Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft-ում, սեպտեմբերի 12-28-ը հանրային քննարկման է դրվել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին նախագիծը, որի հակիրճ բնութագրում նշված է․ «Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ»։
Սահմանադրագետ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը, 168․am-ի հետ զրույցում այս նախագծի բովանդակությանն անդրադառնալուց զատ՝ շեշտադրումներ կատարեց իրավական կողմի վրա՝ վեր հանելով խնդրահարույց հանգամանքներ։
«Հղում է կատարված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի 2-րդ կետին և կառավարության իրավազորություններին, ինչը ենթադրում է, որ այս հայեցակարգը պետք է վերաբերի Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականության կազմակերպմանը, պահպանմանը, զարգացմանը, տարածմանը՝ ռազմավարական ծրագրի տեսքով։ Բայց երբ բովանդակային անդրադարձ ենք կատարում, սա ընդհանրապես ամբողջ հանրապետության տնտեսական, իրավական, քաղաքական մի շարք բնագավառներին առնչվող տեսական, ռազմավարական, հայեցակարգային մոտեցումներ, դրույթներ պարունակող փաստաթուղթ է։
Այն անընդունելի ձևակերպումներով նախագիծ է, և ակնհայտ է, որ իշխող ուժը նորից մանիպուլատիվ կերպով փորձում է գաղափարներին, մտքերին միս ու արյուն տալ իրավական ակտի տեսքով։ Այսինքն՝ առաջին քայլով իրենք կունենան այս հայեցակարգը, այնուհետև՝ դրա հիման վրա օրակարգը կդարձնեն տարբեր օրենքներում փոփոխությունների կատարումը»,- մանրամասնեց Գոհար Մելոյանը։
Սահմանադրագետն այս համատեքստում հիշեցրեց նաև Սահմանադրության 86-րդ հոդվածը, որը հստակ սահմանում է պետության քաղաքականության հիմնական նպատակները․ ըստ նրա՝ այս հայեցակարգը շրջանցում է նաև Սահմանադրությունը։
«Բավականին ծավալուն, պաթոսային խոսում են իրենց պատկերացրած «իրական Հայաստան»-ի ամրագրման անհրաժեշտության մասին՝ անդրադառնալով տարբեր բնագավառների,- հայեցակարգի մասին իր դիտարկումներում նշեց Գոհար Մելոյանը, ապա անդրադառնալով այնտեղ ներառված՝ «պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը» դրույթին՝ շեշտեց,- Մեր տարածաշրջանում ունենք 2 փակ սահման, ու ինչքան էլ քարոզվում է «խաղաղությունը», սահմանները փակ են, իսկ Ադրբեջանն այսօրվա դրությամբ իր ռազմական բյուջեն է ընդլայնում։ Ալիևը հենց Արցախում խոսում էր մեր նկատմամբ նոր ռազմական գործողությունների ու թշնամության մասին։ Իրենց մոտ մանկապարտեզի մակարդակով ատելություն է քարոզվում, ու դրան զուգահեռ՝ այսպիսի նոր փաստաթուղթ են մեզ հրամցնում իշխանությունները։ Սա ոչ այլ ինչ է, քան մեր ազգի ողնաշարի կոտրում, մեր ազգի ինքնապաշտպանողական ռեակցիայի և բնազդի ոչնչացում»։
Իրավապաշտպանը զարմանքով է արձանագրում, որ այսօր խաղաղության մասին են խոսում խաղաղ կողմի հետ՝ մինչդեռ խաղաղությունը միակողմանի չի լինում, և համակեցության միջավայր ձևավորելն էլ ենթադրում է բազմակողմանի ջանք։
«Ադրբեջանի կողմից այդպիսի ուղերձներ չենք ստանում, այլ, ի հեճուկս այս դրույթների, լրիվ այլ պատկերը»,- հավելեց նա։
Մի քանի այլ դրույթների անդրադառնալով՝ Գոհար Մելոյանն ուշադրություն հրավիրեց այլ մանիպուլյատիվ ձևակերպումների վրա ևս։
«Օրինակ, ասում է՝ իրական Հայաստանի գեղագիտության կարևորագույն խնդիրը սկսում է օրհներգից, որը դրսևորում է օրհներգի հանրային կատարման ամոթով։ Օրինակ, սա ի՞նչ ձևակերպում է։ Ես ու ինձ շրջապատող մարդիկ ընդհանրապես երբևիցե մեր օրհներգի կատարումից ամոթի զգացում չենք ապրել․ մենք հուզմունք ենք ապրել, արժանապատվություն ենք ապրել, բայց ո՛չ ամոթ։ Խնդիրն այդ ամոթն ապրողի մեջ է՝ ոչ թե օրհներգի մեջ է, ընդհանուր առմամբ, ոտքից գլուխ՝ այս փաստաթուղթն ինձ համար խնդրահարույց է, դավադրական, հակաիրավական է և, ինչո՞ւ ոչ՝ նաև հակասահմանադրական է։
Ակնհայտ է՝ դավադրական, մանիպուլատիվ կերպով իրենք փորձում են իրենց հակահայ մոտեցումները շրջանառության մեջ դնել, այսպես կոչված, «խաղաղության և իրական Հայաստանի» սոուսով»,- ամփոփեց իրավապաշտպանը։
Նկատենք՝ ըստ կառավարության այս հայեցակարգի, պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը։
«Ընդ որում, որպեսզի խաղաղությունն իրական բովանդակություն ստանա, այն պետք է հիմնված լինի տարածաշրջանի ճանաչողության, սեփական պատմության ճշմարիտ ու ազնիվ իմացության և քննական մտածողության վրա։
Պատերազմի ու ռազմականացման խոսույթը հիմնված է մյուսի ապամարդկայնացման վրա, որովհետև թշնամության համար անհրաժեշտ է բացառել մարդկային դեմքը, որևէ նմանության և ընդհանրության մասին խոսքը, անհրաժեշտ է պարզեցնել իրավիճակը սև ու սպիտակի՝ այնուհետև գործողության մղելու համար։
Տարիներ շարունակ պատերազմին ուղղված քաղաքականությունը տեղեկատվական ու գիտելիքային վակուում է ձևավորել տարածաշրջանի ներկայի նկատմամբ՝ այն փոխարինելով հիմնականում պատմական և կոնկրետ դիրքից մեկնաբանված տեղեկատվությամբ։ Այս պարագայում անհրաժեշտ է ցույց տալ իրավիճակի բարդությունն ու բազմաթիվ շերտերը, տեսանելի դարձնել տարածաշրջանը՝ նաև իր ընդհանուր շահերով, այդ թվում՝ տնտեսական, որոնք կարող են ակնհայտորեն խրախուսել այդ ուղղությամբ միտքն ու զգացողությունը»,- ահա այս նկատառումներն են արվում նախագծում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test