«Ոչ։ Ձեր կարծիքը սխալ է, իմ ժողովուրդը տուալետի թղթի կարիք էլ ունենա, իրենց կողքը կանգնած եմ։ Եթե պետք է «Տաշիրը» կամ որեւիցե մեկ այլ կազմակերպություն բերի պայուսակ տա ու դրա կարիքը կա, միանշանակ, ես չեմ թողնի տա, ես կտամ։ Ես ինչի՞ համար եմ եկել համայնքի ղեկավար, իմ ժողովուրդը ինչի՞ է ինձ բերել, որ իր կարիքները հոգամ, չէ՞։ Ես չեմ թողնելու, որ կողքից գա՝ դաշնակը, հնչակը, մյուսը, մյուսը, որ իրենց քաղաքական դիվիդենտների համար, իբրեւ թե մաստարեցու հոգսն են հոգում»,- Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի արձագանքն է Aravot.am-ի հարցին։
Խնդիրն այն է, որ այս ուսումնական տարվա ավարտին եւ նոր ուսումնական տարվա մեկնարկին դպրոցական պայուսակները՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով, համայնքի Մաստարա վարչական շրջանում վեճի առարկա էին դարձել։ «Տաշիր» բարեգործական հիմնադրամին արգելվել էր այդ բնակավայրում դպրոցական պայուսակներ նվիրել աշակերտներին՝ պատճառաբանելով, որ համայնքն իր միջոցներից այդ նպատակին գումարներ հատկացնում է եւ առաջին դասարանցիներն ապահովվում են դպրոցական պայուսակներով։
«Թալինի տարածքում ինչքան մանկապարտեզ ավարտողներ կան, որոնք որ դպրոց են գնալու, բոլորին էլ տրվել են դպրոցական պայուսակներ։ Հանուն անկեղծության, «Տաշիր» ընկերությունը, որ փորձեց մտնել Թալին բաժանել, ՀՀ շատ գյուղերում բաժանելուց հետո, ինձ ինֆորմացիա եկավ, որ մեր բաժանումից ամիսներ անց, էդ մարդկանցից էլ են վերցրել։ Ես մարդիկ ուղարկեցի Մաստարայում, ասեցի՝ հարազատներ ջան, դուք ինչի՞ խնդիր ունեք, բայց առաջին դասարանը չէ, մյուսները՝ 2-3-4։ Մարդիկ ասեցին՝ տալիս են՝ վերցնում ենք։ Ճիշտն ասած, ես ամբողջ դպրոցին նորից ուղարկեցի պայուսակներ, որ «Տաշիրը» չփորձի Թալինում քաղաքական որեւիցե մի դիվիդենտ շահի»,- կատարվածի մասին նման տեսակետ արտահայտեց Տավրոս Սափեյանը։
Նա անհամաձայնություն էր արտահայտել Aravot.am-ի դիտարկման հետ, որ ընտրապայքար է մտել, քաղաքական հակառակորդներին էլ սահմանափակում է՝ օգտագործելով իր իշխանությունը։ Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերության սեփականատեր, տեւական ժամանակ կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի մտերիմները հայտարարել էին քաղաքական հայտ ներկայացնելու մասին։ Հետաքրքրվեցինք՝ եթե անհատ բարերարներ լինեն, ոչբարեգործական հիմնադրամներ, դարձյալ արգելելո՞ւ է բարեգործություն անել։
«Դուք ինձնից լավ գիտեք՝ կա՞ այսօր առանց քաղաքական նկատառումների բարերար, չկա, ցավոք, չկա հայ ազգի մեջ»,- եղավ պատասխանը։
Դիտարկմանը՝ հետեւաբար, դուք էլ եք քաղաքական նկատառումներով անում՝ ինչ անում եք, Տավրոս Սափեյանը հակադարձեց՝ բացատրելով․ «Ոչ, եթե ես համայնքի ղեկավար չլինեի, հարուստ մարդ լինեի ու ձայնի համար Մաստարայում պայուսակ բաժանեի, քաղաքական կլիներ։ Բայց ես համայնքի ղեկավար եմ ու տեսնում եմ՝ կարիքը կա, միանշանակ լուծելու ենք այդ կարիքը, չեմ թողնելու, որ քաղաքական նկատառումների համար անեն»։
Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչո՞ւ են միայն Մաստարայում նման ուշադրության արժանացրել դպրոցականներին։ Օրինակ, Կաթնաղբյուր, Իրինդ բնակավայրերում, որտեղ համապատասխանաբար 11 եւ 7 առաջին դասարանցիներ են եղել, չի տրվել պայուսակներ։ Ինչո՞ւ է ընտրողական վերաբերմունք դրսեւորվել։
«Չկա նման բան։ Որտեղ որ առաջին դասարան գնացող է եղել, բոլորին տրվել է, ընտրողական վերաբերմունք մեր համայնքում չկա։ Համայնքում ներկա պահին 3 միլիարդ 800 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում՝ ջրագծեր, կոյուղագծեր, ճանապարհների վերանորոգում եւ այլն։ Ամենափոքր գյուղը, որի եկամուտները 10 միլիոն դրամ են կազմում, 200-300 միլիոն դրամի գործ է արվում»,- պնդեց Տավրոս Սափեյանը։
Մաստարա վարչական շրջանի ղեկավար Արտակ Մնացականյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքների խոշորացումից ի վեր, ամեն տարի, մանկապարտեզի ավարտական հանդեսի օրը շրջանավարտներին դպրոցական պայուսակներ են նվիրում, այս տարի նաեւ դպրոցական այլ պարագաներ են տվել։
Տարին նախընտրական է դրա՞ համար՝ հարցին պատասխանեց․ «Ոչ դա կապ չունի։ Մեր համայնքի ղեկավարն իր ամբողջ թիմով՝ հենց ընտրվելու պահից սկսել են աշխատել այնպես, ինչպես հիմա։ Չկա մի խնդիր, որը անտեսեն, անգամ ամենամանր»։
Ինչ վերաբերվում է «Տաշիր» ընկերությանը բարեգործության արգելքին էլ, Արտակ Մնացականյանը, ըստ էության հերքեց Տավրոս Սափեյանի խոստովանությունը՝ ասելով․ «Լսել ենք նման բան, ինչ-որ պայուսակներ են բաժանել․․․ այսքան տարի ոչ մի բան․․․ «Տաշիր» գրուպը մեր գյուղում ինչ-որ մեկն ինչ որ բան արե՞լ է․ ես չեմ լսել ու չեմ տեսել էդպիսի բան։ Փակագծեր չբացեմ, բոլորիս համար էլ ամեն ինչ պարզ է։
Նման բան չի եղել՝ չթողնելու հետ կապված, ուղղակի ես, որպես վարչական շրջանի ղեկավար, դեմ չեմ, եթե ինչ-որ մեկն օգնություն է ուզում տրամադրել՝ ի սրտե ու առանց հետին մտքերի, բայց կարելի է չէ՞, էդ օգնությունը համայնքի հետ կազմակերպել։ Մեզ չեն դիմել, նման բան չի եղել, ես պատահական եմ լսել, զանգահարել են ինձ ու ասել են՝ ի՞նչ եք բաժանում, ինձ էլ կտա՞ք, հետո ծնողներն իմացել են, թե ինչի՞ մասին է խոսքը ու հրաժարվել են վերցնել»։
Զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test