Երեկ կայացավ Գյումրի համայնքի ավագանու հերթական երկրորդ նստաշրջանի առաջին նիստը, որը անցավ բավականին լարված մթնոլորտում։
Քննարկման հիմնական թեմաներից մեկը «Քաղաքի օրվա» տոնակատարության կազմակերպումն էր։ Այս տարի այն չի անցկացվի մեծ շուքով, ինչպես նշվել է վերջին հինգ տարիներին։
Ի սկզբանե համայնքապետարանը ներկայացրել էր շուրջ 14 մլն դրամ բյուջե պահանջող միջոցառման նախագիծ, սակայն փաստաթղթում հստակեցված չէր՝ որ արտիստներն են հրավիրվելու, ինչ ծախսեր են նախատեսված և ինչ ձևաչափով պետք է անցկացվի տոնակատարությունը։ Առաջարկված օրը՝ հոկտեմբերի 18-ը, նույնպես քննադատվեց որպես ոչ հարմար, հաշվի առնելով եղանակային պայմանները։
Ընդդիմադիր խմբակցությունները քաղաքապետի հետ առանձին քննարկումների ընթացքում նշել էին, որ նման ծախսը նպատակահարմար չէ համայնքի սուղ բյուջեի պայմաններում։ Նրանք առաջարկել էին կրճատել միջոցառման բյուջեն և կազմակերպել համեստ տոն՝ ցերեկային ժամերին։ Նիստին ներկայացվեց արդեն 6 մլն դրամով տարբերակ, սակայն կրկին առանց հստակ ծրագրի։ Վերջնական արդյունքում ավագանին որոշեց այս տարի չնշել Քաղաքի օրը։
«Իմ հզոր համայնքը» խմբակցությունը հանձնաժողովի նիստին առաջարկել էր խնայված միջոցներից հատկացում կատարել Ամանորյա տոնակատարություններին՝ դրանք դարձնելով ավելի տարբերվող ու ընդգծված։
Քաղաքի տոնի չեղարկումը դժգոհություն առաջացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մոտ։ Խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում գրել է.
«Սիրելի գյումրեցիներ, հաշվի առնելով ձեր բազմաթիվ զանգերն ու մտահոգությունները՝ կապված «Գյումրու օր» տոնակատարության չեղարկման հետ, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնելու է ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում «Գյումրու օր» տոնակատարության անցկացման հարցն է լինելու։ Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից»։
Նշենք, որ նիստի ընթացքում բոլոր խմբակցությունները՝ բացի ՔՊ-ից, կողմ քվեարկեցին և հաստատեցին նաև Գյումրի համայնքի 2025-2029 թվականների զարգացման ծրագիրը։ Նախորդ անգամ այն չէր ընդունվել, սակայն այս անգամ փոփոխություններ էին կատարվել՝ ներառելով նաև խմբակցությունների առաջարկությունները։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test