PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը սեպտեմբերի 16–ի նիստում որոշել է վերացնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը ու նրա նկատմամբ 5 մլն դրամ գրավ կիրառել, հայտնում է Factor.am-ը։
Հակակոռուպցիոն դատարում քննվող գործով Վարդան Ղուկասյանը մեղադրվում է 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու մեջ։
Դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ղուկասյանը հայտարարել է, թե երկրում հարուցվող բազմաթիվ քրեական գործերը զարմացնում են իրեն, իսկ դատական գործընթացները համարել է կողմնակալ, հայտնում է Sputnik Արմենիան։
«Աշխարհում չկա մի երկիր, որ իր ժողովրդին այսքան հոգս պատճառի։ Նախկին քաղաքապետների 99 տոկոսը դատվում է, երկրում առողջ ուժը քարկոծվում է, վատ պիտակներ են կպցնում։ Ում հետևից որ ժողովուրդը գնում է, պետք է անպայման պետության կողմից թիրախավորվի»,- ասել է նա։
Ղուկասյանը վստահեցրել է, որ դատարանի առաջ կանգնել է միայն այն բանի համար, որ հողատարածքներ է տրամադրել քաղաքացիներին՝ բնակարանաշինության և սպասարկման տարածքներ հիմնելու նպատակով։
«Երկրաշարժ տեսած քաղաքապետը, երկրաշարժ տեսած քաղաքում, եթե նմանատիպ գործելաոճ չունենա, ուրեմն նրան պետք է վռնդել քաղաքապետարանից։ Քաղաքի հատակագիծը փոփոխական է եղել։ 2006 թվականին է գործարկվել, բայց դրանից հետո 2023 թվականին են միայն քաղաքի հատակագիծը կարգավորել։ Հիմա նորից փոփոխություն է արվում։ Եթե մարդկանց թողել եմ, որ բնակարան կառուցեն 90 տոկոս փլված քաղաքում, ուրեմն մեղավո՛ր եմ»,- նշել է Ղուկասյանը։
Գյումրու ընդդիմադիր քաղաքապետը համոզված է, որ իր որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործն էլ ունի քաղաքական դրդապատճառ։
«Երբ ինքը գնաց սրբազանի (Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի–խմբ.) դատին, ասացի` քեզ կձերբակալեն։ Մի տարի անցել է, հիշել են «շիբինը», որը փողոցներում են թափում, դրա համար ասում են՝ 90 հազար է կազմում, որը քաղաքապետարանում որպես գույք նստած չէ ու արժեք չի ներկայացնում։ Ծիծաղի առարկա է»,- ընդգծել է Վարդան Ղուկասյանը։
Նա հավելել է, որ դա հերթական գործ կարելու դեպքն է։
«Իմ որդին կրակն է ընկել իր հոր ձեռքը, որ իր հերը չի գնում Պետության հետ համագործակցության ու հայրենիքի շահերն է պաշտպանում»,- ասել է Ղուկասյանը, հայտնում է Factor.am-ը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ երբ պետությունը տեսնում է, որ քաղաքը խաղաղ է, «խռովություն է մտցնում» երիտասարդության շրջանում։ Ղուկասյանը նաև հայտարարեց, որ ինքը, առաջադրվելով որպես Գյումրիի քաղաքապետ, միշտ ընտրվելու է։
«Ինչքան առաջադրվեմ, այնքան անցնելու եմ»,- ասել է Ղուկասյանը։
Սեպտեմբերի 12-ին Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք՝ երկամսյա ժամկետով։ Նրա դեմ քրեական վարույթ է սկսվել շորթման հոդվածով։
Ըստ քրեական վարույթի՝ Սպարտակ Ղուկասյանը դատարանի առաջ է կանգնել Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակցի հաղորդման հիման վրա։ Վերջինս իրավապահներին հայտնել է, որ Սպարտակ Ղուկասյանի ցուցումով քանդված սալահատակների հողախառն և բետոնախառն զանգվածը մեքենայով տեղափոխել է այլ վայր։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test