Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Էս ի՞նչ եք անում. չե՛ք կարող մեր գիտակցությունից Արարատը վերացնել, այն մեր աչքի առաջ է». Ռուբեն Մալայան 168.am 168.am

time

Գեղագիր Ռուբեն Մալայանը հիմար քայլ է համարում Այբբենարանից Մեսրոպ Մաշտոցի նկարը հեռացնելու և այն QR կոդով փոխարինելու՝ դասագրքի հեղինակների որոշումը:

«Մեսրոպ Մաշտոցը մեր մշակույթի ամենակարևոր մարդն է, ես ընդհանրապես նրան համարում եմ հայ պատմության մեջ ամենակարևոր մարդը, դու ո՞նց կարող ես Այբբենարանում նրա դիմանկարը չդնել: Դա նշանակում է՝ ինքը քեզ համար կարևոր չէ, QR կոդով կարելի է փոխարինել: Այդ դեպքում կարող ենք Մասիսն էլ ջնջել, ասել՝ ինքը չկա. նույն տրամաբանության մեջ է: Ցավոք, չեմ զարմանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ըստ գեղագրի՝ թվային ենթամշակույթին հակակշիռ պետք է լինի անալոգայինը՝ թուղթն ու գրիչը. «Ես լսարանում որ տեսնում եմ՝ ուսանողները ձեռքով նշումներ են անում, ուրախանում եմ, որովհետև գիտեմ, որ այդ նյութը հիշվում է իրենց մոտ, եթե գրի են առնում: Եթե դու բան ես տպում, դա չի հիշվում ընդհանրապես, դու հույսդ արդեն դրել ես սարքի վրա: Մի անգամ հետաքրքիր ուսումնասիրություն էին արել, պարզել էին՝ երբ է ամենահեշտը ստել. Ամենահեշտը խոսակցության ժամանակ է, որովհետև կարող ես ասել՝ սխալ ես հասկացել, դա չեմ ասել, իսկ եթե գրի ես առնում, վերջ, էլ չես կարող ասել՝ չեմ ասել կամ չեմ գրել նման բան»:

Դիտարկմանը՝ նայած՝ ով, նա արձագանքեց. «Այո, մարդ կա, որ բերում ցույց էլ ես տալիս, ասում է՝ նման բան չեմ ասել: Վերադառնալով թեմային, ինձ համար հետաքրքիր է՝ ինչ կլինի, եթե մի օր հոսանքն անջատվի, այդ ամբողջ ինֆորմացիան անհասանելի կլինի: Ես կողմ եմ թվայնացմանը, բայց զուգահեռ պետք է պահել մի բան, որ քեզ համար միշտ կարող է հենակետ լինել»:

Անդրադառնալով կրթական համակարգում առկա խնդիրներին, նա նշեց, որ այն բազմաշերտ է, և պետք է մեծ ինտելեկտ ունենալ՝ նման կառույց ղեկավարելու համար. «Այն, ինչ ես եմ տեսնում, բավականին հիասթափեցնող է: Մեր օրինակով ասեմ, որ Ամերիկյան համալսարանը փակուղու մեջ է, որովհետև չենք կարողանում նոր շենքեր կառուցել, նոր ծրագրեր սկսել, ամեն ինչ կանգնած է զուտ այն պատճառով, որ կառավարությունը որոշել է, որ պետք է լինի ակադեմիական քաղաք, իսկ մերը մասնավոր համալսարան է, և չեն կարող ստիպել, որ այնտեղ գնանք: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իմ ծրագիրը, որը կարող էր սկսել կայանալ ու դասավանդվել, ուղղակի կանգ է առել, որովհետև ուղղակի ֆիզիկապես տեղ չունենք այն դասավանդելու»:

«Էս ի՞նչ եք անում. չե՛ք կարող մեր գիտակցությունից Արարատը վերացնել, այն մեր աչքի առաջ է». Ռուբեն Մալայան

Նա վստահ է՝ Ակադեմիական քաղաք չի լինելու. «Այս կառավարությունը չի կարող նման նախագիծ իրականացնել, ինքը չունի այդ ինտելեկտը, ոչ էլ այդ տեսադաշտը: Սա ուղղակի մեր բոլորի հարկերից հավաքած փողը վատնել է: Սա շատ սխալ որոշում է: Նախ՝ չկա ենթակառուցվածք, մինչև այն կառուցվի՝ անցնելու են տարիներ: Այդ ամայի վայրը կրթական միջավայր սարքելն աբսուրդի ժանրից է, դա չի լինելու: Ես նախ առաջնահերթությունները կսահմանեի: Ի՞նչն է մեզ համար կարևոր. ինքնությունը կարևո՞ր է, պատմություն իմանալը կարևո՞ր է, քո դերը պատմության շերտի մեջ իմանալը կարևո՞ր է, թե՞ կարևոր չէ: Ո՞ւր ես ուզում գնալ, այդպես էլ կառուցիր քո կրթական համակարգը: Ո՞վ ես ուզում լինել»,- շեշտեց նա:

Ռուբեն Մալայանի գնահատմամբ՝ չի կարող «Իրական Հայաստանը» «Պատմական Հայաստանի» հետ կապ չունենալ. ««Իրական Հայաստանը» առանց անցյալի ի՞նչ է: Պատմությունդ քո անցած ճանապարհն է: Նույն կատեգորիայից է, որ ասում են՝ Մասիսը սահմանից այն կողմ է, ուրեմն՝ քո մշակույթի մասը չէ: Նույն տրամաբանությամբ պետք է ասենք՝ դուք էլ լուսինը հանեք ձեր դրոշից, այն ձերը չէ: Աբսուրդ է դա: Ես կփորձեի հասկանալ զարգացման վեկտորը, հասկանալ, որ մենք հիմա սիտուատիվ գտնվում ենք այս իրավիճակի մեջ, կփորձեի հասկանալ՝ ո՞վ ենք մենք: Այսինքն՝ վիճակագրություն կհավաքեի, կփորձեի հասկանալ, թե դպրոցականները, ովքեր պետք է բաձրագույն կրթություն ստանան, իրենց հոգեվիճակը, իրենց պատրաստվածության աստիճանը, ինչքանով են իրենք հասունացած… Այստեղ լիքը հարցեր կան: Երբ այդ առաջնահերթությունները ճիշտ ես շարում, պարզ է դառնում՝ որն է կարևորը, որը՝ երկրորդական, և դու կարող ես կառուցել համակարգ: Էլի բոլոր խնդիրները չեն կորելու, էլի լինելու է սաբոտաժ, բայց գոնե ճիշտ ուղու վրա կկանգնես: Բայց երբ այդ առաջնահերթությունները քեզ թվում են տրամաբանական, բայց ժողովուրդն ասում է՝այս ի՞նչ ես անում, դա նշանակում է, որ դու կտրված ես իրականությունից: Ազգդ իրականում ուրիշ բան է ուզում, բայց դու իրեն պարտադրում ես մի բան, որը, կարծում ես՝ վերջին ճշմարտություն է»:

Դիտարկմանը՝ հատկապես, որ մի քանի տարի առաջ բոլորովին այլ բաներ էր ասում նույն մարդը, նա արձագանքեց. «Չեմ զարմանում, որովհետև նույն մարդկային կատեգորիան է, որ այսօր մի բան է ասում, վաղը կասի ուրիշ բան, որովհետև իրավիճակ է փոխվել. Սա անսկզբունքային լինելու մասին է: Սկզբունքը ապրիորի անփոփոխ բան է, դրա համար էլ սկզբունք է: Եթե այսօր մի բան ես ասում, վաղը՝ այլ, սևը դառնում է սպիտակ, և ամեն ինչ սկսում է լղոզվել, ո՞վ է քեզ հավատալու»:

Ըստ նրա՝ Արարատի պատկերը սահմանահատման կնիքից հեռացնելու կառավարության որոշումը սիմվոլիկ քայլ է. «Ես միշտ կարևորել եմ այդ սիմվոլիկ քայլերը, որովհետև դրանք խոշոր հետևանք ունեն՝ մարդկանց հոգեբանության վրա են ազդում: Հիմա բոլորը սկսել են Մասիսի պատկերներ տեղադրել իրենց էջերում՝ ի նշան բողոքի, որ՝ էս ի՞նչ եք անում, այսինքն՝ դուք չեք կարող այդ սարը վերացնել մեր գիտակցությունից: Նախ և առաջ, այն այնտեղ միշտ լինելու է, ամեն Աստծո օր Մասիսը մենք տեսնելու ենք: Ինձ համար այն կարծես ժամանակի մեքենա լինի, նայում եմ՝ տեղափոխում է լրիվ ուրիշ հարթություն: Իրականում, սա անհետևանք է մնալու, բայց մարդկանց մեջ ամրապնդելու է այդ գիտակցումը, որ կա ինչ-որ ծրագիր, որ ձեզ պարտադրում են, դուք էլ անում եք, բայց ստում եք, ասում եք՝ չեն պարտադրել: Դա խնդիր է, որովհետև վստահություն չունես կառավարության հանդեպ: Այսօր սա կանեն, վաղն էլ կասեն՝ կներես, սա քո տունը չի, գնա այստեղից, ու էլի կպարտադրեն, դու էլ կասես՝ ինքը ուժեղ է, անում եմ»:

Ռուբեն Մալայանը ծիծաղելի է համարում, որ ներկայացման ավարտից հետո Նիկոլ Փաշինյանն «իրական Հայաստանի» քարոզն էր անում. «Ինքը չի կարողանում իրեն զսպել: Ինձ համար պրոբլեմատիկ բան է, երկրի առաջնորդը չպետք է նման բաներ անի: Գոնե քեզ հարգիր այնքան, որ ներկայացման ժամանակ չանցնես քարոզարշավի: Բայց էլի չեմ զարմանում, ումից ինչ ենք սպասում: Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, երբ ասում է՝ ունեք պետություն, պետք է այդ պետությանը տեր լինեք, բայց հաջորդ հարցս կլիներ՝ բա ինչո՞ւ ես այդ պետության հողը հանձնում, եթե այդքան կարևորում ես «իրական Հայաստանը»: Թշնամին մինչև հիմա նստած է քո հողի վրա, ու դու հանձնում ես այդ հողը, ամեն անգամ մի քայլ հետ ես անում: Բա էդ ո՞նց եղավ, որ մի կողմից դա այդքան կարևոր է քո համար, բոլորին փորձում ես համոզել, որ սա առաջնային է, բայց խնդիր չկա, մի 10 քառակուսի կիլոմետր կարող եմ տալ, ի՞նչ է եղել որ: Այսինքն՝ մի բան ասում ես, ուրիշ բան անում, բայց դա նորից ոչ մի կերպ ինձ չի զարմացնում»:

«Էս ի՞նչ եք անում. չե՛ք կարող մեր գիտակցությունից Արարատը վերացնել, այն մեր աչքի առաջ է». Ռուբեն Մալայան

Նա վտանգավոր է համարում երկրում առկա անորոշությունը. «Վտանգավոր է, երբ չգիտես՝ 10 տարի հետո քեզ ինչ է սպասվելու, ո՞նց կարող է վստահ լինես վաղվա օրվա մեջ: Ես ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը միշտ չի լինելու: Ինչպես հիմա Իսրայելն ամեն կերպ փորձում է Նեթանյահուից ազատվել, որովհետև այդ մարդը չի թողնում, որ կարողանան կոնսենսուսի գալ և հասկանալ ներքին կոնֆլիկտը ինչ անել, արանքում ուղղակի կանգնած է մարդ, որը վախենում է պատասխանատվությունից, որովհետև պետք է պատիժ կրի իր արածների համար և չի գնում: Հիմա մեզ մոտ էլ է մոտավորապես նույն իրավիճակը: Բայց Իսրայելը տարածքային կորուստներ չի ունենում և չի էլ ունենա, որովհետև աշխատում են հազարավոր մարդիկ, ովքեր կարմիր գծերը լավ գիտեն: Ուղղակի ինքն է պրոբլեմատիկ: Վերջերս մտածում էի, որ իրականում ինքը (Նիկոլ Փաշինյանը) շատ կարճատես մարդ է, որովհետև եթե մտածեին այն կտրվածքով, որ իրենց հակակշիռ է պետք, այդ դեպքում իրենց ապագան կարող է այդպես դաժան չլիներ: Վերջիվերջո, կարող էր կայանալ ադեկվատ ուժ, որն այլ կերպ իրենց հետ կվարվեր, եթե չլինեին իշխանություն: Ես լինեի, այդպես կանեի: Այսինքն՝ իմանայի, որ շատ սխալներ եմ գործել, ու մի օր գալու է այն օրը, որ դուռս ծեծեն, ասեն՝ բարև ձեզ, կմտածեի՝ ո՞նց անեմ, որ այդ բարև ձեզը մեղմ լինի, ոչ թե դաժան: Արցախի կորուստը միայն բավարար է, որ… Հիմա ամեն ինչ անում են, որ որևէ ուժ չձևավորվի: Կա տոտալ վերահսկողություն և պրեսինգ բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր համարձակվում են ուրիշ միտք արտահայտել կամ քննադատել իշխանությանը: Դրանից լավ հոտ չի գալիս»:

Նա ուզում է, որ միջին վիճակագրական հայն առնվազն երկու-երեք լեզու իմանա, իմանա՝ որտեղից է եկել և ուր է գնում, իմանա, որ բան ունի տալու աշխարհին և իր անցած ճանապարհից չի ամաչում. «Եթե դու քեզ հարգում ես, քեզ բոլորը կհարգեն: Դրանից է սկսվում ամեն ինչ: Երբ ես գնում եմ Ճապոնիա և այնտեղ անում եմ գեղագրության աշխատարան, մի երկրում, որտեղ գեղագրությունն ուղղակի աստվածային արվեստ է, և ես դա անում եմ հպարտանալով, ասելով, որ՝ թեպետ դուք եք գեղագրության աստվածները, բայց ես էլ եկել եմ ձեզ հայերենի գեղեցկությունը ցույց տամ, այսինքն՝ ես այդքան ինքնավստահություն ունեմ, որ կարողանամ նստել իրենց կողքին և խոսել հայկական այբուբենի մասին, ցույց տալ հայ տառերի գեղեցկությունը, այդտեղ է երևի պատասխանը, ոչ թե անընդհատ շեշտը դնել թույլ կողմերի վրա, ասել՝ այստեղ ես պարտվել, այստեղ ես սխալվել: Լավը պետք է գերիշխի, քո նվաճումներն են կարևոր, իսկ դու այդքան բան ես տվել աշխարհին, ուրիշները կերազեին այդքան բան տային, Նարեկը ձեզ օրինակ: Վերցնենք մեր հարևաններին, որոնք չունեն իրենց այբուբենը. Մենք քաղաքակրթություն էինք ստեղծում, իսկ նրանք թալանով էին զբաղված, միշտ են զբաղվել դրանով, եկել-խլել են ուրիշներից, դրա համար էլ ժամանակ չեն ունեցել նստել իրենց համար այբուբեն մշակել: Հիմա իրենք ի՞նչ այբուբենով են գեղագրություն անելու, մի այբուբենով, որը բացարձակ իրենցը չէ»:

Ռուբեն Մալայանի խոսքով՝ երբ ազգը կոմպլեքսավորված է, պարզ է, որ մոտն ագրեսիա է առաջանալու. «Ես չեմ ուզում ընդհանրացնել, վստահ եմ, որ նույն Ադրբեջանում առնվազն խորհրդային ժամանակ կային մարդիկ, ովքեր իրենցից ինչ-որ բան էին ներկայացնում, գուցե այդ մարդիկ այսօր էլ կան, այստեղ հարցը քաղաքականության մասին է՝ ինչ քաղաքականություն ես դու վարում՝ որպես պետություն: Կարդացի, որ Ադրբեջանն էլի ավելի շատ գումար է հատկացնելու իր բանակի համար, իսկ մենք՝ ոչ: Եթե դա պետք է լինի խաղաղության իմիտացիա, ավելի լավ է չլինի, գոնե իմանանք՝ ինչ է մեզ սպասվում, բայց ինքնախաբեությամբ զբաղվելը շատ կարճատես քաղաքականություն է»:

«Էս ի՞նչ եք անում. չե՛ք կարող մեր գիտակցությունից Արարատը վերացնել, այն մեր աչքի առաջ է». Ռուբեն Մալայան

Գեղագրի խոսքով՝ մարդը պետք է լինի առաջին տեղում. «Ես ավելի շատ կարևորում եմ մարդու դերը հենց իր կյանքի մեջ: Եթե գիտությունից մարդկային ֆակտորը հանես, դառնալու է սարսափ, դառնալու է մարդ ոչնչացնող ալգորիթմ: Դա պետք է գիտակցել և կարևորել հումանիտար առարկաները»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test