Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ»-ն այսօր խորհրդարան է ներկայացրել «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման հիմքերով վարչապետին անվստահություն հայտնելու մասին» հայտարարության նախագիծ, որն առաջիկայում պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում:
Ընդդիմադիր խմբակցությունը վարչապետին անվստահություն հայտնելու մի շարք հիմնավորումներ է ներկայացնում՝ Փաշինյանի կառավարությունը խարխլել է ազգային անվտանգությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարվել է, թշնամական ուժերն էլ 2021-ից տարածքներ են գրավել սահմանամերձ շրջաններում։
«Կառավարությունը ոչ միայն չի ապահովել երկրի ինքնիշխան տարածքի պաշտպանությունը, այլև պաշտոնական մակարդակով հրաժարվել է տարածքային վերահսկողությունը վերականգնելու հանձնառությունից, ինչը փաստացի լեգիտիմացնում է օկուպացիան», - ասված է նախագծում։
Անվստահություն հայտնելու հայտարարության նախագծում նաև նշվում է, որ կառավարությունն իր միակողմանի զիջումները քողարկում է «խաղաղության դարաշրջանի» և «խաղաղության խաչմերուկի» կեղծ հռետորաբանությամբ, որը հանգեցնում է Ադրբեջանի կողմից հերթական պահանջների առաջադրմանը և պարունակում է նոր ագրեսիայի վտանգ:
Արցախի հարցում «Պատիվ ունեմը» մեղադրում է Փաշինյանին հակամարտության՝ տասնամյակների բանակցային գործընթացի ձեռքբերումները ոչնչացնելու, արկածախնդրության հետևանքով սանձազերծված պատերազմի և հետո արդեն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար:
Սերժ Սարգսյանի առաջնորդած խմբակցությունը նաև արձանագրում է, որ կառավարությունը հանցավոր անգործություն է ցուցաբերել Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով պահվող գերիներին Հայաստան վերադարձնելու համար:
Մանրամասն ներկայացնելով երկրում ստեղծված իրավիճակը, «Պատիվ ունեմը» եզրահանգում է, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է կառավարելու լեգիտիմությունը, և որ նրա պաշտոնավարումը գոյության սպառնալիք է Հայաստանի համար։
Ստեղծված իրավիճակի միակ սահմանադրական լուծումը ընդդիմադիր խմբակցությունը համարում է խորհրդարանի կողմից վարչապետին անվստահություն հայտնելը, որը ենթադրում է գործընթացի շուրջ պատգամավորների համախմբում, անցումային կառավարության ձևավորում, ապա և ազատ ու արդար ընտրությունների անցկացում:
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի քննարկում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, որովհետև մենք զբաղված ենք իմփիչմենթի կազմակերպմամբ և հույս ունենք, որ դրանում մեզ կաջակցեն մեր բոլոր գործընկերները, որովհետև ընտրությունները այսպես թե այնպես լինելու են, իսկ մինչ այդ Փաշինյանը այնքան անդառնալի բաներ կարող է անել, որ արդեն բավական ուշ կլինի», - ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Ի դեպ, անվստահության գործընթացի շրջանակներում խմբակցությունն առաջիկայում ծրագրում է նաև խորհրդարանական լսումներ հրավիրել: Արձանագրելով, որ վարչապետի իմփիչմենթի գործընթացից բացի, այս պահին ընդդիմադիր ուժերի կողմից իշխանափոխության այլ առաջարկ չի հնչել՝ Մամիջանյանը նշում է, որ լսումների ընթացքում պատրաստ են լսել ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ նաև այլ առաջարկներ:
«Մենք ակնկալում ենք առաջին հերթին լսել լուծումներ, տարբերակներ, որոնք կիրառական հնարավոր են դարձնում իշխանափոխությունը Հայաստանում: Մեր առաջարկն այդ պարագայում իմփիչմենթի, իսկ եթե իրավական տերմինով՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, և մենք ակնկալում ենք, որ առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության շրջանում և արդեն նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ՀԿ-ների կկարողանանք ձևավորել կոնսենսուս և միահամուռ արդեն առաջարկը ներկայացնել մեր քաղաքացիներին», - շեշտեց պատգամավորը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test