Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը աշնանային համերգաշրջանն, ըստ էության, մեկնարկեց սեպտեմբերի 4–5-ին՝ մասնակցելով Ճապոնիայի «Էքսպո 2025 Օսակա, Կանսայ» ազգային օրվան նվիրված գլխավոր համերգին։
Օրերս Aravot.am-ը հյուրընկալվեց անսամբլի փորձին, որը պատրաստվում է «Երաժշտությունից շարժում» խորագրով 38-րդ համերգաշրջանի առաջին՝ երևանյան բեմելին։ Այն տեղի կունենա Ազգային օպերային թատրոնում սեպտեմբերի 23-ին։
Զրուցեցինք անսամբլի գլխավոր բալետմայստեր Զոհրաբ Բակալյանի հետ։ Նախ խնդրեցինք կայանալիք համերգի խորագիրը փոքր-ինչ մանրամասնել՝ ներկայացնելով հանդիսատեսին ծանոթ կամ գուցե նոր պարային համարները։ «Մեր անսամբլի հիմնարար նպատակներից մեկը ռեպերտուարի համալրումն է նոր և արժեքավոր համարներով։ Համագործակցել ենք անսամբլի բարեկամ Վանուշ Բաբյանի հետ, և նրա մասնագիտական աջակցությամբ մեր ծրագիրը համալրվեց գեղարվեստական բարձրարժեք «Չինաստանի մշակույթը» համարով։ Ի դեպ, այս պարի վերաբեմադրությունը իրականացվել է Վան Շիչիի կողմից, և այն անմիջապես դարձավ այս տարվա անսամբլի կարևոր ձեռքբերումներից մեկը»,— ասաց մեր զրուցակիցը։
Դիտարկմանը, թե անսամբլի ծրագրի հիմնական կորիզը մեհրաբյանական բեմադրություններն են, պարոն Բակալյանը հիշեցրեց, որ անսամբլի գործունեությունն ի սկզբանե կառուցված է ավանդականն ու ժամանակակիցը համադրելու սկզբունքով, ապա պատասխանեց. «Մենք ձգտում ենք ստեղծել նորարարական մոտեցումներ՝ միաժամանակ հավատարիմ մնալով անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանի թողած հարուստ ժառանգությանը և արժանապատվորեն շարունակել նրա գործը։ Այո, անսամբլի առանցքում են մեհրաբյանական ոճով արված բեմադրությունները, որոնք արդեն միանշանակ սիրված են հանդիսատեսի կողմից։ Հետևաբար` մենք կարևորել ենք նաև մեծ վարպետի ստեղծագործությունների վերականգնումը։ Արդեն վերականգնվել են նրա բեմադրած Ավետ Տերտերյանի «Եռաբլուր» խորեոգրաֆիկ պատկերը։ Նշեմ, որ վերականգնել ենք այլ խորեոգրաֆների ստեղծագործություններ նույնպես, օրինակ՝ Մաքսիմ Մարտիրոսյանի՝ Կոմիտասի «Չինար ես»-ը և այլն։ Ի վերջո, անսամբլի ներկայացրած արվեստն ամբողջությամբ ընդգծում է ազգային մշակույթի փոխանցման կարևորությունը և ապահովում հայկական պարարվեստի ժառանգության հասանելիությունն ինչպես մեզանում, այնպես էլ սփյուռքում։ Եվ յուրաքանչյուր ելույթ հանդիսանում է կենդանի ժառանգության, նվիրվածության և ստեղծագործական նորամուծությունների տոնակատարություն, որտեղ համախմբվում են վարպետությունն ու սերը ավանդույթների հանդեպ»։
Հավելեց նաև, թե «Բարեկամությունը» ջանում է շարունակել ստեղծել նոր, հետաքրքիր համերգներ, ներկայանալ ոգևորիչ ծրագրերով՝ այդպիսով պարգևելով հանդիսատեսին անմոռանալի էմոցիաներ, պահպանելով անցյալի մեծ ժառանգությունն ու ստեղծելով վաղվա հայ մշակույթի փայլուն ուղին։
Զրույցի ընթացքում Զոհրաբ Բակալյանը, անդրադառնալով ընթացիկ տարվա սկզբի անսամբլի գործունեությանը, հայտնեց, որ «Բարեկամության» արտիստ-տղաները մասնակցել են Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ի բեմադրությանը՝ շեշտելով, թե այդ համագործակցությունը ձևավորեց նոր մշակութային կամուրջ Հայաստանի ազգային բալետի և «Բարեկամություն» անսամբլի միջև։ Ի դեպ, 2009 թ. մեր օպերային թատրոնում աշխարհահռչակ Յուրի Գրիգորովիչի խորեոգրաֆիայով «Սպարտակի» բեմադրությանը անսամբլի արտիստները նույնպես ներգրավված էին։ Եվ այս խոսուն փաստը վկան է անսամբլի մասնակցությանը հայկական բալետային արվեստի զարգացման գործում։
Հավելենք նաև, որ տարեսկզբին մեր իրականությունում մինչ այդ չտեսնված երևույթ էր, երբ պարային անսամբլը ելույթ է ունենում սիմֆոնիկ նվագախմբի կենդանի նվագակցությամբ։ Խոսքը հունվարին կայացած «Vienna Gala» համերգինն էր՝ ավստրիական դասականների ծրագրով, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test