Գյումրու ավագանու այսօրվա նիստն անցավ բավական լարված․ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը ուղերձ էր պատրաստել ուղղված կառավարությանը՝ Գյումրին ազատ տնտեսական գոտու վերածելու թեմայով։ Այն ներկայացրեց ավագանու հաստատմանը, որից հետո սկսվեցին կրքերը լարվել։
«Շատ է խոսվում իշխող ուժի կողմից, որ քաղաքի կառավարումը տապալված է և ճգնաժամային, ես ուզում եմ հիշեք 2021 թվականը, երբ կուլիսային ճնշման ներքո «Բալասանյան դաշինքի» հետ կազմեցիք հուշագիր և ստանձնեցիք քաղաքի կառավարումը, ամբողջապես տապալվեց, տապալվեց ամբողջ երկրի առջև և Գյումրի քաղաքի առջև։
Սա անհերքելի փաստ է, յուրաքանչյուր քաղաքացի, ով դուրս է եկել քաղաքապետարանի շենքից, բողոքը եղել է շուրթերին, հայհոյախառն արտահայտվել է, թե էս ինչ տեղ են սարքել, որ բաժին գնում ենք, ասում են՝ սա մեր գործը չէ։ Այ, դա է կառավարման տապալումը և ճգնաժամը։
Մեկ այլ դիտարկում, որը հնչում է իշխող ուժի կողմից՝ հետևյալն է, թե ընդդիմադիր խմբակցություններով բերել ենք իշխանության Վարդան Ղուկասյանին, դուք էլ պատասխանատու եք ցանկացած գործողության։ Բոլորը, ովքեր ճանաչում են մեզ՝ ընդդիմադիր խմբակցությունների անձնակազմերին, լավ գիտեն, որ որևիցե մեկս որևիցե անգամ չենք փորձել խուսափել պատասխանատվությունից, քանզի մենք ցույց ենք տվել ամբողջ ազգին, այդ թվում և իշխող ուժին, որ համախմբվելով՝ կարող ենք իշխանազրկել իրենց ինչպես երկրորդ քաղաքում, մնացած քաղաքներում, այնպես էլ երկրում։
Եվ դա կարող է սերուցքային լինել, որ 2026 թվականին բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձեն միավորվել և վերջնականապես իշխանազրկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Եվ երրորդ դիտարկումը․ իշխող ուժի պատգամավորներից հոխորտում են, թե ներդրումներ բերեք, ո՞ւր են ներդրումները։ Հարգելիներս, ասեմ ձեզ, իմանաք, որ ներդրումը որևէ մեկը հոր տնից չի բերելու, պետությունը պետք է պարարտ հող պատրաստի, որպեսզի ներդրող գա, ներդրում կատարի։
Եթե իրենց թվում է, թե նման բամբասանքի միջոցով կարող են ցույց տալ, որ Գյումրիում ճգնաժամային կառավարում է սկսվել, սխալվում են։
Բազմիցս ասել ենք, որ 15 միլիոն դոլար բյուջեով՝ պլյուս, մինուս, չենք կարողանա Գյումրիի ճակատից մաքրել աղետի գոտի պիտակը», -ասաց Կարեն Սիմոնյանը։
Նա նշեց, որպես Գյումրին զարգանա ու պետք է հեռանկարային ծրագիր։
Նա ներկայացրեց «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը, համաձայն որի՝ Գյումրին պիտի դառնա ազատ տնտեսական գոտի, հարկային ռեժիմի առումով էլ՝ ազատ քաղաք։
Կարեն Սիմոնյանն ասաց, որ ծրագիրը մշակվել է Անդրանիկ Թևանյանի գլխավորած տնտեսագետների խմբի կողմից։
Ըստ Կարեն Սիմոնյանի, Գյումրին ազատ տնտեսական գոտու վերածելու մասին վաղուց է խոսվել, բայց սայլը տեղից չի շարժվել։
Նա թվարկեց բոլոր այն առավելությունները, որոնցով ՀՀ երկրորդ քաղաքը կկարողանա դառնալ ազատ տնտեսական գոտի։ Ըստ նրա, շուրջ 15 հազար աշխատատեղ կստեղծվի, շուրջ 500 միլիոն դոլար ներդրում կլինի։
Կարեն Սիմոնյանը նշեց, որ դա համայնքի լուծելիք հարցը չէ, այլ համատեղ ուժերով պիտի ստիպեն իշխանությանը, որ կյանքի կոչի ծրագիրը։
Նա կոչ արեց բոլորին կողմ քվեարկել, որպեսզի Գյումրին դառնա ազատ տնտեսական գոտի։
Լեզվակռիվ սկսվեց ՔՊ-ականների և Կարեն Սիմոնյանի միջև։ Կարեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե ըստ ՔՊ-ականների՝ Գյումրին կզարգանա առանց ազատ տնտեսական գոտու վերածվելո՞ւ, կառավարությունն այնպիսի ծրագիր կմշակի, որ քաղաքը կշենանա՞։
ՔՊ-ականները տեղից նետեցին, որ Գյումրին հինգ տարվա ընթացքում փոխվել է, որին ի պատասխան՝ Կարեն Սիմոնյանը զարմացավ․ «Գյումրին 5 տարվա մեջ փոխվե՞լ է, դուք ձեր հետ անկե՞ղծ եք, ինչո՞վ է փոխվել, էն որ հուշագիր եք խզել՝ փոսերով լիքը քաղաք թողնելո՞վ»։
Միջամտեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ ասելով․ «Ես ձեզանից տարիքով մեծ եմ և երկար տարիների կառավարման փորձ ունեմ․ ազատ տնտեսական գուտու վերաբերյալ մի բան ասեմ․ աշխարհում, երբ որևիցե մի երկրում, մի քաղաքում աղետ է տեղի ունեցել, էդ երկիրը էդ քաղաքի հարկերը կրճատել է, այլ տարբերակ չկա։ Այլ մեխանիզմ չի եղել աշխարհում, դա կիրառվել է մեր թվարկությունից առաջ և մեր թվարկությունից հետո։
37 տարի որ չենք կիրառել, դրա համար էլ մինչև էսօր․․․ Եթե դուք ուզում եք ներկայացնենք, որ հինգ տարվա մեջ քաղաքը կառուցվել է, չարաչար սխալվում եք։ Եվ եթե որևիցե մեկը մտածում է, որ կառավարությունը որոշակի գումար է տալիս տարբեր քաղաքների, տարբեր մարզերի, և երկիրը շենանում է, դա ինքնըստինքյան պիտի լինի։ Գիտեք, քաղաքից 5 միլիարդ դրամ տանում են, տալիս են 4 միլիարդ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test