Սյունիքի մարզում վերջին շրջանում ադրբեջանական դիրքերից կրակոցներ չեն հնչում, բայց սա սյունեցիներին չի հուսադրում, ավելին՝ նրանք այս ամենը նախ՝ տարօրինակ, ապա՝ վտանգավոր են համարում, որովհետև չգիտեն՝ հաջորդիվ ինչ կարող է լինել։
Բարձրավան գյուղի նախկին վարչական ղեկավար Օնիկ Ավագյանի խոսքով՝ վերջին շրջանում Բարձավանի, Շուռնուխի հատվածում հանգիստ է, բայց երաշխիք չկա, որ, օրինակ, մեկ շաբաթ հետո իրավիճակը չի լարվի։
«Մեր տարածքով ինչ-որ ճանապարհ, ուղի են տալիս Ադրբեջանին, գուցե սա է պատճառը, որ դեռ թշնամին չի կրակում։ Ասել եմ ու հիմա էլ եմ ասում՝ այս ուղին մեզ որևէ բան չի տալու, բացի տանելուց։ Ժողովուրդն էլ է լավ հասկանում, որ սրա հետ կապված՝ իշխանությունները միայն լավ խոսքեր են կախում մեր ականջներից, այդ ամենի տակ թաքնված են Սյունիքի հանձնման առաջին քայլերը։ Սա մեզ որևէ լավ բանի չի բերելու»,- 168.am-ի հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց Օնիկ Ավագյանը։
Նա վստահ է՝ ՀՀ իշխանությունն Ադրբեջանին Սյունիքով ճանապարհ էլ տա, սահմանազատում էլ անի, միևնույն է՝ ադրբեջանական կողմն իր զորքը ՀՀ օկուպացված տարածքներից դուրս չի բերելու։
«Այս զորքի այստեղ գտնվելը մեծ սպառնալիք է մեզ համար, ես չեմ հավատում, որ իրենք այստեղից հետ կգնան։ Իշխանությունը ճանապարհ է տալիս Ադրբեջանին, բայց մինչև հիմա Կապան-Գորիս ճանապարհն Ադրբեջանի հսկողության տակ է, մենք ինչպե՞ս հավատանք այս ամենին։ Լավ, եթե իշխանությունն ասում է, որ Գորիս-Կապանն Ադրբեջանի տարածքն է, դե թող Ադրբեջանը գնա այս տարածքով իր համար ճանապարհ բացի, բայց գիտենք, որ չի բացելու»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նրա բնորոշմամբ՝ օրվա իշխանությունն ամեն ինչ անում է՝ երկիրն ու հայի ինքնությունը ոչնչացնելու համար։ Օնիկ Ավագյանը որպես օրինակ նշեց նոյեմբերի 1-ից պետական սահմանի հատման կնիքից Արարատ լեռան պատկերը հանելու իշխանությունների որոշումը՝ շեշտելով, որ դա հայի ինքնության, խորհրդանիշների ոչնչացման վառ ապացույց է։
«Այս իշխանությունը լավ կանի լռի, միշտ լռի, որևէ բառ չասի, իրենց փոխարեն կխոսեն մեր խաչքարերը, հուշարձանները, կենդանի պատմություն ունենք, իրենց փոխարեն կխոսեն։ Հիմա ում երեխայի անունն Արարատ լինի, պետք է փոխե՞ն, Արարատ քաղաքի անունն ի՞նչ են անելու, Արարատի դաշտավայրի անունը գուցե «Թուրա՞ն» են դնելու։
Ինքս այս իշխանությունների արարքներին՝ սկսած 2020 թվականի նոյեմբերից, բնորոշում չեմ կարողանում տալ, երևի իրենք էլ իրենց քայլերը չկարողանան բնորոշել»,- շեշտեց Օնիկ Ավագյանը։
Նա ցավով է հետևում, թե ինչպես են ՀՀ իշխանությունները սրբագրում հայոց պատմությունը, ուրանում Արցախը։
«Կարծում եմ՝ խելքը կորցրած մարդ պետք է լինի, որ ասի, թե Արցախը հայկական հող չէ։ 5000 տարուց ավելի այնտեղ ապրել են բնիկ հայեր, հետո գան այս մարդկանց այնտեղից բռնի տեղահանեն ու ասեն՝ սա ձերը չէ՞, այստեղ որևէ տրամաբանություն չկա։ Միակ տրամաբանությունն այն է, որ այս իշխանությունը վարում է հանձնվողական, պարտվողական քաղաքականություն ու շարունակաբար ուզում է ամեն ինչ հանձնել, որ վերջում պետություն չլինի, իրենք էլ դատից ու դատաստանից ազատված լինեն։
2020 թվականից հետո Արցախից բռնի տեղահանված 3-4 ընտանիք հաստատվել են մեր գյուղում, այս մարդկանց իշխանությունը կարո՞ղ է որևէ պատասխան տալ՝ ինչո՞ւ այսպես եղավ։ Այս մարդիկ հիմնականում աշխատում են չգնալ սահմանամերձ գյուղեր, որովհետև մարդիկ իրենց աչքի տեսածից վախենում են»,- հավելեց Օնիկ Ավագյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ այս պահին Հայաստանում ամենակարևոր ու առաջնային քայլը, որը ժողովուրդը պետք է անի՝ ներկայիս իշխանություններից ազատվելն է։
«Երբ այս իշխանությունից ազատվեն, աստիճանաբար բոլոր հարցերը կլուծեն՝ անվտանգային, բանակի հարցերը, սոցիալական խնդիրները։ Այս իշխանությունից ազատվելու պարագայում կարող ենք միայն հասնել մեր ազգային նպատակների իրականացմանը»,- ընդգծեց Օնիկ Ավագյանը։
Զվարթ Խաչատրյան
Օնիկ Ավագյան, Արցախից բռնի տեղահանված, Սյունիք, ճանապարհի տրամադրում, Գորիս-Կապան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test