Այն, որ ցանկացած ստուգատես, այդ թվում՝ մշակութային, զերծ չէ քաղաքականությունից կամ ավելի շուտ բոլոր նման միջոցառումները, փառատոնները հնարավորինս քաղաքականացվել են, վաղուց գաղտնիք չէ: Նույնը` «Եվրատեսիլի» դեպքում, նույնը՝ «Եվրատեսիլ»-ի ռուսական անալոգի՝ «Ինտերտեսիլի» պարագայում:
Նախ, ի՞նչ է իրենց ներկայացնում «Ինտերտեսիլը». այն միջազգային էստրադային երգի մրցույթ է, որը կազմակերպել է Ռադիոհեռարձակման եւ հեռուստատեսության միջազգային կազմակերպությունը (OIRT): 1961 թվականին նախատիպը դարձավ լեհական Սոպոտ քաղաքում կայացած միջազգային երգի փառատոնը, որտեղ ելույթ ունենալը հեղինակավոր էր Արեւելյան բլոկի բոլոր երկրների համար: ԽՍՀՄ-ն առաջին անգամ Սոպոտում մրցույթին մասնակցեց 1963 թվականին: Մրցույթը հետագայում չի անցկացվել, բայց չի մոռացվել եւ միջազգային երգի փառատոնի վերածննդի գաղափարը բազմիցս բարձրաձայնվել է:
Այն փաստը, որ «Ինտերտեսիլը» սկսել են նորից կազմակերպել, հայտարարվեց 2023 թվականի նոյեմբերին Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովի ժամանակ: Հայտնեցին, որ նոր մրցույթին առաջին հերթին պետք է մասնակցեն ԲՐԻԿՍ–ի երկրները:
Ռուսաստանն ուրախ կլիներ հայ կատարողների տեսնել «Ինտերտեսիլում». Երեւանը տեղյակ էր մրցույթի անցկացման մասին, երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով, Հայաստանը դեռեւս չի հաստատել իր մասնակցությունը «Ինտերտեսիլին», իսկ Ադրբեջանը հրաժարվել է նախնական հայտից։ Մրցույթին ավելի քան 20 երկիր կմասնակցի։ «Մեր հայ բարեկամները քաջատեղյակ էին մրցույթի մասին, եւ այն հարցը, թե ինչու մասնակիցների մեջ հայկական մշակույթի ներկայացուցիչներ չկան, մեզ չէ, որ պետք է տաք։ Մենք ուրախ կլինեինք տեսնել բոլորին, այդ թվում նաեւ մեր հայ բարեկամներին», – հայտարարել է Լավրովը։ ՌԴ գլխավոր դիվանագետն ասել է՝ Ռուսաստանն ակնկալում է, որ «Ինտերտեսիլ» մրցույթը կդառնա ամենամյա, եւ շուտով կհայտարարվի, թե որ երկիրն է այն հյուրընկալելու հաջորդ տարի։
«Այս նախագծի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, երկրների թիվը 23 է` Ռուսաստանի հետ միասին, բայց հավանաբար կային նաեւ այլ ցանկացողներ։ Մենք որեւէ մեկին չենք սահմանափակել։ Ուրախ ենք, որ բոլոր մայրցամաքները ներկայացված կլինեն։ Դե, բացի Ավստրալիայից։ Եվ հետաքրքրություն կա, մի քանի գործընկերներ արդեն ցանկություն են հայտնել հաջորդ տարի եւ երկու տարի հետո հյուրընկալել նման մրցույթը։ Այնպես որ, հույս ունեմ, որ մրցույթն ամենամյա կդարձնենք։ Համենայն դեպս, հետաքրքրություն կա դրա վերաբերյալ», – լրագրողներին ասել է Լավրովը։
Ավելի վաղ երգչուհի, երգահան, «Ну-ка, все вместе!» շոուի հաղթող Լուսինե Հարությունովան ասել էր, որ կցանկանար ներկայացնել Հայաստանը «Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթում։ Բաքվի դեպքում մրցույթին մասնակցելուց հրաժարվելը միանգամայն սպասելի էր եւ տեղավորվում է Մոսկվայի հետ վերջին շրջանում վատթարացող հարաբերությունների ֆոնին: Հայաստանի մասով, իրավիճակը, ճիշտ է, այդքան լուրջ չէ, բայց օրվա իշխանությունների հակառուսական քաղաքական ուղեգիծը նույնպես հավանական է դարձնում դեռեւս չհրապարակված որոշման քաղաքական մոտիվները: Ի դեպ, երաժշտական մրցույթի շուրջ քաղաքական ինտրիգն այնքան արդիական է դարձել, որ հարցին անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ եւ «Ինտերտեսիլ» մրցույթի վերահսկիչ խորհրդի նախագահ Սերգեյ Կիրիենկոն: Նա հայտարարել է, որ որոշ կատարողներ ցանկանում էին մասնակցել մրցույթին, բայց նրանց ցանկությունը չէր համընկնում իրենց երկրների ղեկավարության դիրքորոշման հետ։ «Բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին, բոլորին հնարավորություն տրվեց [մասնակցել «Ինտերտեսիլին»։ Ի՞նչը կարող էր խանգարել նրանց, ովքեր առաջին անգամ չէին մասնակցում։ Անկեղծ ասած, որոշները, իհարկե, քաղաքական սահմանափակումներ ունեին, մենք դա արդեն գիտենք՝ կային մի շարք կատարողներ, որոնք իսկապես ցանկանում էին գալ, բայց նրանց ցանկությունը լիովին չէր համընկնում համապատասխան երկրների ղեկավարության կարծիքի հետ։ Թող դա նրանց խղճին լինի, երաժշտությունը սահմաններ չունի», - ասել է Կիրիենկոն, թերեւս ակնարկելով նաեւ Հայաստանը։ Նա նաեւ նշել է, որ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաեւ Համաշխարհային երիտասարդական փառատոնի նախապատրաստման ժամանակ, որն, ի վերջո, միավորել է 190 երկրների ներկայացուցիչների։ «Նրանք չկարողացան [մասնակիցներին] զսպել, եւ այստեղ էլ չեն զսպի։ Եկեք ամեն ինչ անենք, որպեսզի ամեն ինչ այնքան լավ անցնի, որ հաջորդին ավելի շատ մասնակիցներ գրանցվեն», - ընդգծել է Պուտինի երկարամյա զինակիցը։
Առայժմ հստակ չէ, թե վերջնական ինչ որոշում կկայացնի Հայաստանը եւ մեր հայրենակիցներից ո՞վ կներկայանա «Ինտերտեսիլին», բայց որ մշակութային իրադարձությունը քաղաքական հնչեղություն է ստացել, ակնհայտ է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test