Մինչ հանրությունը քննարկում է Նիկոլ Փաշինյանի խրատական ելույթը ուղղված սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանին, հարցը ավելի ինստիտուցիոնալ լուծում է ստանում: Փաշինյանի հակահայկական գրոհը շարունակվում է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը։ Թղթի վրա՝ բարձրագոչ ձևակերպումներ՝ պետականության ամրապնդում, գեղագիտական չափորոշիչներ, միջազգային հարթակներում ներկայություն։ Բայց իրականում սա հերթական փորձն է մշակութային դաշտը դարձնել իշխանության կամքի գերին։
Եթե հիշենք վերջին տարիների միտումները, «Իրական Հայաստան» արտահայտությունը Նիկոլ Փաշինյանի օրոք աստիճանաբար վերածվեց մեր պատմությունից հրաժարվելու խորհրդանիշի։ Մինչև հիմա մեր աչքի առաջ Արարատ լեռը հանվեց անձնագրերի կնիքներից, և հասարակության մեջ լուռ վախ կա, որ վաղը նույնը կլինի նաև զինանշանի հետ։ Հայոց պատմությունը դպրոցներում վերանվանվեց «Հայաստանի պատմություն»՝ կտրելով ազգային պատմական հիշողության շարունակականությունը։
Այժմ նույն գաղափարախոսությունն արդեն փորձում է թելադրել՝ ինչն է «ճիշտ» գեղագիտություն։ Հայեցակարգում նշվում է․ «պետականության զարգացումը ենթադրում է նաև Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման և դրսևորման գեղագիտական ձևերի խրախուսում»։ Թարգմանաբար սա նշանակում է, որ ցանկացած ներկայացում, փառատոն, ցուցահանդես կամ մշակութային միջոցառում պիտի համապատասխանի «Իրական Հայաստանի» պետականորեն սահմանված պատկերացումներին։
Քաղաքացի Ռուբեն Ղազարյանի խոսքերը՝ հենց նախագծի տակ գրված, դիպուկ են․ «Գեղագիտության մեջ “պետք” բառն ավելի հակագեղագիտական է, քան հայեցակարգում նշված ցանկացած հակագեղագիտական դրսևորում։ Գեղագիտությունը այս կամ այն ձևով չի կարող պարտադրված լինել»։
Սակայն փաստաթուղթը ոչ միայն պարտադրում է, այլ նաև փորձում է խմբագրել մշակութային կյանքը։ Այլևս ոչ թե ազատ ստեղծագործական միտքն է որոշելու, թե ինչ է «Հայաստանի գեղագիտությունը», այլ պետական հանձնաժողովը, որը կդասակարգի՝ որն է իրական, իսկ որն՝ անիրական։
Արդյունքում ստանում ենք վտանգավոր սցենար․ պետությունը ոչ միայն զբաղվում է պատմության վերաշարադրությամբ և ազգային խորհրդանիշների հեռացմամբ, այլ հիմա էլ փորձում է «արտադրել» մշակութային ճաշակ։ Իսկ այն պահից, երբ արվեստը դառնում է իշխանական փաստաթղթի հավելված, մենք ստանում ենք ոչ թե մշակույթ, այլ քարոզչական արտադրանք։
Նախագծի հիմնավորումը՝ ստորև․
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումն ու պետականության ամրապնդումը պետք է հիմնվի նաև Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման և դրսևորման գեղագիտական ձևերի վրա, որոնց հստակ ձևակերպումը և այդ ձևերի խրախուսման քաղաքականությունը բացակայում է։ Ընդ որում, գեղագիտական այդ ձևերի սկզբունքներն ու չափորոշիչները կարևոր են թե պետության՝ միջազգային և արտաքին հարթակներում ներկայացման տեսանկյունից՝ մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տաղավարները տարբեր միջազգային ցուցահանդեսներում և հարթակներում, պետության արարողակարգային ներկայացումը տարբեր միջավայրերում ևն, այնպես էլ հանրային կյանքի կազմակերպման տեսանկյունից, որտեղ պետականության զգացողության ամրապնդումը քաղաքացիների շրջանում անկյունաքարային նշանակություն ունի։
Հայաստանի Հանրապետության պետականության զարգացումը ենթադրում է ոչ միայն իրավական, օրենսդրական, տնտեսական բաղադրիչների զարգացում, այլ նաև Հայաստանի Հանրապետության պետականության զարգացմանը նպաստող գեղագիտական ձևերի խրախուսում և աջակցություն, որոնք գալիս են լրացնելու և ամրապնդելու պետական և հանրային կյանքի մյուս բաղադրիչները՝ ամրապնդելով քաղաքացիական գիտակցությունը, պետությանը պատկանելության զգացողությունը, Հայաստանի Հանրապետության գեղագիտական ներկայությունը հանրային կյանքում։ Ընդ որում, գեղագիտական այդ ձևերի համար սկզբունքների և չափորոշիչների սահմանումը անհրաժեշտ է նաև սեփական երկրի ճանաչողության տեսանկյունից՝ որպես առաջին հերթին սեփական ներկայի ճանաչողություն։
Ներկայումս առկա չէ Հայաստանի Հանրապետության պետականության զարգացմանը նպաստող գեղագիտության տեղորոշման և դրա հետագա աջակցության որևէ համակարգված մոտեցում։ Պետության կողմից գործող տարբեր ծրագրերն ու աջակցության մեխանիզմները, հետևաբար իմաստավորված չեն Հայաստանի Հանրապետության տեսանկյունից, ձեռնարկվող քայլերն առավելապես ունեն առանձին միջոցառումների և ծրագրերի բնույթ, ինչը կարող է առաջ բերել հակասական ուղերձներ, երբեմն՝ հակոտնյա իրողություններ, ինչը ազդում է թե երկրի ներսում քաղաքացիների ընկալումների վրա, թե միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության ներկայացման վրա։ Միաժամանակ անհրաժեշտ է, որ պետության կողմից իրականացվող քաղաքականությունները և ձևակերպված նպատակադրումները նաև գեղագիտական դրսևորում ունենան՝ ամբողջացնելով և տեսանելի դարձնելով դրանք բոլոր հարթություններում։
Հայաստանի Հանրապետության պետականության զարգացմանը նպաստող գեղագիտական սահմանված սկզբունքներ և չափորոշիչներ, որոնք հնարավոր են դարձնում այդ ուղղությամբ բովանդակության հետագա խրախուսումն ու աջակցությունը պետական քաղաքականության տարբեր գործիքակազմերով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախագիծը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով սահմանված նպատակներին և սկզբունքներին, Հայաստանի վերափոխման ռազմավարությանը, մասնավորապես՝ Վերափոխման Ռազմավարության 1-ին և 16-րդ մեգանպատակներին, քանի որ ապահովելու է գիտելիքի, մշակույթի, գիտակցության և հմտությունների զարգացման միջոցով քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ և մրցունակ քաղաքացու ձևավորումը, ինչպես նաև ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստանի ստեղծումը և հայկական մշակույթի հանրահռչակումը։ Այն նաև ուղղակիորեն բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1951-Լ որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացմանև հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունից, մասնավորապես, մասնավոր նպատակ 1․1 գործողություն 5-ից, որն հատկապես ուղղված է անկախության շրջանի մշակութային ձևերի ուսումնասիրությանը և հանրահռչակմանը, ինչպես նաև մասնավոր նպատակ 3․1-ից, որի խնդիրն է նպաստել ազգային վերաինքնարժևորմանն ու ինքնաճանաչողությանը և այդ նպատակի շրջանակներում ձևակերպված գործողություններից։
«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի ծախսերի ավելացում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test