Aravot.am-ը քանիցս անդրադարձել է Երևանում անցկացվող սարոյանական օրերին:
Ամենատարբեր միջոցառումներ իրականացան: Ուշագրավ էր նաև պանելային քննարկումը ՀԲԸՄ-ում:
Մոդերատոր Անուշ Տեր-Խաչատրյանի հետաքրքիր հարցերն ուղղված էին սարոյանագետներ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, դոցենտ և Վ. Սարոյանի անվան միջազգային մրցանակի դափնեկիր դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանին, թատերագետ, արձակագիր, դոցենտ Անուշ Ասլիբեկյանին և թարգմանիչ Արամ Օհանյանին: Երեք բանախոսներն էլ այս տարի սարոյանասերների սեղանին դրեցին մեծանուն հեղինակի նոր գրքեր:
Է. Զոհրաբյանի թարգմանությամբ տպագրվել է Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» պիեսների գիրքը, Ա. Ասլիբեկյանի գիտական աշխատությունը՝ «Վիլյամ Սարոյանի դրամատուրգիայի բնույթը և հայ բեմը» ու Ա. Օհանյանի՝ ռուսերենով «Ձեր կյանքի ժամանակը» պիեսի բեմադրությունների մասին պատմությունը:
Միջոցառմանը ներկա էր Սարոյան հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը, որը տպավորված էր բանախոսների ելույթով՝ մասնավորապես նշելով Էլֆիք Զոհրաբյանի և Անուշ Ասլիբեկյանի հետաքրքիր մեկնաբանությունները մեծանուն գրողի մասին:
Ֆրեզնոյի մասին տեսանյութից հետո նաև հարցազրույց էր անիմատոր Յուրա Բոգուսլավսկու հետ, որը նկարահանել էր անիմացիոն ֆիլմ «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը» պատմվածքի հիման վրա: Պանելային քննարկման ժամանակ հարց ուղղվեց բանախոսներին՝ նշանավոր գրողի արձակն է առաջնագծում, թե՞ դրամատուրգիան, և հնչեցին տարբեր պատասխաններ: Ա. Ասլիբեկյանը նախապատվությունը տվեց թատերագրությանը, Ա. Օհանյանը՝ արձակին, իսկ Է. Զոհրաբյանը պատմեց հետաքրքիր դեպք՝ կապված աբսուրդիստ Սեմյուել Բեքեթի ու Սարոյանի հետ՝ այլաբանորեն պատասխանելով հարցին:
Այսպիսի մի հարց էլ հնչեց՝ ի՞նչ կասեր Սարոյանը, եթե ներկա լիներ այս միջոցառմանը: Յուրաքանչյուր բանախոսի պատասխան հետաքրքիր էր, իսկ սարոյանագետ Է. Զոհրաբյանը Սարոյանի անունից հումորով պատասխանեց. «Սքո՛թ, պարապ մի՛ նստիր. թարգմանել տուր իմ անտիպ, լավ գործերը ու ցրիր աշխարհով մեկ…»: Բանախոսի իմպրովիզի ենթատեքստը հասկանալի էր. գրողի ահռելի արխիվով ու անտիպ նյութերով զբաղվել շարունակելը: «Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը ծիծաղեց, իսկ նրա քույրը, որ ներկա էր քննարկմանը, զարմացած ժպտաց, հավաստելով, թե Սարոյանն իրոք այդպիսի բան ասել է ժամանակին…
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test