Ազգային Ժողովը 2025 թվականի փետրվարի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ անդամագրման գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը: Հիշեցնենք, որ օրինագիծը ԱԺ էր հասել «Եվրաքվե» նախաձեռնության միջոցով, 60 հազար քաղաքացու ստորագրությամբ: Բնականաբար խորհրդարանական մեծամասնության ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայների միջոցով օրինագիծն ընդունվեց, իսկ «Հայաստան» դաշինքի պատգամավորները նախ քննադատեցին այդ օրինագիծը, ապա չմասնակցեցին քվեարկությանը: Ճիշտ է՝ Ռուսաստանի արձագանքը բացասական էր եւ անգամ մի պահ թվաց, թե օրինագծի ընդունում կհետաձգվի, բայց եւրոպամետները թեթեւ շանտաժ գործադրեցին իշխանության վրա, որ եթե չընդունեք՝ Գյումրիում իշխանության հետ կոալիցիա չենք կազմի, իսկ դա Գյումրիի ընտրությունների նախօրեին էր եւ իշխանությունը զիջեց՝ ընդունելով բացարձակապես որեւէ առարկայական իմաստ չունեցող այդ օրինագիծը։
Գրեթե ութ ամիս է անցել այդ օրենքի ընդունումից, սակայն այս իշխանությունները, որոնք ամեն կերպ ձգտում են դեպի Եվրոպա, ԵՄ-ին անդամակցության մասով որեւէ այլ քայլ չեն արել: Քաղաքագետ Արա Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ դա պայմանավորված է առաջին հերթին առկա միջազգային հարաբերություններով, որոնք ոչ միայն չափազանց արագ տեմպերով են փոփոխության ենթարկվում, այլեւ այնպիսի օբյեկտիվ պայմաններ են առաջ բերում, որոնք հաշվի չառնելը հղի է երկրի ներսում հնարավոր անկանխատեսելի զարգացումներով եւ արտաքին անկանխատեսելի նոր մարտահրավերների առաջացմամբ։
«ԵՄ անդամակցության մասին օրինագիծն այնպիսի ժամանակահատվածում էր առաջ եկել, երբ Հայաստանի հատկապես պրոարեւմտյան շրջանակները 100 տոկոսով վստահ էին, որ Ռուսաստանի Դաշնությունը պարտվելու է։ Օրինագծի ջատագով առանձին անհատներ անգամ արդեն պատկերացնում էին Ուկրաինայի կողմից Ռուսաստանի գրավումը, ՌԴ նախագահի փախուստը եւ այսպիսի բազմաթիվ այլ սցենարներ։ Իսկ իրականության հետ առերեսվելու առաջին պահը Դոնալդ Թրամփի իշխանության գալն էր, երբ բայդենյան եւ արեւմտաեվրոպական քարոզչությունը սկսեց ցույց տալ իր դատարկությունը, Ռուսաստանի մասին քարոզները պարզվեց, որ իրականության հետ աղերս չունեն եւ որ Ռուսաստանը դեռ շատ երկար կարող է պատերազմել, ընդհուպ` պատրաստ լինելով ուղիղ պատերազմի հենց եվրոպական տերությունների հետ»,-ասաց Պողոսյանը:
Քաղաքագետը նկատեց, որ Ռուսաստանին վերագրվող տեխնոլոգիական բացերը, պարզվեց, հնարված են եւ հենց պատերազմի ընթացքում Ռուսաստանը կարողացավ հայտնի «Օրեշնիկ»-ը ստանալ՝ որպես իր սպառազինության ամենամահացու հրթիռային համակարգ (միջուկային մարտագլխիկներից հետո), ԱԹՍ-ների բավականին հզոր արդյունաբերություն կարողացավ ստեղծել, ինչպես նաեւ սպառազինության մի շարք առաջադեմ տեսակներ։ «Այս ամենը ստիպեցին Հայաստանի իշխանություններին կատարել նահանջ, որը առնվազն մինչեւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ կպահպանվի։ Իհարկե` ԵՄ անդամակցության մասին օրենքի նպատակը ընտրական ցիկլում որպես քարոզչական միջոց օգտագործելն է, սակայն օրվա իրավիճակը եւ Ռուսաստանի դիրքերի ամրացումը ուկրաինական ճակատում այլեւս ԵՄ անդամակցության քարոզչության օգտին չէ»,- կարծում է քաղաքագետը: Այսպես կոչված «բալանսավորված եւ բալանսավորման» քաղաքականությունը հենց այդ նպատակով է որդեգրված, որի իմաստը շատ պարզ է` անհրաժեշտ պահին գնալ այն կողմ, որը կերաշխավորի իշխանության ամրությունը Հայաստանում՝ համոզված է Արա Պողոսյանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test