Քեզ բացակա չենք դնի, լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյան. դեռ երեկ քո անվամբ բացված տուն-թանգարանն արդեն դարձել է սրբության սրբոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
shamshyan.com
Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի ընտանիքի անդամները, հարազատներն ու բարեկամները իրենց գործով ապացուցեցին մեծն Չարենցի հայտնի պատգամը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 15-ին, նշվում էր հերոս Ա. Հովհաննիսյանի երկնային ծնունդը և Երևանի Վարշավյան փողոցի 15 հասցեում բացվեց նրա անունը կրող տուն-թանգարանը, որտեղ այսօր արդեն այցելուների հոսքը չի դադարում: Չնայած բազում խոչընդոտներին ու չարակամ, փոքրոգի, մի խումբ նախանձ մարդկանց, Հովհաննիսյանների ընտանիքը հաղթահարեց ու պատվով կատարեց այդ սուրբ գործը՝ իրենց համառության և միասնականության շնորհիվ: Բացմանը ներկա էին մեծ թվով քաղաքացիներ, հյուրեր, հերոսի հրամանատարը, հերոսի պատմական լուսանկարի հեղինակը, քաղաքական ու մշակութային գործիչներ: Տուն-թանգարանը դեռ կառուցման ընթացքում արդեն շատերի համար դարձել էր սրբության սրբոց: Այն գործելու է երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի ուրբաթ և շաբաթ օրերին՝ ժամը 11:00-18:00-ն, իսկ երկուշաբթի և կիրակի փակ է լինելու:Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։2004-2007 թվականներին սովորել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 5 մանկապարտեզում։2006-2012 թվականներին հաճախել է Արաբկիր մարզադպրոց և զբաղվել դուքենդո կարատեով: Արժանացել է սև ու կարմիր գոտիների։2007-2012 թվականներին սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում։2012-2015 թվականներին սովորել է «Քվանտ» վարժարանում։ 2015-2016 թվականներին սովորել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում։2016-2018 թվականներին՝ Հերացու անվան ավագ դպրոցում։ 2018 թվականին ավագ դպրոցին զուգահեռ սովորել է Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2019 թվականին ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ։2020 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ։Արժանացել է երկու շքանշանի` ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավորի։ Զոհվել է Հայ-ադրբեջանական պատերազմում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին[1][2]։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։2020 թվականի հոկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զոհված Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:Որդու մահից հետո հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, իր անձնական մեքենան նվիրել է Հայոց բանակին: 2020 թվականի դեկտեմբերի 22-ից «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկում է 5000 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որտեղ պատկերված է Ալբերտ Հովհաննիսյանը։ Վաճառքից գոյացած հասույթն ուղղվում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի միջոցով իրականացվող նախագծերին:Զոզ Հովսեփյանը գիրք է գրել «Ալբերտը՝ հրետանու աստված» վերնագրով, որը պատմում է պատերազմում անմահացած քաջորդի Ալբերտ Հովհաննիսյանի մասին։ Վեպի մյուս հերոսները նույնպես իրական են՝ Ժորը, Ռաֆոն, Ալիկը, հայր սուրբը, հրամանատարն ու իր սիրելին։ Գործողությունները ծավալվում են սեպտեմբերի 27-ի առավոտից սկսած։ Այնուհետև հիշողությունների ձևով անդրադարձ է կատարվում Ալբերտի կյանքի ուշագրավ փաստերին, որոնց միջոցով ընթերցողը որոշ չափով բացահայտում է երեխա, պատանի, զավակ, զինվոր և Աստծուն հավատացող Ալբերտին։Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի