Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Թե ինչպես է Փաշինյանը Պետրոս Մակեյանին զրկել իրեն հասանելիք շահույթից hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Թե ինչպես է Փաշինյանը Պետրոս Մակեյանին զրկել իրեն հասանելիք շահույթից

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչից սիրում է փող սարքել: Եվ նրանց, ովքեր չունեն այդ ունակությունը, անպիտան է համարում, կարծում է, որ աղքատությունը նրանց գլխում է, իսկ «Կրթվելը նորաձեւ է» դասախոսությունների ժամանակ հատուկ դուրս է գալիս բեմ ու փառաբանում KFC-ի սեփականատեր Սանդերսին, որը լավ հավ տապակելով միլիոնատեր է դարձել: Սովորելն էլ, ըստ նրա, մի նպատակ ունի` լավ ապրելու: Հասկանալի է, որ նման պրագմատիկ գործիչն իրենը բաց չէր թողնի եւ ամեն լծակ կօգտագործեր, որ իր տնօրինած «կոպեկն» ուրիշին չտա հանկարծ: Անգամ հիմա, երբ ոչ թե խմբագիր է, այլ՝ վարչապետ, բարձր աշխատավարձ է ստանում ու պետական բարիքներից է օգտվում, նա չի ցանկացել «Հայկական ժամանակ» թերթի փայատեր ու հիմնադիր, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին «Հայկական ժամանակ» օրաթերթից իրեն հասանելիք մասնաբաժինը տալ։

Պատմությունը հին է, գալիս է 90-ական թվականներից. «Հայկական ժամանակ» թերթը 1997 թվականին հիմնադրել էին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամները` Պետրոս Մակեյանը, լուսահոգի Էդուարդ Եգորյանը, այլք: Այն ժամանակ Փաշինյանն «Օրագիր» թերթի խմբագիրն էր: Մակեյանը պատմում է, որ 1999 թվականին Նիկոլի թերթն ընկել էր դատական քաշքշուկի մեջ, եւ կասեցվել էր «Օրագրի» տպագրությունը: «Նա եկավ, մեզ խնդրեց, որ ժամանակավորապես «ՀԺ»-ն իրեն հանձնենք, որ հնարավորություն ունենա թերթ հրատարակելու եւ դատարանում պաշտպանվելու: Եգորյանը մահացավ 99-ին, Նիկոլը 2000 թվականին եկավ, խնդրեց, որ թերթն իրեն փոխանցենք։ Որոշեցինք 50 տոկոսն իրեն տալ, 50 տոկոսը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը մնաց: Իսկ 2001-ին նա ասաց՝ կլինի՞, որ ամբողջ թերթն իրեն տանք: Մնացինք միայն ես ու ինքը: 90 տոկոսն իրենն էր, 10 տոկոսը` իմը: Հետո՝ 2014 թվականին, պարզվում է, որ 70 տոկոսը տվել են Աննա Հակոբյանին, 20 տոկոսը՝ Հայկ Գեւորգյանին, 10 տոկոսն էլ մնացել է ինձ»,- ներկայացնում է Պետրոս Մակեյանը:

Մինչեւ 2018-20 թվականները Մակեյանը թերթից իր շահաբաժինը չի ստացել` համարել է, որ դա էլ իր օգնությունն է թերթին, որը պայքարում է իշխանությունների դեմ: Բայց 20 թվականից հետո, երբ պարզել է, որ երկիրն իր ուզած ուղղությամբ չի գնում, որոշել է ստանալ իր շահաբաժինը, բայց նրան դուռն են ցույց տվել: 2021-ին, տեսնելով, որ իրեն ամբողջությամբ անտեսում-արհամարհում են, Մակեյանը փորձել է վաճառել «ՀԺ»-ն հրատարակող ՍՊԸ-ում իր ունեցած մասնաբաժինը` 10 տոկոսը: «2 հոգի գնորդ եղավ: Մեկը Տիգրան Արզաքանցյանն էր, որին տարավ իր մոտ, խորհրդի անդամ դարձրեց, մյուսն էլ նախկին ոստիկանապետ էր` Քոչարյանի թիմից, նրան, կարծում եմ, վախեցրին»,- պատմում է Պետրոս Մակեյանը, որը, փաստորեն, զրկվել է սեփական մասնաբաժինը վաճառելու իր իրավունքից: Դրանից հետո Մակեյանը դիմել է դատախազություն, հաղորդել է, որ թույլ չեն տալիս՝ իր սեփականությունը տնօրինի, որ 2014 թվականի բաժնետերերի ժողովին, որի ժամանակ «ՀԺ»-ի բաժնետերերի կազմն է փոխվել, ինքը ներկա չի եղել, որ ժողովի արձանագրությունը, որի համաձայն ինքը մասնակցել է դրան, կեղծված է:

«Արձանագրության մեջ կատարված նշումը, որի համաձայն իմ վստահորդը մասնակցել է նշված ժողովին, իրականությանը չի համապատասխանում եւ կեղծիք է: Պետրոս Մակեյանը չի մասնակցել այդ արտահերթ ընդհանուր ժողովին: Այդ ժողովի, բաժնեմասերի նվիրատվության, ընկերության գործադիր մարմնի փոփոխության, ինչպես նաեւ՝ ընկերության մասնակիցների կազմի փոփոխության մասին նա տեղեկացել է 2021 թվականի սեպտեմբերի 27-ին»,- նշում է Մակեյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը: Բայց պարզ է, որ Քննչական կոմիտեն գործող վարչապետի շահերն էր պաշտպանելու: Պետրոս Մակեյանը եւ նրա փաստաբանը կարծում են, որ ՔԿ-ն ապօրինի, ձեւական քննություն է իրականացրել:

«Այդ ողջ վարույթի ընթացքում ոչ մի առերեսում Փաշինյանի կամ Աննայի հետ չեղավ: Օբյեկտիվ քննություն չի եղել: Այն, որ Աննան, որը նվիրատվություն էր ստացել` առանց փայատերերի ժողովի համաձայնության, քննության առարկա չդարձավ: Իրենք հարցաքննեցին միայն երկու ՔՊ-ական պատգամավորի՝ «ՀԺ»-ի փայատեր, պատգամավոր Հայկ Գեւորգյանին եւ Արուսյակ Մանավազյանին: Անգամ թերթի հաշվապահին՝ Վալյա Շահվերդյանին, որն այդ ժողովի ժամանակ քարտուղարն էր, չեն հարցաքննել»:

Ի դեպ, Վալյա Շահվերդյանին են ուղարկել քրեական գործ չհարուցելու մասին որոշումը, որի մեջ գրված է, որ հարցաքննվել են Արուսյակ Մանավազյանը եւ Հայկ Գեւորգյանը: Նրանք՝ երկուսն էլ ասել են, որ չեն հիշում, թե ովքեր են մասնակցել բաժնետերերի ժողովին: Արուսյակ Մանավազյանն էլ ասել էր` Վ. Շահվերդյանը 80-ն անց կին է, տեղաշարժվելու դժվարություններ ունի, այսինքն` մի հրավիրեք հարցաքննության, իմ տված ցուցմունքը բավարար է:

Փաստորեն, հարկեր վճարելու քարոզիչ ՀՀ վարչապետը, որի համար հարկ վճարողը թիվ մեկ հերոսն է, ինքն է թաքցրել իր թերթի եկամուտները, որ 10 տոկոս փայաբաժին ունեցող անձին իր հասանելիքը չտա: Մինչդեռ «Հայկական ժամանակի» հետ թերթերի տարածման «Պրեսստենդ» գործակալությունն աշխատում էր առանց վերադարձի` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ աֆիլացված այդ գործակալությունը Փաշինյանի թերթի բոլոր համարները գնում էր, անգամ եթե դրանք կրպակներում չէին վաճառվում:

Ի՞նչ է եղել կարճման որոշումից հետո, արդյո՞ք Պետրոս Մակեյանն ու իր փաստաբանը հաշտվել են Մակեյանի մասնաբաժինը խլելու իրողության հետ: «Ոչ, մենք սկսել ենք դատական բողոքարկումները։ Երկու վարույթ է ընթացել, մինչեւ վճռաբեկ հասել ենք ու, ցավոք, պարտվել, թեեւ դա սպասելի էր: Օրինակ, վարույթներից մեկը մակագրվել էր Մասիս Մելքոնյանի վրա»,- ասում է Պապիկյանը: Իսկ Մասիս Մելքոնյանը, ինչպես հայտնի է, քաղաքական հայցեր քննող իշխանության սիրելի դատավորներից է:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test