Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նախկին իշխանությունների հիմնախնդիրը aravot.am aravot.am

time
Նախկին իշխանությունների հիմնախնդիրը

Մի ուրվական է շրջում Հայաստանում, նախկին իշխանությունների ուրվականը։

Այդ ուրվականի դեմ սրբազան պայքարի են ելել բոլորը՝ գործող ազգակործան իշխանություններից սկսած մինչեւ տարբեր ժամանակներում նախկին իշխանության մաս կազմած՝ իսկ ներկայումս չքմեղացած որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ։ Շատ հաճախ նաեւ արտաքին ուժեր։ Եվ այդ շրջանակների պատկերացմամբ այդ ուրվականը ունի մեկ անուն՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն։

Ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում նույնպես նախկին իշխանություններ են առնվազն ՀՀ անկախության հռչակումից ի վեր՝ գործող իշխանությանը նախորդած ժամանակահատվածում պետության կառավարման գլուխ կանգնած բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները։ Հետեւաբար` նախկին իշխանության հիմնախնդիրը հասկանալու համար ժամանակագրորեն պետք է դիտարկել 1991 թվականից մինչեւ 2018թ. ժամանակահատվածում իշխանություն կազմած ուժերին, եւ ոչ թե միայն 2018թ. իշխանազավթմանը անմիջապես նախորդած իշխանություններին։ Մինչդեռ Հայաստանում ընկալումներն այնքան էլ այդպես չեն։

Վերոհիշյալ շրջանակների կողմից արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հայ հասարակայնության պատկերացումներն ու ընկալումները նախկին իշխանությունների մասին առավելապես սահմանափակվեն միայն Սերժ Սարգսյանի կերպարով եւ Հայաստանի հանրապետական կուսակցությամբ։ Երբեմն զավեշտի մակարդակի հասնող այս հուսահատ գործընթացը «ձեռ է տալիս» ոչ միայն գործող կապիտուլյանտներին, այլեւ Հայաստանի մյուս նախկին իշխանություններին կամ իշխանության մաս կազմած քաղաքական ուժերի ու գործիչների մի զգալի մասին։

Այս ամենի արդյունքում փորձեր են արվում, որպեսզի նախկինների «դառը ճակատագիրը» որպես այդպիսին բաժին ընկնի միայն ՀՀԿ-ին, որն, ի դեպ, հանդես բերելով պարկեշտություն եւ համերաշխություն երբեմնի քաղաքական գործընկերների նկատմամբ՝ շատ հաճախ ասպետորեն իր վրա է վերցնում նախկիններին վերագրվող բոլոր «մեղսագործությունները»։

Ցավալին այն է, որ այդ հանգամանքից հաճախ օգտվում են նաեւ հանրապետականին նախորդած «նախկին» իշխանություններն ու քաղաքական գործիչները, ինչպես նաեւ այն քաղաքական ուժերը, ովքեր իրենք էլ իշխանության մաս են կազմել եւ կոալիցիոն «գործընկերություն» արել ՀՀԿ-ի հետ։ Էլ չեմ ասում, որ առանձին դեպքերում հենց իրենք՝ մոռանալով իրենց «նախկին» լինելու հանգամանքը, երբեմն ընդհուպ կոշտ քննադատության են ենթարկում հանրապետականին որպես նախկին իշխանությունների։

Հանրապետության նախկին նախագահների կողմնակիցների մի որոշ մասը վերջիններիս շատ հաճախ ներկայացնում են որպես սրբերի, իսկ Սերժ Սարգսյանին փորձում են վերագրել նախորդ ողջ ժամանակաշրջանում պետական համակարգում եւ հասարակական կյանքում տեղ գտած բոլոր արատներն ու թերությունները։ Ամենեւին չթերագնահատելով հանրապետության նախկին ղեկավարների անուրանալի դերակատարությունն ու մեծ վաստակը պետականաշինության գործում եւ մեծ հարգանք տածելով նրանց անձերի նկատմամբ, այնուամենայնիվ, տրված գնահատականներում պետք է առնվազն զուսպ ու կոռեկտ լինել։ Սրբեր գոյություն չունեն, առավել եւս՝ քաղաքականության մեջ։ Իսկ հանրապետության կյանքում արմատավորված արատավոր երեւույթների մեծ մասը հանրապետականն ու Սերժ Սարգսյանը իրենք են ժառանգություն ստացել իրենց նախորդած իշխանություններից։

Այլեւս բավական է ասել նախկին եւ հասկանալ միայն Սերժ Սարգսյանին, ասել նախկին եւ հասկանալ միայն Հանրապետական կուսակցությանը։

Եկեք հիշենք՝ երբ եւ ինչպես են Հայաստանում ներմուծվել «ատկատ», «մեր դեմ խաղ չկա», «սրա մարդ կամ նրա մարդ», «կրիշ», «պապա» եւ նմանատիպ բազմաթիվ այլ հասկացությունները։ Եկեք հիշենք՝ երբ սկսվեց եւ ինչպես տեղի ունեցավ հանրային ունեցվածքի սեփականաշնորհումը, երբվանից հանրությունը գիտակցեց եւ ընկալեց, որ երկրում կա կոռուպցիա ու թալան, երբվանից հասարակությունը սկսեց խոսել կեղծված ընտրությունների մասին։ Եկեք հիշենք, թե ինչպես էին հարստանում ներկայիս որոշ օլիգարխներ անկախության հենց առաջին իսկ տարիներից։ Հիշելու եւ մատնանշելու շատ բաներ կան, որոնք այսօր երբեմն անգիտակցաբար, երբեմն էլ միտումնավոր մոռացվում են ու չեն հիշվում։ Իսկ ներկայիս երիտասարդությունը նույնիսկ տեղեկացված չէ այդ ամենի մասին։

Այդ արատավոր բարքերը հաստատ հանրապետականի օրոք չեն տեղ գտել մեր հասարակական, քաղաքական եւ տնտեսական կյանքում, բայց դրանք բոլորը փորձ է արվում վերագրել միայն հանրապետականին։

Քավ լիցի, ամենեւին նպատակ չունեմ արդարացնել կամ առավել եւս «սրբի լուսապսակով» պատել Հանրապետական կուսակցությանը։ Հանրապետականը երբեք չի խուսափել պատասխանատվությունից։ ՀՀԿ նախագահն ու մյուս գործիչները ոչ միայն ընդունել են, այլ բազմիցս իրենք են խոսել իրենց կառավարման ժամանակահատվածում երկրում տեղ գտած արատավոր երեւույթների, ինչպես նաեւ իրենց թերությունների ու սխալների մասին։ Ընդ որում` առ այսօր լինելով միակ նախկին իշխանությունը, ով տարբեր առիթներով թե՛ իր նախագահի, թե՛ տարբեր գործիչների շուրթերով ներողություն է խնդրել այդ ամենի համար։ Առայժմ միակը։

Ինչ խոսք, Հանրապետական կուսակցությունը անմասն չի մնացել իշխող կուսակցություններին բնորոշ սինդրոմից։ Երեւույթ, որը խորթ չէ անգամ զարգացած ժողովրդավարական հասարակություններին։ Հանրապետականում եւս հայտնվել են բազմաթիվ պատեհապաշտ անձինք ու գործիչներ, որոնց իրական նպատակները արմատապես տարբերվել են կուսակցության առջեւ դրված նպատակներից ու խնդիրներից։ Պետական կառավարման համակարգ կարողացել են սողոսկել անձինք, որոնց հիմնական մոլուցքը եղել են կոռուպցիան, պրոտեկցիան ու կարիերիստական նկրտումները։ Շատ դեպքերում պետական լուրջ ու պատասխանատու պաշտոններ զբաղեցրել են անկուսակցականներ, ընդհուպ ընդդիմադիր հայացքների տեր անձինք։ Սրանց ֆունկցիոնալ դերակատարությունը հանրապետականին եւ Սերժ Սարգսյանին «չսիրելու» կամ նրանց վարկաբեկելու հարցերում շատ ավելին է, քան ցանկացած հանրապետականինը։ Պատահական չէ, որ այդ մարդիկ առաջինը լքեցին հանրապետականը, ճողոպրեցին պարզապես, ճողոպրեցին զզվելի կերպով։

Իսկ այսօրվա հանրապետականը այլեւս շատ կուռ, մաքուր, ազգային պահպանողական խորը արժեհամակարգերի վրա հենված, գաղափարապես սկզբունքային, իր ծրագրային դրույթներին հավատարիմ, հայրենասեր, ազգային շահերը երբեք սակարկության առարկայի չվերածող, գաղափարակից ընկերներից ձեւավորված ու հանուն ազգային շահերի մինչեւ վերջ գնացող կուսակցություն է։

Ինչու են բոլորը, եւ հատկապես կապիտուլյանտ իշխանություններն ու նրանց սատարող դրսի ուժերը այդպես զգուշանում հանրապետականից։ Պատասխանը կարծում եմ շատ պարզ է։ Ի թիվս նախորդ պարբերությամբ թվարկածի՝ ՀՀԿ-ն այսօր միակ քաղաքական ուժն է, ով կարող է անգամ այսքան բարդ ու դժվարին ժամանակներում, միայնակ՝ իր մեջ կրելով Հայաստանի անկախ պետականության շուրջ 35 տարվա ինստիտուցիոնալ ժառանգությունը, հանձինս իր թրծված, կոփված, քաղաքական պայքարի լուրջ դպրոց անցած, պետական կառավարման ոլորտի ահռելի փորձառություն ունեցող կադրային ռեսուրսի՝ իր վրա վերցնել երկիրն այս վիճակից դուրս բերելու ողջ պատասխանատվությունը։

Իմ սիրելի կուսակից ընկերներ, այ դրա համար են այդպես վախենում ու զգուշանում մեզանից։

Արտակ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր

Լուսանկարում՝ ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը եւ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը

«Առավոտ» օրաթերթ 17.09.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test