Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մշուշոտ հեռանկարն է՛լ ավելի անտեսանելի է դառնում միջազգային վերջին զարգացումների կոնտեքստում: Նախօրեին news.am–ի հետ զրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով հարցին, թե առաջիկա տարիներին Եվրամիությանը միանալու հնարավորություն կա՞, պատասխանել է, թե ԵՄ-ին միանալու կանոնները շատ հստակ են, կան չափանիշներ, պետք է լինի անդամ պետությունների միջև կոնսենսուս, թեկնածու երկրները պետք է դիմեն։
«Այսպիսով, Հայաստանի դեպքում դա տեղի չի ունեցել։ Այնպես որ, եթե այդ պահը գա, մենք պետք է հետևենք կանոններին»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների վերջնական կարգավորման հնարավորությանը, Մարագոսն ասել է. «Նախ և առաջ, մենք ողջունել ենք այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Վաշինգտոնում, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Սա շատ լավ հիմք է առաջ գնալու համար։ Հուսով եմ՝ խաղաղության համաձայնագիրը նույնպես կարող է շուտով ստորագրվել։ Եվ մենք պատրաստ ենք աշխատել՝ աջակցելու խաղաղությանը տարածաշրջանում։ Դա կախված է հենց տարածաշրջանի ժողովուրդներից, բայց մենք այստեղ ենք՝ աջակցելու դրան»։ Հարցին՝ Ադրբեջանը չի՞ խոչընդոտի այդ խաղաղությանը, այդ թվում՝ ագրեսիայի ցուցաբերմամբ, նա ընդգծել է. «Ես ԵՄ-ի ներկայացուցիչն եմ Հայաստանում։ Մենք բոլորս հավատում և հուսով ենք, որ բոլոր գործընկերները կանեն այն, ինչին նրանք պարտավորվել են»։
Զուգահեռաբար՝ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն-2025» համաժողովի իր ելույթում դեսպան Մարագոսն արձանագրել է, որ երկու տարի առաջ մեկնարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման գործընթացը։ «Եվրոպական խորհուրդը կոչ արեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների բոլոր ուղղություններն ուժեղացնել, սրա արդյունքն արդեն այն է, որ Հայաստանը նույնպես մասնակցում է Եվրամիության ճգնաժամերի կառավարման առաքելություններին, պաշտպանության և անվտանգության քննարկումներ մեկնարկեցին, վիզաների ազատականացման երկխոսություն, այսինքն՝ մենք խոսում ենք համապարփակ գործընկերության մասին»,- ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Նա նշել է, որ Հայաստանի հետ գործընկերություն՝ նշանակում է հավասար հարաբերություն, սա շատ կարևոր է, այս խնդիրը համատեղ է ձևակերպվում։ Նա հավելել է, որ խաղաղության հետ կապված ընդհանուր մտահոգություն ունեն․
«Մենք ուզում ենք խաղաղության հասնել, ես ուզում եմ ընդգծել մեր հանձնառությունը խաղաղությանը։ Դիմակայուն Սյունիք նախաձեռնությունը և մի շարք այլ ծրագրեր ունենք Հայաստանում։ Ես ուզում եմ ընդգծել սա՝ իրոք մարդակենտրոն մոտեցում ունեն այս ծրագրերը։ Սրանք փոքրիկ նախաձեռնություններ են, որոնք ցույց են տալիս, որ մենք այստեղ ենք, մարդկանց հետ»,- ասել է Մարագոսը:
Համաժողովի ընթացքում խոսել է նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, նշելով, որ անցյալ տարեվերջից սկսել են այցելել սահմանամերձ դպրոցներ՝ եվրոպական գաղափարախոսությունը ներկայացնելու։
«Շատերը պատկերացում չունեն, թե ինչ է ԵՄ-ն, իսկ եթե ունեն էլ, դա ռուսական հեռուստատեսության հեռարձակումների վրա է ձևավորվել։ Մենք փորձել ենք դա մի քիչ իրականությանը մոտեցնել։ Տեսնում ենք, որ հատկապես երիտասարդները հետաքրքրվում են, թե ԵՄ-ն ինչու է ստեղծվել։ ԵՄ անդամ լինել կամ այդ գաղափարի օրինակով գնալ՝ չի նշանակում հրաժարվել ձեր երկրի ազգային ինքնությունից, ձեր մշակույթից:
Մենք փորձում ենք սահմանամերձ գյուղերի երիտասարդներին ասել, որ եթե երկու կողմերում լինի կամք, կարող է լինել խաղաղ ապագա, սահմաններ, որոնք ոչ թե կբաժանեն, կառանձնացնեն, այլ որոնք կկապակցեն, որից կշահեն երկու կողմերն էլ»,- ասել է նա։
ՀՀ-ԵՄ մերձեցման ու դրա հեռանկարների թեման կարծես դուրս է եկել ՀՀ արտաքին քաղաքական ակտիվ օրակարգից: Երկար ժամանակ չի անցել Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, թե ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ի հետ այնքան մերձեցման, որքան ԵՄ-ն պատրաստ է: Դրան հաջորդեց նաև ՀՀ ԱԺ-ում ՀՀ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումը, սակայն «սայլը կարծես տեղից չի շարժվում»:
ՀՀ-ԵՄ շփումներն ակտիվ են, կողմերը հայտարարում են, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները խորանում են, սակայն անդամակցության հեռանկարը բացակայում է: ԵՄ-ն առանձնակի հետաքրքրություն չի ցուցաբերում:
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ ԵՄ-ն իր ընթացակարգերն ունի: Բացի այդ, նրա խոսքով, ոչ ֆորմալ, սակայն ԵՄ ընդլայնման ակտիվ գործընթաց ներկայումս չկա առկա մարտահրավերների պատճառով:
«Ներկայումս ԵՄ ողջ մոբիլիզացիան պատերազմի ընդլայնումը կանխելն է: Տեսնում ենք, թե ինչ է կատարվում Լեհաստանում ռուսական անօդաչուների պատճառով, ինչը պահանջում է քաղաքական, ռազմական մի շարք միջոցառումներ, բանակցություններ: ԵՄ-ում խնդիրները քիչ չեն, ուստի եթե ՀՀ-ն հայտ չի ներկայացնում ԵՄ անդամակցության համար, ապա Բրյուսելը չի կարող վստահ լինել, որ կա նման ցանկություն: ԵՄ-ն զգուշավոր է, քանի որ ներկայացնում է մի քանի տասնյակ երկրների մոտեցում, ուստի այնտեղ հստակ կանոններ են գործում»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին:
Սակայն նա վստահեցնում է՝ Հայաստանը ներկայումս կարևոր երկիր է ԵՄ-ի համար, որի հետ Հարավային Կովկասում բավականին սերտ ու դրական հարաբերություններ են:
Նա թվարկեց, որ կարևորություններից գլխավորը Հայաստանի աշխարհագրական դիրքն է, Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև այն, որ ներկայումս Հարավային Կովկասում ՀՀ-ն միակ երկիրն է, որը չունի տեսանելի տարաձայնություններ ԵՄ-ի հետ:
Սակայն, Կախա Գոգոլաշվիլիի գնահատմամբ, աշխարհաքաղաքական իրավիճակն այնքան փոփոխական է, որ ՀՀ-ն հայտ է ներկայացրել միանալու ՇՀԿ-ին, սա ինչպե՞ս է ընկալվել ԵՄ-ում, բարդ է ասել, իսկ, օրինակ՝ Չինաստան-ՀՀ հարաբերությունների խորացումը կարող է նաև բխել ԵՄ շահերից, քանի որ ԵՄ-ն հետաքրքրված է Կենտրոնական Ասիայի ու Չինաստանի հետ կապվելու հեռանկարով, դա ակտիվ օրակարգային հարց է:
«Եվ գուցե ընկալումն այն է, որ առանց անդամակցության, ներկայիս ձևաչափով հնարավոր է առաջ մղել այս օրակարգերը: Վերջին շրջանում միջազգային հարաբերություններում մեծ ճկունություն է նկատվում, քանի որ իրավիճակներն անընդհատ փոխվում են, ինտենսիվ գործընթացներ են, ու հարմարվողականությունն աճում է:
ԵՄ-ն, որը համաձայնեցումների հարցում խնդիր ունի, քանի որ դրանք երկար են, հաճախ կայացնում է այլընտրանքային որոշումներ, ինչպիսին, օրինակ, ՀՀ-ում դիտորդական առաքելության հաստատումն էր, այսինքն՝ կան իրավիճակներ, որոնք պահանջում են արագ լուծումներ, իսկ ԵՄ անդամակցությունը երկար ու բարդ գործընթաց է, որևէ երաշխիք այս հարցում չկա՝ հատկապես այսօր: ԵՄ-ն հայտը չի կարող մերժել, բայց նաև գործընթացի մեկնարկն արագ անդամակցություն չի երաշխավորում, սա է հարցը»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test