2023 թվականի սկզբին Հայաստանն ու Թուրքիան հայտարարեցին Անիի պատմական կամուրջը վերականգնելու մասին։
Դեռ 2023 թվականի փետրվարի 15-ին, երբ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այցելել էր Թուրքիա, վերադառնալուց հետո Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ կա որոշում՝ արագացնել վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը, այդ թվում՝ Անիի պատմական կամուրջը վերականգնելու համար։
Սեպտեմբերի 12-ին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 6-րդ հանդիպման ժամանակ կրկին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ վերականգնեն Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհ)։
Ինչո՞ւ 2 տարի առաջ հայտարարված վերականգնման աշխատանքները չեն մեկնարկել, արդյո՞ք վերականգնելուց հետո Անիի պատմական կամուրջը կունենա իր տեսքը։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի խոսքով՝ եթե պատմական հուշարձան է վերականգնվում, ապա պետք է հնարավորինս նախկին տեսքով վերականգնվի։ Հատկապես, եթե կան ավերակներ, բեկորներ ու հնարավոր է վերականգնումն իրականացնել հնարավորինս մոտ նախկին տեսքին։
«Այս կամրջի վերականգնումն իսկապես բարդ գործընթաց է՝ նկատի ունենալով նաև իր սահմանային տեղը, հուշարձանի հատուկ լինելը, որովհետև այնպես չէ, որ այս հզորությամբ ու նման ճարտարապետությամբ կամուրջներ մենք շատ ունենք։ Այստեղ մանրակրկիտ ուսումնասիրության կարիք կա, չհաշված սահմանային խոչընդոտները, որ կամրջի երկու հատվածները գտնվում են երկու տարբեր պետությունների տարածքում, երկու տարբեր աշխատախմբեր պետք է այնտեղ աշխատեն, եթե, իհարկե, այլ անհամաձայնություններ չկան այստեղ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Րաֆֆի Քորթոշյանը։
Րաֆֆի Քորթոշյանի դիտարկմամբ՝ կամրջի վերականգնումը նաև դժվար է նրանով, որ այն գրեթե ամբողջովին ավերված է, երկու հատվածներ են կանգնած գետի երկու ափերին, փլուզումից հետո բեկորների մի հատվածը հայտնվել է գետում։
«Վերականգնման շուրջ հնարավոր է՝ Հայաստանի ու Թուրքիայի տեսակետներում լինեն անհամաձայնություններ, բայց եթե կա անաչառություն, ապա պետք է առանց տարաձայնությունների վերականգնեն կամուրջը։ Սա երկուստեք առաջին փորձն է նման վերականգնման աշխատանք իրականացնելու ճանապարհին։ Եթե անաչառ լինեն, ապա աշխատանքը հեշտ կընթանա, այնտեղ գիտնականներ, ճարտարապետներ պետք է աշխատեն։
Հայկական կողմն ունի ներուժ պատմական հուշարձանները վերականգնելու համար, հայկական կողմի ներուժն ավելի բարձր է, հատկապես՝ պատմական հուշարձանների վերականգնելու հարցում, քան թուրքական կողմինը։ Թուրքիան կարող է տեխնիկայով ավելի հզոր լինել, բայց հայկական կողմն իր գիտական ներուժով, մտքով և իր մասնագետներով բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն»,- ընդգծեց Րաֆֆի Քորթոշյանը։
Հիշեցնենք, որ Անիի կամուրջը կառուցվել է 10-11-րդ դարերում՝ Ախուրյան գետի վրա։ Այն Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անին կապում էր Շիրակի մարզի հետ և համարվում էր միջնադարյան ամենամեծ կամուրջը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test