Մարդուն պետք է ընկալել որպես անհատ, ոչ թե՝ որպես ինչ-որ ճնշված խմբի ներկայացուցիչ
«Ինչո՞ւ են մեր բուհերում ուսումնասիրում սպիտակ, եվրոպացի կոմպոզիտորների՝ Մոցարտի, Բեթհովենի երաժշտությունը, ի՞նչ է՝ 18-19-րդ դարերում Աֆրիկայում երաժշտություն չկա՞ր»: Ի՞նչ եք դուք պատասխանելու այդ մեղադրանքին: Եթե ասեք, որ հիշյալ ժամանակահատվածում եվրոպական երաժշտությունն ավելի բարձրարժեք էր, քան աֆրիկյանը, ձեզ, շատ հնարավոր է, կկպցնեն «ռասիստի» պիտակը:
Վերը նկարագրված մոտեցումը ժամանակակից քաղաքագիտական գրականության մեջ կոչվում է վոքիզմ՝ անգլերեն woke բառից (wake բայի անցյալ ժամանակն է): Այսինքն՝ ինչ-որ խումբ քնած էր, եւ հիմա արթնացել է եւ թույլ չի տա, որ իր իրավունքները խախտվեն, եկել է արդարությունը վերականգնելու ժամանակը: Նախկինում նեղություն կրած եւ այժմ «արթնացած» խմբերը շատ են՝ կանայք, էթնիկ եւ ցեղային փոքրամասնություններ, ԼԳԲՏ համայնք, հաշմանդամություն ունեցող անձինք եւ այլն:
Այստեղ կարեւոր է, որ խոսքն անհատների մասին չէ: Ոչ ոք իրավունք չունի վիճարկելու, որ առանձին վերցրած, ասենք, աֆրոամերիկացին կարող է երաժշտական առումով 100 անգամ ավելի օժտված լինել, քան առանձին վերցրած եվրոպացին: Բայց վոքիզմի պարագայում՝ անհատներ գոյություն չունեն, կարեւորը՝ այս կամ այն խմբի ներկայացուցիչ լինելն է: Դա բոլշեւիկներին հատուկ մոտեցում է, երբ Գերագույն խորհրդի պատգամավորների թվում պարտադիր պետք է լինեին կթվորուհին, տրակտորիստը կամ փականագործը:
Վերջին դարերի ընթացքում հենց այդպիսի տրանսֆորմացիայի է ենթարկվել արեւմտյան հումանիզմը՝ մարդակենտրոնից դառնալով «խմբակենտրոն»: Որպես անհատ՝ քո արժանիքներով, թերություններով, տաղանդներով, տապալումներով, դու այլեւս ոչ մի հետաքրքրություն չես ներկայացնում: Դու հետաքրքիր ես լոկ որպես ինչ-որ խմբի ներկայացուցիչ: Եվ եթե դու այս կամ այն ձեւով «ճնշվածների» խմբի մեջ ես հայտնվել, դա քեզ որոշակի արտոնություններ է տալիս:
Այդ՝ «նախկինում ճնշված» լինելն օգտագործվում է նաեւ, այսպես կոչված, «հակագաղութային» խոսույթում: Իլհամ Ալիեւը, որին դժվար է «կասկածել» մարդասիրության մեջ, նույնպես որոշել է տուրք տալ «միջպետական վոքիզմին»: Պարզվում է՝ Ռուսաստանն իր երկիրը «օկուպացրել է»: Այսինքն՝ կար դարեր շարունակ գոյություն ունեցած «Ադրբեջան» պետություն, ու հանկարծ 19-րդ դարի սկզբում Ռուսական կայսրությունը եկավ ու այն զավթեց: Մինչդեռ ամեն ինչ ճիշտ հակառակն էր՝ 20-րդ դարում Խորհրդային Ռուսաստանը Թուրքիայի հետ համատեղ ստեղծեց այդ պետությունը:
Ես առնվազն զգուշությամբ կմոտենայի «գաղութային աբիժնիկության» թեմային նաեւ Հայաստանի դեպքում՝ չնայած պատմության ընթացքում Ռուսական կայսրության չարագործությունները հայտնի են: Բայց հիմա արթնացնել հակառուսական ռեսենտիմանտը եւ դրանով փոխարինել հակաթուրքականը՝ ինձ վիճահարույց է թվում: (Թեման ենթակա է հետագա զարգացման):
Անհատական մակարդակով «խմբակամետ մոտեցման» մոդան Արեւմուտքում անցնում է: Օրինակ, մինչեւ Թրամփի՝ երկրորդ անգամ իշխանության գալը ԱՄՆ պետական եւ մասնավոր կառույցների (անգամ բանակի) համար պարտադիր էր, այսպես կոչված, Diversity, Equity, and Inclusion (DEI) քաղաքականությունը՝ որը ենթադրում էր բազմազանություն, համահարթեցում (հենց համահարթեցում՝ ոչ թե հավասարություն, Equity, ոչ թե Equality): Պարզ ասած, աշխատանքի կամ ծառայության ընդունվելիս առավելություն էր ստանում այն թեկնածուն, որը մերժված խմբի կամ խմբերի անդամ է, այդ տեսանկյունից՝ հաշմանդամ, աֆրոամերիկացի, կին եւ լեսբուհի թեկնածուն բոլորից բարձր շանսեր ուներ:
Թրամփն, ի պատիվ իրեն, վերջ տվեց այդ անհեթեթությանը: Եվրոպայի որոշ տեղերում նման մոտեցում դեռ կա, բայց գնալով մեծանում է աջակողմյան կառավարությունների թիվը: Հայաստանի նման երկրներում առայժմ «վոքիզմի» հիման վրա հնարավոր է փող աշխատել՝ դրամաշնորհ ստանալ: Բայց ժամանակի հետ այդ աղբյուրը ցամաքելու է:
…Եթե առաջնորդվենք «վոքիզմով», ապա Գեւորգ Պետրոսյան-Հովիկ Աղազարյան եւ Իմանուիլ Կանտ – Մոզես Մենդելսոն բանավեճերը հավասարազոր են, եւ երկուսն էլ պետք է ուսումնասիրվեն փիլիսոփայության պատմության դասընթացի ժամանակ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ 16.09.2025
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test