Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Ավան նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 15-ին, շարունակվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Արմինե Մելիքսեթյանն էր։
Այս գործով արդեն ավարտվել են հիմնական դատալսումները, ավարտին են մոտենում արդեն եզրափակիչ ելույթները, մինչդեռ դատարանը գործի քննությունը սկսել էր օգոստոսի 15-ին՝ 1 ամիս առաջ։ Գործի քննության սկզբում գրեթե ամեն օր դատական նիստ էր նշանակվում, քննությունը հաճախ ձգվում էր աշխատանքային ժամից հետո։
Ըստ մեղադրանքի՝ Միքայել Աջապահյանը, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և լինելով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով ԶԼՄ-ները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Նիստի սկզբում Աջապահյանի պաշտպաններից Արա Զոհրաբյանը ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Նմանատիպ միջնորդություն փաստաբանը ներկայացրել էր նաև նախորդ նսիտին, սակայն դատավորը մերժել էր այն։
Ըստ Զոհրաբյանի՝ նախորդ նիստում դատավորը կայացրել է որոշում միայն Աջապահյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին, սակայն առանձին փաստաթղթի ձևով շարադրված որոշման մեջ իր կողմից կեղծ տեղեկություն է մտցրել՝ ավելացնելով Աջապահյանի իրավունքների լրացուցիչ սահմանափակում։ «Դատավորը սահմանափակել է սրբազանի հաղորդակցության իրավունքը ԶԼՄ-ների հետ, այնինչ նման որոշում չի կայացվել և չի հրապարակվել դատարանի կողմից»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ դատախազի կողմից էլ նման միջնորդություն չի ներկայացվել։
Արա Զոհրաբյանը նշեց, որ դատավորի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար հաղորդում ներկայացնելու հարցը քննարկվում է պաշտպանների կողմից։ «Սակայն իրականության այս աղավաղումը վկայում է դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմնակալ վերաբերմունքի մասին»,- նշեց Արա Զոհրաբյանը։
Դատարանը մերժեց Զոհրաբյանի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ դատավորի որոշման օրինականության հարցը կարող է բողոքարկվել վերադաս ատյանում, այլ ոչ թե նույն դատավորի մոտ։
«Մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվության առջև են կանգնելու»․ Արա Զոհրաբյանի եզրափակիչ ելույթը
Այնուհետև պաշտպան Արա Զոհրաբյանը եզրափակիչ ելույթ ունեցավ։ Իր խոսքում նա անդրադարձավ Աջապահյանին վերագրվող արարքի քրեական հակաիրավականությանը։ Զոհրաբյանի խոսքով՝ հանրային իշխանության մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են հանդուրժել իրենց հասցեին արված ավելի սուր քննադատություն, քան այն, որ թույլատրելի է մասնավոր անձանց հասցեին։
Նա նշեց, թե կոչը ինչ չափորոշիչներ ունի՝ պնդելով, որ Աջապահյանի խոսքերը կոչ չեն եղել։ Ըստ այդմ՝ կոչը պետք է լինի գործողություն պլանավորելու, նախապատրաստելու կամ իրականացնելու նպատակով այլ անձանց մասնակից դարձնելու դիմում կամ հրավեր, կոչերի նպատակն է նաև համախմբել մարդկանց, ուղղության տալ նրանց բռնի գործողություններին և երրորդ՝ կոչը պետք է լինի բացահայտ և ընկալելի՝ ուղղված մարդկանց լայն շրջանակներին՝ նրանց դրդելով բռնության կիրառման։
Այս չափորոշիչների լույսի ներքո Զոհրաբյանը վերլուծեց Աջապահյանին ուղղված մեղադրանքը։ «Աջապահյանի խոսքը տարիների վաղեմության, 44-օրյա պատերազմի ժամանակ զրույցների մասին է, որը հիշում է սրբազանն իր հարցազրույցում»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ «հարցազրույց» ձևակերպումը պայմանական է տալիս, քանի որ դա պարզապես քննարկում է եղել, որը լուսաբանել է հեռուստաընկերությունը։
Պաշտպանն ասում է, որ այդ քննարկման ընթացքում Աջապահյանն իր խոսքում անձանց չի դիմել, հրավիրել, և խոսքը անձանց լայն շրջանակին չի առնչվում։ «Որպես այդպիսին, հրապարակային և անորոշ անձանց դիմելու, հրավիրելու կառուցվածքային խոսք նկարագրված մեղադրանքում առկա չէ»,- նշեց Զոհրաբյանը։
Պաշտպանն ընդգծում է, որ մեղադրանքի կողմը չի էլ փորձել պարզել, թե Միքայել սրբազանն իրոք հանդիպե՞լ է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ և նման բան ասե՞լ է նրանց, թե դա ասել է փոխաբերական իմաստով։
Հիշեցնենք՝ մեղադրանքի հիմքում ընկած են երկու արտահայտություններ, որոնք մեղադրանքի կողմը որակել է ռազմական հեղաշրջում կատարելու կոչեր։ Դրանցից առաջինում «Գալա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Աջապահյանն ասել էր, որ իշխանությունը փոխելու երեք եղանակ կա՝ ընտրություն, հեղաշրջում և ժողովրդական ապստամբություն։ «Ուրիշ կա՞․․․ չկա ուրիշ։ Երեքն էլ անհնարին են սուբյեկտիվորեն։ Օբյեկտիվորեն հնարավոր են,- նշել է Աջապահյանը, ապա ավելացրել,- ուրեմն իմ էս վերջին 6 տարվա գործունեությունից պարզ չի՞, թե ես ինչ եմ ասում․ քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում է պետք, պատերազմի օրերին ասեցի, և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին»։
Երկրորդ հարցազրույցում, ըստ մեղադրանքի, Աջապահյանը վերահաստատել է իր միտքը՝ ի պատասխան լրագրողի հարցի՝ նշելով․ «Շատ էլ լավ եմ արել, ես իշխանությունը զավթելու կոչ չեմ արել, ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չէ։ Ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք»:
Արա Զոհրաբյանն ասաց, որ կոչը լսողը պետք է ընկալի, թե իրենից ինչ է պահանջվում անել։ Իսկ Աջապահյանի խոսքում բացահայտ և ընկալելի գործողության դրդման կոչ չկա։ Զոհրաբյանը նաև ներկայացրեց լեզվաբան-փորձագետների մեկնաբանությունները «կոչ» բառի վերաբերյալ՝ պնդելով, որ Աջապահյանի խոսքը կոչ չի պարունակել։
Ինչպես նախորդ պաշտպանները իրենց եզրափակիչ ելույթներում նշել էին, Արա Զոհրաբյանը ևս ասաց, որ Միքայել Աջապահյանի դեմ քաղաքական հետապնդում է տեղի ունենում իշխանության կողմից հոգևորականների դեմ ուղղված գործողությունների ֆոնին։ Արա Զոհրաբյանն ասաց՝ չունեն վստահություն, որ արդարադատություն կստանան, քանի որ դատավարության ընթացքում բազմաթիվ ճչացող խախտումներ են տեղի ունեցել։ «Բայց ես Ձեզ հավատացնում եմ, որ այս հարցով մենք հասնելու ենք արդարության։ Եվ այս հարցով մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվության առջև են կանգնելու»,- դիմելով դատավորին՝ ասաց Արա Զոհրաբյանը։
«Բացարձակապես աբսուրդ է, ապօրինի, շինծու է այն մեղադրանքը, ինչի համար որ ես մեղադրվում եմ»․ Միքայել Աջապահյանի եզրափակիչ ելույթը
Եզրափակիչ ելույթ ունցավ նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Ելույթի սկզբում նա նշեց, որ իր պաշտպանները հորդորել են գրել պաշտպանական ճառը, սակայն ինքը հրաժարվել է նախապես գրել այն՝ առաջնորդվելով ավետարանական հորդորով։ «Հիսուսը՝ մեր Տերը, ասել է՝ ձեզ տանելու են տարբեր ատյանների առաջ։ Բայց մի մտածեք՝ ինչ պիտի խոսեք, որովհետև Սուրբ հոգին կթելադրի, թե ինչ պիտի խոսեք»,- ասաց Աջապահյանը։
Նրա խոսքով՝ այս վերջին 80 օրերն իր կենսագրության համար հարստություն էին։ Աջապահյանի կարծիքով՝ այս դատավարությամբ բոլորի համար պարզ դարձավ, որ ինքը անմեղ է։ «Ես համոզված եմ, որ բոլորն էլ համոզված են, որ ես անմեղ եմ՝ ներառյալ դիմացս նստած մեղադրող կողմը, ներառյալ հարգարժան դատարանը, ներառյալ նրանք, որ պատվիրատուն են․ նրանք էլ են համոզված, որ ես անմեղ եմ։ Բայց երևի կարծում են, որ սրանով ինչ-որ բանի պիտի հասնեն»,- ասաց Միքայել Աջապահյանը։
Նա պնդեց՝ իր նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է իրականացվում այսօրվա իշխանությունների կողմից, որը մտնում է նրանց՝ «եկեղեցահալած» քաղաքականության մեջ։ Աջապահյանը խոսեց իր օրագիրը վերցնելու, ուսումնասիրելու և հրապարակայնացնելու մասին։ Նրա խոսքով՝ իրավապահները բարոյապես իրավունք չունեին դա անելու։ «Մտան օրագիր, որպեսզի էնտեղ գտնեին իրենց ուզածը, մի կոմպրոմատ գտնեին սրբազանի վրա։ Չգտան։ Գտել են 2022 թվի մի բան, որտեղ ասել եմ՝ «168 ժամ» լրատվականին տվեցի հարցազրույց, որտեղ ռազմական հեղաշրջման կոչ արեցի։ Դա բերել, կապել են 2024 թվականի փետրվարի խոսքիս հետ։ Ծիծաղելի է»,- ասաց Աջապահյանը։ Հոգևորականի խոսքով՝ ցանկացած իշխանություն, եկեղեցու հետ համեմատած, անվարժ արհեստավոր է։
Նա ասաց, որ իր կյանքի մեծագույն սխալը եղել է այն, որ 2018 թվականին ողջունել է Նիկոլ Փաշինյանին, որ կատարել է հեղաշրջում։ «Եվ դրանից 2 օր հետո, երբ ինքը հայտնեց իր՝ վարչապետ դառնալու մտադրության մասին, ես հետ կանգնեցի։ Եվ այդ օրվանից սկսվեց այս քաղաքական իշխանության մոտեցման փոփոխությունն իմ նկատմամբ»,- ասաց Միքայել Աջապահյանը։
Նրա խոսքով՝ իշխանությանը քննադատել է շատ մեղմ մինչև 2020 թվականի պատերազմը։ Աջապահյանը հիշեցրեց նաև, որ քննադատությամբ հանդերձ պատերազմի օրերին պետության և պետականության կողքին են եղել հոգևորականները։ Ըստ նրա՝ ընդառաջ են գնացել իշխանության խնդրանքին և այդ օրերին հաղթանակի, չպարտվելու մասին կոչով են դիմել ժողովրդին։
«Հետո իրեն գերագույն, գլխավոր հրամանատար կարծող անձը հարբած վիճակում ասաց՝ ո՞վ է, որ կասկածում է իմ կարողությունների վրա։ Եվ դրանից հետո ու միշտ լրագրողները պարբերաբար ինձ անհանգստացնում էին՝ ի՞նչ կասեք այս մասին։ Եվ ես երբևէ չեմ կանչել որևիցե մի լրագրողի, ասել՝ արի, քեզ բան ունեմ ասելու, երբևիցե չեմ մտել ուղիղ եթեր՝ ինչ-որ բան ասելու։ Եվ երբ դրանից հետո լրագրողները հարցրել են՝ ի՞նչ կասեք, ասել եմ՝ պետք է ռազմական հեղաշրջում»,- ասաց Միքայել Աջապահյանը։
Նա նշեց, որ այդ խոսքերը 2020 թվականին ասել է, քանի որ Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է եղել այս երկրի համար, և այդ սպառնալիքը պետք է չեզոքացվի, վնասազերծվի։ «Եվ սա է, որ ասում եմ առայսօր, ասում եմ նաև այսօր»,- ասաց Աջապահյանը։
Նա մեկնաբանեց, թե ինչ է հասկանում՝ ասելով ռազմական հեղաշրջում։ Ըստ Աջապահյանի՝ դա այն է, ինչ Հայաստանում տեղի է ունեցել 1998 թվականին։ «Նախագահն իր հրաժարականի մեջ ասաց՝ ձեզ հայտնի ուժերի պահանջով ես հրաժարական եմ ներկայացնում։ Այդ օրվա ռազմական, ուժային գերատեսչությունների պահանջով՝ 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց»,- ասաց Աջապահյանը։
Նա հռետորական հարցեր հնչեցրեց, թե որևիցե մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է 1998 թվականի հեղաշրջման համար, որևիցե մեկի «քիթը արյունե՞լ է» 1998 թվականի հեղաշրջման ժամանակ, արյուն թափվե՞լ է, զոհեր եղե՞լ են։ «Ահա, թե ես ինչ եմ հասկացել և այսօր էլ հասկանում եմ ռազմական հեղաշրջում ասելով»,- պարզաբանեց Միքայել Աջապահյանը։
Նրա խոսքով՝ այդ նույն միտքը բազմիցս հնչեցրել է 2020 թվականից սկսած՝ սակայն այն ժամանակ իրավապահների գնահատմամբ՝ հանցագործություն չի գործել ինքը, սակայն հիմա, երբ հոգևորականների նկատմամբ հետապնդում են իրականացնում, իշխանությունները որոշել են, որ այդ մտքերը հեղաշրջում կատարելու կոչեր են, որոնց համար Աջապահյանը պետք է պատասխանատվության ենթարկվի։
Խոսելով մեղադրանքի հիմքում ընկած դրվագներից՝ Աջապահյանն ասաց, որ 2024 թվականի փետրվարին «Գալա» հեռուստաընկերության եթերում հրապարակված իր խոսքը իր նախաձեռնությամբ չէ, որ լուսաբանվել է։ Ըստ նրա՝ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում քննարկման մասնակիցները 1 ժամից ավելի խոսել են, իրենց կարծիքն են արտահայտել, իսկ ինքը վերջում ամփոփիչ խոսք է ունեցել։ Ըստ Աջապահյանի՝ հեռուստաընկերությունը հարցրել է իրեն՝ կարո՞ղ են լուսաբանել քննարկումը, ինքն էլ տվել է իր համաձայնությունը։ «Ես բնավ չեմ պատվիրել «Գալային», որ եկեք տեսագրեք։ Հաջորդ օրը սկզբում հատվածներ դրեցին, հետո ամբողջությամբ դրեցին։ Սա նշանակում է, որ ես եմ պատվիրե՞լ։ Սա նշանակում է, որ սկզբում դրեցին այն հատվածները, որ իրենց հարմար էր, հետո որ տեսան արձագանքը մեծ է, դրեցին ամբողջությամբ»,- ասաց Միքայել Աջապահյանը։
Նա նշեց նաև, որ այդ քննարկումից առաջ էլ տևական ժամանակ ամենօրյա հսկողության տակ է եղել, հսկել են իր գործողությունները, գրի են առել, թե ով է մտնում և դուրս գալիս իր մոտից։ Աջապահյանի խոսքով՝ քանի որ ինքը հսկողության տակ է եղել, իրավապահները իմացել են քննարկման մասին և նաև այդ ընթացքում հնչեցված իր մտքերի մասին։ Աջապահյանն ասում է՝ եթե կարծում էին, թե ինքը այդ օրը հեղաշրջման կոչ է արել, ապա առգրավեին հեռուստաընկերության տեսագրությունը՝ չթողնելով, որ այն եթեր հեռարձակվեր։
Աջապահյանը հարցնում է, թե իր, այսպես ասած, կոչից հետո գրանցվե՞լ է մի դեպք, «որ ոստիկանության որևէ սերժանտ քարով խփեր Կառավարության շենքի ապակին ջարդեր և ասեր՝ Սրբազանը որ ասել է հեղաշրջում, հեղաշրջում եմ անում»։ Նրա պնդմամբ՝ որևէ մեկը իր «կոչից» հետո որևէ հանցանք չի գործել։
«Բացարձակապես աբսուրդ է, ապօրինի, շինծու է այն մեղադրանքը, ինչի համար, որ ես մեղադրվում եմ և ինչի համար որ 81 օր է՝ կալանքի մեջ եմ և չգիտեմ, թե ինչքան պատվարժան դատարանը հարկ կհամարի, որ լինեմ»,- նշեց արքեպիսկոպոս Աջապահյանը։
Միքայել Աջապահյանը նշեց, որ բոլոր ավտորիտար երկրներում բարձրաստիճան հոգևորականներին քաղաքական դրդապատճառներով ձերբակալում են։ «Այո, այս իշխանությունը դեմոկրատիայից հեռու է։ Եվ իր լկտիությամբ, իր լպիրշությամբ, իր ցինիզմով, այսօրվա իր արտահայտություններով․․․»։ Աջապահյանի այս խոսքն ընդհատեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը՝ հորդորելով եզրափակել ելույթը։ Ի պատասխան դատավորի արձագանքի՝ Աջապահյանն ասաց․ «Ձեր ռեակցիայից երևում է, որ քաղաքական պատվեր է։ Որովհետև հենց խոսում եմ քաղաքական իշխանությունից, Դուք հիշեցնում եք, որ ես շեղվում եմ կամ ավարտեմ»։
«Ես Աստծուց տրված իշխանությամբ դատապարտում եմ ձեզ, եթե դուք անմեղ մարդու դատապարտեք և դրա հատուցումը կտեսնեք․․․ ոչ ոք չի խուսափի Աստծո պատժից․․․ Ուրեմն ինձ Աստծուց տրված իշխանությամբ ես կդատապարտեմ բոլոր նրանց, ովքեր իրենց մատը կթաթախեն իմ անմեղության մեջ և կփորձեն այդ անմեղության հաշվին կայանալ կամ տուն պահել, այդ տունը կքանդվի»,- դիմելով իշխանություններին և իր նկատմամբ քրեական հետապնդումով զբաղվող և զբաղված իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ ասաց Միքայել Աջապահյանը։
«Հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները չեն կարող ներկայացվել որպես քաղաքական հետապնդումը հիմնավորող փաստարկ»․ հանրային մեղադրող
Արձագանքելով եզրափակիչ ելույթներին՝ հանրային մեղադրողն ասաց, որ այդ ելույթներում իր խոսքերը շատ հաճախ փոփոխվել են և ներկայացվել այլ կերպ։ Նրա խոսքով՝ Աջապահյանի օրագրից արված մեջբերումները 2024 թվականին արված գրառումներ են եղել, այլ ոչ թե 2022 թվականի, ինչպես նշեց Միքայել Աջապահյանը։
Ի պատասխան պաշտպան Երեմ Սարգսյանի պնդմանը, թե մեղադրանքի կողմը մեխանիկական ձևով է շարադրել ապացույցները եզրափակիչ ելույթում՝ հանրային մեղադրողն ասաց․ «Պաշտպանական կողմի նման արձագանքը սպասելի էր, քանի որ դատաքննության ողջ ընթացքում պաշտպանական ողջ մարտավարությունը կառուցվել էր հենց այն տրամաբանությամբ, որ մեղադրանքի կողմը որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել։ Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, քանի որ մեղադրանքի կողմը եզրափակիչ ելույթում մանրամասն շարադրել է դատաքննության ընթացքում հետազոտված, վերաբերելի և թույլատրելի այն ապացույցները, որոնք հաստատում են մեղադրյալին վերագրվող արարքը նրա կողմից կատարած լինելու հանգամանքը»։
Հանրային մեղադրողն ասաց նաև, որ իրենց կողմից հստակ նկարագրվել է, թե մեղադրյալի ինչպիսի խոսույթն է համարվել կոչ և ինչ պատճառով։
Անդրադառնալով պաշտպանական կողմի այն պնդմանը, թե Աջապահյանի հնչեցրած խոսքը ոչ թե հարցազրույցի ժամանակ է ասվել, այլ դա եղել է քննարկում, հանրային մեղադրողն ասաց․ «Դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը դատարանին է ներկայացրել «Փորձագետի կարծիք» վերտառությամբ փաստաթուղթ և միջնորդել այն ճանաչել որպես ապացույց։ Հատկանշական է, որ հենց պաշտպանական կողմը համապատասխան բնագավառի մասնագետին ուղղված հարցերի ընթացքում օգտագործել է «հարցազրույց» տերմինը, ինչը վկայում է այն մասին, որ, ամեն դեպքում, պաշտպանական կողմը համաձայն է մեղադրանքի կողմի նման դիրքորոշման հետ»։
Իսկ ինչ վերաբերում է քաղաքական հետապնդում իրականացնելու հանգամանքին, հանրային մեղադրողն ասաց, որ հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները չեն կարող ներկայացվել որպես տվյալ դիրքորոշումը հիմնավորող փաստարկ։ «Ավելին, դատաքննության ընթացքում հետազոտված յուրաքանչյուր ապացույց օժտված է լեգիտիմության բարձր աստիճանով։ Այն հիմնված չէ որևէ անձանց հայտնած տեղեկությունների վրա, մեղադրանքի կողմը ներկայացված մեղադրանքը կառուցել է բացառապես թույլատրելի և վերաբերելի ապացույցների ամբողջության վրա»,- ասաց հանրային մեղադրողը։
Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ նիստը այսքանով հետաձգվեց։ Գործով հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 2-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 1 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։ Նա հունիսի 28-ից կալանավորված է։
Ըստ առաջադրված հոդվածի՝ Միքայել Աջապահյանին սպառնում է պատիժ՝ տուգանքից մինչև ազատազրկում՝ 5 տարի ժամկետով:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test