Ազատի զորամասի հրդեհի գործով առաջին դատավճիռը. կրտսեր սերժանտն ազատազրկման է դատապարտվել
sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում բռնկված հրդեհի գործով առաջին դատավճիռն է կայացվել` Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռադիկ Մաթևոսյանին օգոստոսի 21-ին դատապարտել է 3 տարվա ազատազրկման: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ․Մ․-ն, որը 2023 թվականի հունվարի 18-19-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել վաշտի վերակարգում և որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի տեղակայման վայրում, մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ կետով (ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ»,– ասված է հայտարարության մեջ։
Դատախազությունը նշել է, որ վաշտի հերթապահ Ռադիկ Մաթևոսյանը 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 00:30-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում, պատասխանատու լինելով ներքին կարգուկանոնի, անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի, շինությունների և ունեցվածքի անվտանգության և պահպանման համար, ինչպես նաև ներքին ծառայության կանոնագրքի պահանջների համաձայն՝ կրելով վառարանը վառելուն հետևելու պարտականություն, անհարկի բացակայել էր կացարանից` բջջային հեռախոսով խոսելու նպատակով:
Բացակայելու պատճառով Ռադիկ Մաթևոսյանը չի նկատել ու չի փորձել կանխել ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանի առերևույթ վտանգավոր գործողությունները, իսկ դրանից հետո ժամանակին չի ձեռնարկել միջոցներ հրդեհի բռնկման սկզբնական փուլում վտանգի ենթակա անձնակազմը, սպառազինությունը և նյութական այլ միջոցները փրկելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ: Կացարանում գտնվող նույն վաշտի պարտադիր ժամկետային 15 զինծառայողները ժամանակին չեն տարհանվել, հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով չեն կարողացել մարել հրդեհը և կացարանից դուրս գալ չկարողանալով՝ մահացել են, իսկ երեքը՝ ստացել տարբեր աստիճանի այրվածքներ:
Դատախազությունը նշում է, որ
Եղիշե Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ). վարույթը դատաքննության փուլում է:
Հիշեցնենք` 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի
532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար
Գ.Մ.-ի նկատմամբ։