայի նախարարությունից», – նշեց Անդրեասյանը։
Սիմոնյանի խոսքով՝ վարոա տիզը, որը մակաբուծվում է մեղուների վրա և արագ փոխանցվում է հիվանդ ընտանիքներից առողջներին, այս տարի զգալիորեն տարածվել է ամբողջ Հայաստանում։
«Արդեն հինգ տարի է, ինչ աշխատում եմ ոլորտում, բայց երբեք չեմ տեսել վարոատոզի վարակման նման մակարդակ։ Հարցրել եմ երկրի տարբեր շրջաններից ավելի փորձառու գործընկերներին, նրանք ևս հաստատել են, որ վաղուց նման երևույթի չեն հանդիպել։ Վնասի չափը հավանաբար հաջորդ գարուն ավելի մեծ կլինի», – ասաց նա։
Վարակի նման արագ տարածման պատճառները մեղվաբույծների համար դեռևս անհասկանալի են։ Հնարավոր է՝ մեղուների դիմադրողականությունն է թուլացել կամ շուկայում բացակայում է որակյալ դեղորայքը։ Սիմոնյանի խոսքով՝ պատասխանատվության մի մասը մեղվաբույծներինն է, որոնք բուժումն իրականացնում են առանց համաձայնեցման։ Մեղուները օրական մինչև 3.5-4 կմ են անցնում նեկտար փնտրելիս, և ճանապարհին հարյուրավոր այլ առանձնյակների հետ են կոնտակտի մեջ մտնում, որոնցից կարող են վարակվել։
«Եթե մեղվաբույծներից մեկը բուժում է իրականացրել, իսկ հարևանը՝ ոչ, ամբողջ աշխատանքը ապարդյուն կլինի։ Այդ իսկ պատճառով որոշակի շառավղով բոլոր մեղվաբույծները պետք է միաժամանակ մշակում իրականացնեն, սովորաբար մեղրը հավաքելուց հետո՝ հուլիս-օգոստոսին», – ընդգծեց Սիմոնյանը։
Մեկ այլ խնդիր է անասնաբուժական դեղամիջոցների որակի նկատմամբ կառավարության թույլ վերահսկողությունը։ Սիմոնյանը պատմեց, որ ինքն էլ է դժվարությունների բախվել. «Գնել եմ դեղը, կիրառել, մի քանի օր անց պարզվել է, որ այն չի գործում։ Այդ ընթացքում տզերը հասցնում են ծայրահեղ արագ բազմանալ»։
Նրա կարծիքով, հանրապետությունում անհրաժեշտ է ժամանակակից անասնաբուժական լաբորատորիաներ ունենալ, քանի որ ֆերմերները միշտ չէ, որ կարողանում են ինքնուրույն տարբերակել վնասատուների տարբեր տեսակները։ Վարոայից բացի, վերջին տարիներին արագ տարածվում է նաև տրոպիլեապսը՝ ևս մեկ վտանգավոր մակաբույծ։
Վարոատոզի խնդրին ավելացել է նաև կերի պակասը. ամառը չորային էր, ծաղիկները սովորականից քիչ էին, և մեղուները սկսեցին հարձակվել միմյանց վրա։ Եթե փեթակներում մեղրի պակաս կա, բավական է, որ մեկ մեղվաբույծ ժամանակին չհավաքի այն, և հարևան գաղութները հոտն առնեն։ Այդ ժամանակ սկսում է գործել այսպես կոչված «գողի բնազդը». ուժեղ մեղվաընտանիքները հարձակվում են ավելի թույլերի փեթակների վրա։
Նշենք, որ Հայաստանում մեղրի արտադրության վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չի հրապարակվում։ Հայտնի է միայն, որ 2024 թվականին արտահանումը կազմել է 80 տոննայից մի փոքր ավելի 2023 թվականի 108 տոննայի դիմաց։