Սեպտեմբերի 3-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Քննիչ հանձնաժողովի զեկույցը փոխանցել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի հոդված 25-ը սահմանում է, որ «զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում»:
Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ 2020թ. 44-օրյա պատերազմին առնչվող զեկույցը կներկայացվի սեպտեմբերի 27-ին հաջորդող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը: Իսկ ԱԺ հաջորդ նիստը սեպտեմբերի 30-ին է:
Արդյո՞ք այդ օրը կներկայացվի զեկույցը, արդյոք նախատեսվա՞ծ է զեկույցի բաց, հանրային հատված՝ 168.am-ի հարցերին ի պատասխան, ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանն ասաց.
«Օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է այս թեմային: Ասվածն ուժի մեջ է, ավելացնելու նոր բան չկա: Իսկ ԱԺ նախագահն ասել էր, որ ուսումնասիրում է տեխնիկական գործընթացները, իրավական առումով փորձում է հասկանալ՝ բաց հատված լինել-չլինելու հետ կապված հարցերն ինչպես պիտի կարգավորվեն: Այսինքն, իրավական և տեխնիկական խնդիրներ կան, ոչ թե բուն փաստաթղթի հետ կապված, այլ ձեր ասած գործընթացը կազմակերպելու: Սրանով չենք հերքում սեպտեմբերի 30-ին զեկույցի ներկայացման փաստը: Բայց, եթե նոր և հստակ բան լինի այս մասով, կտեղեկացնենք»:
Հավելենք, որ 2024 թվականի հոկտեմբերին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ «զեկույցի բաց կամ փակ լինելը կորոշվի միայն գերատեսչությունների կողմից համապատասխան կարծիք ստանալուց հետո»:
Սակայն զեկույցը համապատասխան գերատեսչություններին չի ուղարկվել։
Մինչ այդ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այլ կարևոր հարցի վրա:
Որքանո՞վ Քննիչ հանձնաժողովի զեկույցը կարող է օբյեկտիվ լինել, երբ 44-օրյա պատերազմի ժամանակ առանցքային պաշտոններ զբաղեցրած անձինք չեն հրավիրվել հարցաքննության՝ պատերազմի ժամանակ Արցախի ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյան, պատերազմի առաջին հատվածում ՀՀ ԱԱԾ տնօրեն եղած Արգիշտի Քյարամյան, որը շարունակել է մնալ Արցախում, երբ արդեն ԱԱԾ ղեկավար չէր՝ լինելով նաև Շուշիում, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյան, ով պաշտոնը ստանձնել է կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից մեկ օր առաջ՝ 2020 թվականի նոյեմբերի 8-ին, 44-օրյայի ժամանակ ՊԲ-ն ղեկավարած Ջալալ Հարությունյանը և Միքայել Արզումանյանը ևս չեն հարցաքննվել::
Շատ կարևոր փաստ է նաև այն, որ Քննիչ հանձնաժողովում ընդգրկված են եղել փորձագետներ, որոնք, ըստ էության, շահագրգիռ կողմ են հանդիսանում, այս դեպքում՝ 44-օրյայի ժամանակ Նիկոլ Փաշինյանի «դաբրոյով» ՀՀ ՊՆ ներկայացուցիչ ընտրված Արծրուն Հովհաննիսյանը։ Նշենք, որ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսնակը Շուշան Ստեփանյանն էր, այլ հարց է՝ որքանով էր նա պրոֆեսիոնալ աշխատում, բայց փաստ է՝ տեղեկատվական-քարոզչական հիմնական մասն ապահովում էր Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի հովանավորությունը վայելող Արծրուն Հովհաննիսյանը, ստեղծում համապատասխան մթնոլորտ, ընդ որում, նրա կողմից փոխանցված որոշ տեղեկություններ, ինչպես հետագայում պարզվեց, իրականության հետ խնդիր ունեին:
Մյուս շահագրգիռ կողմ հանդիսացող անձը Քննիչ հանձնաժողովում փորձագետ աշխատած ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ, գնդապետ Վահան Ավետիսյանն է, որն անցնում էր 42 միլիոնի զենքի հայտնի գործով՝ «մետաղաջարդոնների»:
Մենք գրել ենք, որ Ավետիսյանն այս գործով այլևս մեղադրյալ չէ, սակայն, ինչպես ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնել էին՝ «հաշվի առնելով քրեական վարույթի նախաքննության բարդությունը և մեծածավալ լինելու հանգամանքը՝ նախաքննությունը դեռևս շարունակվում է»:
Այսինքն, գործը փակված չէ, որը վերաբերում էր նախկինների իշխանության ժամանակահատվածին՝ 2017 թվականին:
Հիշեցնենք, որ գործը հարուցել էր ԱԱԾ-ն, և ժամանակին կալանավորվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, ընդ որում, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից առաջ, իսկ մի քանի ամիս հետո՝ 2020թ. հուլիսին, ազատ էր արձակվել:
2020թ. մարտի 11-ին՝ Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է: 42 մլն դոլար են տվել, ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա՝ սրա պատասխանը տա…»։
Նշենք, որ 2020թ. մարտին՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի վերը նշված հայտարարության, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «Ազատությանն» ասել էին, որ 42 միլիոն դոլարի զենքի գործով մինչև այդ պահը Սերժ Սարգսյանին իրավապահները չեն դիմել։ Իսկ գնդապետ Ավետիսյանը նախքան 44-օրյային առնչվող Քննիչ հանձնաժողովում լինելը, հասցրել էր «ծառայություն մատուցել» նաև Ապրիլյան հանձնաժողովում:
44-օրյային վերաբերող զեկույցը կարող է սուբյեկտիվ լինել, որովհետև այնտեղ, բնականաբար, անդրադարձ է լինելու ՌԷՊ միջոցների արդյունավետ լինել-չլինելու խնդրին, և եթե անգամ 2020 թվականի պատերազմի ժամանակ Վահան Ավետիսյանը պաշտոն չի զբաղեցրել զինված ուժերում, բայց նա ղեկավար պաշտոն է զբաղեցրել համապատասխան ոլորտում, և այդ տարիները չի կարող անտեսվել:
Հիմա եթե հայկական կողմի ՌԷՊ միջոցներն արդյունավետ են աշխատել պատերազմի ժամանակ, ինչի մասին մի առիթով խոսել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ուրեմն՝ ժամանակին մետաղաջարդոն չի գնվել, և Նիկոլ Փաշինյանը ստում էր, իսկ Ավետիսյանն էլ իր ոլորտի արդյունավետության վրա է շեշտը դնելու: Իսկ եթե, ամեն դեպքում, եղել են ինչ-ինչ խնդիրներ ՌԷՊ միջոցների հետ կապված, ապա Վահան Ավետիսյանը դա կարող էր փորձել քողարկել:
Մեկ այլ հանգամանք ևս. 44-օրյայի ժամանակ ավիացիայի հարցերով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ է եղել Ստեփան Գալստյանը, ով անցնում է «անպիտան հրթիռների» գործով, իսկ Վահան Ավետիսյանը նրա հետ խնդիրներ է ունեցել ժամանակին: Մասնավորապես, 2020 թվականի ապրիլին այդ ժամանակ դեռ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող գնդապետ Վահան Ավետիսյանը բաց նամակ էր ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ «ԳՇ պետ Արտակ Դավթյանի և նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից հետապնդումների է ենթարկվում»:
«2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո համարձակություն եմ ունեցել մասնագիտական հիմնավորված կարծիք հայտնելու և կասկածի տակ դնելու Սու-30 ինքնաթիռների ձեռքբերման նպատակահարմարությունը ՀՀ ԶՈւ-ի համար։
Դրանից անմիջապես հետո ենթարկվել եմ հետապնդումների ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի և նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից, ինչն արտահայտվել է 2018 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իմ գործունեության անդադար ու բազմակողմանի ստուգումներով ու փորձարկումներով, որի արդյունքում չի բացահայտվել գեթ մեկ էական թերություն կամ խախտում, որի հիման վրա հնարավոր կլիներ ինձ վարկաբեկել ու ինձանից ձերբազատվել: Դրան հետևեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի անօրինական ցուցումը ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահին, ում կողմից պատրաստված կեղծ նյութերի հիման վրա 2019 թվականի հունվարի 14-ին մեկ օրվա ընթացքում ՊՆ նախարարն անօրինական կերպով ինձ զորացրեց զինված ուժերից՝ «առողջական վիճակից ելնելով» ձևակերպմամբ»:
Զինված ուժերից զորացրվելուց հետո ԱԺ Պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հրավերով 2019 թվականի մայիսին ընդունվել եմ աշխատանքի նշված հանձնաժողովում որպես համակարգող փորձագետ։ Հանձնաժողովի անդամ պատգամավորների քվեարկությամբ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում միաձայն ընտրվել եմ որպես ռազմական փորձագետ և անցել գործի։ Հայտնում եմ, որ հիշյալ հանձնաժողովում միակ ռազմական փորձագետն եմ, և իմ գործունեության արդյունավետությամբ էր մեծապես պայմանավորված հիշյալ հանձնաժողովի աշխատանքների դրական ելքը:
Դրանից անմիջապես հետո ԶՈւ ղեկավարությունը պարբերաբար փորձեր է արել անօրինական ձևով ամեն կերպ խոչընդոտելու իմ գործունեությունը Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում՝ դրանով նպատակ հետապնդելով թույլ չտալ, որ ինձ հասու լինեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, կարողանամ լիարժեք ուսումնասիրել Քառօրյայի նյութերը և բացահայտեմ այն բազմաթիվ հանցավոր կեղծիքներն ու բացթողումները, որոնք իրականացրել են նշված գեներալները, ու որոնց արդյունքում մենք ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք»,- 2020 թվականի ապրիլի 3-ին,մասնավորապես, իր նամակում գրել էր Ավետիսյանը:
168.am-ի աղբյուրները չեն բացառում, որ Վահան Ավետիսյանը 44-օրյային առնչվող հանձնաժողովում ռազմական նախկին ղեկավարության հարցաքննությունների ժամանակ և դրանից դուրս, կարող էր սլաքն ուղղել ավիացիային, ոլորտի պատասխանատուներին:
Ի դեպ, Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին Անդրանիկ Քոչարյանը հարց էր ուղղել ՌԷՊ ստորաբաժանումների և միջոցների հետ կապված, որ դրանք լուծարվել են և ապամոնտաժվել:
Ի պատասխան՝ Տոնոյանը մատնացույց է արել իր հարցաքննությանը ներկա այդ հարցի հեղինակին՝ «կարծում եմ՝ պարոն Ավետիսյանին լսելու անհրաժեշտություն կա», այնուհետև հավելել է, որ անգամ նորագույն միջոցներն են պատերազմի ժամանակ խնդիրներ ունեցել: Հնարավոր է՝ Ավետիսյան-Տոնոյան հարցուպատասխան եղած լինի հարցաքննության փակ հատվածում:
Հավելենք, որ Քննիչ հանձնաժողովում, այսպես ասած, փորձագիտական ծառայություն է մատուցել նաև ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը:
Վերադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նշենք, որ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե Հայաստան-Ռուսաստան միացյալ ՀՕՊ համակարգը գործե՞լ է 44-օրյայի ժամանակ, Ալեն Սիմոնյանն ասել է, որ տեղեկություն չունի:
Իսկ 2024 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ակնարկել էր՝ «դեպք է եղել, որ օրենքով սահմանված է, որ մեր հրամանով պետք է համատեղ ՀՕՊ-ը միանա, բայց մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել»:
168.am-ն այդ հայտարարությունից հետո փորձել էր ՀՀ պաշտպանության նախարարությունից գրավոր պարզաբանում ստանալ, բայց գերատեսչությունից պատասխանել էին, որ հարցը գաղտնիության տարրեր է պարունակում:
Այսինքն, Փաշինյանը խախտել է գաղտնիության սկզբունքը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test