Իշխանությունը մտադիր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը պետական փաստաթուղթ դարձնել: Նախագծերի e-draft կայքում հրապարակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը, որը կառավարությունը դեռ պետք է հաստատի:
«Իրական Հայաստան» բառակապակցությունը վերցրած չէ չակերտների մեջ: Ինչպես վերնագիրն է հուշում, նախ՝ նկարագրված է, թե ո՞րն է այդ իրական Հայաստանը:
«Իրական Հայաստանի քաղաքական և իրավական տարածությունը հայտարարված, հռչակված և ճանաչված է իբրև Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով պարփակված տարածություն», - նշված է հայեցակարգում։
Փաշինյանի կառավարությունում կարծում են՝ այն, ինչ ներկայացվում կամ օգտագործվում է իբրև Հայաստանի մշակութային, սոցիալական, հոգևոր և հոգեբանական նկարագիր՝ հաճախ հակասում է Իրական Հայաստանի գաղափարին կամ ենթադրում է Իրական Հայաստանի չգոյություն, չի արտահայտում իրական կյանքը Իրական Հայաստանում: Ու որոշել են ձևակերպել, ապա ինչպես գրել են, այն կապել քաղաքական և իրավական իրողություններին:
Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը ծայրից ծայր կարդացել է նախագիծը. «Ես հիշեցի Թուրքմենիայի լուսահոգի նախագահ Սափուրմուրատ Նիյազով Թուրքմենբաշիի «Ռուխնամա» գիրքը, որը ըստ էության փորձ էր դիրեկտիվների միջոցով կանոնակարգելու թուրքմեն ժողովրդի կենսակերպը, ինքնությունը: Ես տեսնում եմ մի հռչակագիր, որը դառնալու է Նիկոլ Փաշինյանի պարապ վախտի խաղալիքը»:
Հայեցակարգի նախագծում խաղաղությունը որպես իրական Հայաստանի առանցքային գաղափար է ներկայացված, հայեցակարգն էլ պետք է ուղղված լինի դրան:
Տիգրան Պասկևիչյանը հարցնում է՝ հիմա ո՞վ է իրականությունից կտրված. «Խաղաղությունից ես խոսում, դու ո՛չ ունես խաղաղության պայմանագիր, ո՛չ խաղաղությունը վերջնական հաստատվել է, ոչ մի բան չի եղել, դու էս ինչի՞ մասին ես խոսում»:
Պետք է վերջ տալ պաթոսին՝ լինի դպրոցում, թե թատրոնի բեմում, վշտին ու տառապանքին պետք է փոխարինելու գա ուրախության զգացողությունը. այս ձևակերպումներին զուգահեռ հայեցակարգը բեմական արվեստի վերաիմաստավորման հարց է դնում, ինչպես ձևակերպված է նախագծում, իրական Հայաստանի գեղագիտությունը հակադիր է պաթոսին և անբովանդակ, վերամբարձ ճոռոմաբանությանը։
«Ուրախության ու կենսասիրության հիմնական բովանդակությունը պարփակվել է կենցաղային ձևերում, այնինչ բեմի գեղագիտության մեջ գերակշռել է վշտի ու ողբերգության թեման։ Իրականում բեմական նման բովանդակությունն աջակցել է պատերազմի քաղաքականությանը, որի հետ հաշտ է վշտի ու տառապանքի թեման։ Ուրախության և կենսասիրության զգայական բովանդակությունը անխուսափելիորեն փոխկապված է խաղաղությանը», - նշված է նախագծում։
Փաշինյանի կառավարման շրջանում 44-օրյան է եղել, Արցախի վրա ադրբեջանական 23-ի հարձակումը, որին հետևեց հայաթափումը: Տիգրան Պասկևիչյանը կարծում է՝ դա մոռացության մատնելն է խնդիրը:
«Մենք շատ լավ տեսանք սեպտեմբերի 22-ի դեպքը, եղբայր, դու տանում ես այդ մարդկանց զոհում ես ու մոռացության ես տալիս ու այդ օրը քեֆ ես անում ինչ-որ: Չէ, չի լինի: Ես հասկանում եմ՝ իրենք ուզում են մեկուսացնել մտածող, դատող մարդկանց, գործ ունենալ այն ժողովրդի հետ, որը սիրում է ուտել, ուրախանալ, հարսանիքներ անել և այլն: Եթե լուրջ մտահոգություն լիներ, սա պետք էր 180 աստիճանով շուռ տալ: Սրա դեմ էր պետք պայքարել ոչ թե սա ընդունել որպես ինքնության փաստ՝ ուրախ ապրենք, չքննադատենք, չխոսենք ոչ մի բանի մասին», - ասաց Պասկևիչյանը:
Պետության ֆինանսավորած ծրագրերը, ըստ առաջարկի, պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի խրախուսմանը։ Եթե հայեցակարգը հաստատվի, պետական միջոցները կուղղվեն նաև հարևանների հետ համատեղ նախագծերին:
Ստեղծագործող մարդու համար կողքից միջոցներ գտնելը շատ դժվար է, իսկ պետական ֆինանսավորումը, ապագան արդեն տեսնում է գրող Պասկևիչյանը, կդառնա ըստ այս հայեցակարգի չափանիշների. «Մի հատ ձևական ժյուրի կսարքեն ու կասեն՝ «դե ոնց շեֆը գրել է, հլը նայենք համապատասխանո՞ւմ է, հա, էս մեկը համապատասխանում է, գնացեք բեմադրեք, էս մեկը չի համապատասխանում»: Սովետական վիճակն է»:
Հայեցակարգը մշակվել է երկրորդ տարին շարունակվող՝ պատմականից՝ իրական Հայաստան անցման մասին Նիկոլ Փաշինյանի թեզերի ֆոնին: Նախագծում իշխանության կողմից «վտանգավոր մեսիջ» համարվող Արարատին ուղիղ անդրադարձ չկա, բայց որպես լավ օրինակ Արագածին հայացքն ուղղելն է բերվել. «Արագածը Հայաստանի Հանրապետությունում է, Արարատը Հայաստանի Հանրապետությունում չէ, եթե խոսքը լեռան մասին է, որովհետև քաղաքը Հայաստանի Հանրապետությունում է»:
Նախագիծը դեռ 11 օր էլ e-draft հարթակում կքննարկվի: Այս պահին ավելի շատ դրան կողմ են, քան՝ դեմ: Արդյոք կլսե՞ն դերասանների, գրողների, արվեստագետների, ուսուցիչների՝ կոնկրետ մարդկանց, ում անմիջականորեն վերաբերվելու է հայեցակարգը: Կրթության նախարարի խոսնակը միայն փոխանցեց՝ ամսվա վերջին նախարարին կից հասարակական խորհրդում կքննարկվի: Ընդունման ժամկետների վերաբերյալ դեռ հստակություն չկա:
E-draft-ում առաջարկների հնարավորություն կա, մինչ օրս ընդամենը 10-ն է ստացվել՝ հիմնականում ոչ թե բովանդակային, այլ ոճական-խմբագրական:
Սոցցանցերում, սակայն, թեման ավելի ակտիվ է քննարկվում. ազգագրագետ Աղասի Թադևոսյանին նախագծից մեջբերված մի կտոր «բոլշևիկյան դեկրետներն» էր հիշեցրել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test