Համացանցում մեծ աղմուկ են բարձրացրել Նիկոլ Փաշինյանի դիտարկումները «Ցանկապատ» ներկայացման մասին։ Նրան հատկապես զայրացրել է «Չկա առաջնորդ, որը ցանկապատը քանդի ու ստեղծի Հայաստան» արտահայտությունը, եւ նա դասախոսություն է կարդացել դերասանների գլխին.
«Հայաստան ունենալու համար պետք է ցանկապատ, ոչ թե քանդել այն։ Երբ ցանկապատը քանդում ենք, Հայաստանը ոտքի տակ է հայտնվում։ Գնացեք Կիրանց ու տեսեք՝ ոնց է դրվում ցանկապատ, եւ կառուցվում Հայաստան»: Մկրտիչ Արզումանյանը` Մկոն էլ փորձել է արդարանալ. «Այսօրվա մասին չէ ներկայացումը, 1920 թվականների դեպքերի մասին է»։ Տեսանյութի ներքո մարդիկ իրենց զարմանքն ու վրդովմունքն էին հայտնել, ոմանք էլ ստատուսներ էին գրել:
- Համացանցում բավականին մեծ աղմուկ է բարձրացրել Նիկոլ Փաշինյանի խոսքը, երբ իրեն հատուկ միապետի ոճով վերլուծում եւ խորհուրդներ է տալիս, թե ինչպես էր պետք բեմադրել ներկայացումը: Ի վերջո` ինչի՞ մասին է «Ցանկապատ»-ը: Ինչի՞ց ծագեց այս աղմուկը` ըստ Ձեզ:
- Ներկայացումը Ստեփան Զորյանի «Ցանկապատ» պատմվածքի հիման վրա է բեմադրվել: Երկու հարեւան ցանկապատի համար կռիվ են անում, անհաշտ են, գյուղապետը գալիս ասում է` ո՛չ քեզ, ո՛չ քեզ, թուրքերը գյուղ են մտնում: Խոսքը 1920 թվականի մասին է` Կարսում ծավալվող գործողությունների մասին: Ինչ վերաբերում է աղմուկին, ապա ես դա աղմուկ չէի էլ անվանի, մեր հանրությունը սիրում է ոչ մի բանից մեծ պատմություն սարքել: Ստեղծագործությունը բավականին էմոցիոնալ է: Խոսքը մեր հարյուր տարվա պատմության կրկնության մասին է:
- Տպավորություն էր, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է խելք սովորեցնել դերասաններին, մասնավորապես` Մկրտիչ Արզումանյանին, եւ Արզումանյանը չի հակադրվում, չի ընդդիմանում եւ դեռ մի բան էլ արդարանում է:
- Ես համակարծիք չեմ, որ նա մեզ խորհուրդ է տվել կամ խելք է սովորեցրել: Մենք բնավ դրա կարիքը չունենք: Ստեղծագործության մեսիջն այն է, որ եթե մարդը չի սիրում իր հողը, ի դեպ, խոսքը մարդու մասին է առհասարակ, դա նշանակում է, որ այդ հողը վերջանում է տանդ պատերից այն կողմ: Արդյունքում` անպայման քո հայրենիքը, քո հողը քո ձեռքից անպայման կգողանան, կտանեն, կխլեն, կսպանեն.... մարդ պետք է այնքան սիրի իր հողը, որ ամուր պահի այն: Ներկայացման իմաստը դա է:
- Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են Արցախը հանձնելու մեջ, Կիրանցից տարածքներ հանձնելու, թշնամի պետության հետ բարեկամանալու մեջ եւ այլն: Փաշինյանն ընկալե՞ց, Ձեր կարծիքով, ձեր ստեղծագործության մեսիջը:
- Մեր ներկայացումը բացարձակ ապաքաղաքական ներկայացում է, ես բացարձակ ապաքաղաքական մարդ եմ, ներկայացումը մշակույթ է, արվեստ: Ես ոչ մեկից չունեմ կախվածություն: Մենք կազմակերպել ենք, բեմադրել ենք, մեր դռները բաց են բոլորի առաջ: Անկախ այն բանից՝ հանդիսատեսը գող է, ավազակ է, հանցագործ, բժիշկ, դասախոս, վարչապետ, թե մտավորական, մեր դռները բոլորի առաջ բաց են, մենք չենք կարող խտրական վերաբերմունք դրսեւորել: Բոլորն էլ ունեն իրավունք՝ գալ եւ դիտել ներկայացումը: Թատրոնն այնպիսի մի երեւույթ է, որ հանդիսատեսին տալիս է տարբեր մեսիջներ: Ամեն մի հանդիսատես ունի իր ընկալումները: Մեկը բարձրաձայնում է, մյուսն ավելի համեստ է, մեկն էմոցիոնալ է: Ես հանդիսատեսի ապրումների եւ էմոցիաների համար պատասխանատու չեմ: Մեկը կարող է մի տեսարանից լաց լինել, հուզվել, իսկ մյուսը կարող է նույն տեսարանի վրա ծիծաղել, ուրախանալ:
- Եթե կարեւորում եք հողը պահելու գաղափարը, վստահաբար՝ կողմ չեք հող հանձնելու գաղափարին: Չունե՞ք կարծիք այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում այսօր: Ահռելի տարածքներ, մի ամբողջ պետություն ենք կորցրել....
- Ես, իհարկե, ունեմ կարծիք, բայց իմ կարծիքն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ: Ես մտածում եմ որպես արվեստի մարդ, իմ կարծիքն իմ ներկայացման տողատակերի մեջ է: Ներկայացումն ասում է` հայ մարդ, եթե չես ուզում, որ քո հողը հանձնեն, հայ մարդ` շեշտում եմ, այդ դեպքում պետք է սիրես քո ունեցածը, գնահատես, փայփայես, սիրես, ի վերջո: Սերը բառերով ու կենացներով չէ: Սերը հողի վրա ապրելով է, ծաղիկ տնկելով է, հողն այնպես պետք է սիրես, որ դիմացինը տեսնի` այն սիրո արգասիք է: Եթե իսկական սիրով սիրես քո հողը, այն քո ձեռքից չեն գողանա: Բայց եթե խոսքերով սիրում ես այն, բայց իրականում թքած ունես ամեն ինչի վրա, այն քո ձեռքից տանելու են: Ներկայացման մեջ ասվում է․ «Հողն անսահման է, չունի սահմաններ, սակայն պատկանում է նրան, ով գիտի դրա արժեքը»: Ինչ վերաբերում է մեզ քննադատողներին, ապա ես նրանց կասեմ հետեւյալը` ցավում եմ, որ իրենք սիրում են միայն վերնագիր կարդալով քննադատել: Հրավիրում եմ նրանց գալ եւ դիտել ներկայացումը եւ հասկանալ, թե ինչի մասին է այն: Ես հարգում եմ ցանկացած կարծիք, բայց չի կարելի նյութի վերնագիրը կարդալով հաստափոր քննադատություն գրել: Եթե չես նայել ներկայացումը եւ քննադատում ես, դա նշանակում է՝ քո քննադատությունն անհիմն է:
- Նիկոլ Փաշինյանն ու մյուս իշխանավորներն ինչպե՞ս որոշեցին դիտել ներկայացումը: Դո՞ւք էիք հրավիրել, թե՞ նրանք էին ցանկություն հայտնել այն դիտելու:
- Նրանք ցանկություն էին հայտնել, ես էլ հրավիրատոմս էի ուղարկել: Կոռեկտությունից ելնելով, կարծում եմ` սխալ չեմ վարվել:
- Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ արժեր հակադրվել վարչապետին, մի քանի խոսք ասել` առանց վեճի, առանց կտրուկ որակումների:
- Գիտեք ինչ, Մկրտիչը հայտնի մարդ է, նրա անունը շահարկելով՝ դիտում են հավաքում: Զզվելի է ուղղակի: Ախր, ամեն ինչ այնքան հստակ է: Զարմանում եմ ուղղակի: Ասեմ Ձեզ` ներկայացման մեջ ունենք ուղիղ տեքստեր, որոնք նույնականացվել են: Խաղում ենք 1920 թվական, Կարս: Օրինակ, ասվում է․ «Մեր վարչապետը պետք է լիներ Նիկոլը, ո՞վ է Նիկոլը, Աղբալյան Նիկոլը»: Ասում է․ «Նրան ո՞վ բերեց, Լեւո՞նը, ո՞ր Լեւոնը` Շանթը».... ասում է․ «Նիկոլը լավ լրագրող է, բայց նրան վարչապետ լինելը չի սազում»: Նիկոլ Փաշինյանը նստած, լսելով այդ ամենը՝ բարձրաձայն ծիծաղում էր` հըռ-հըռ: Տողատակերում 100 տարվա պատմության կրկնության հայելանման երեւույթը կա: Մարդիկ ծիծաղում էին այդ ամենի վրա: Հայը ցանկապատի համար մյուս հայի հետ կռիվ է տալիս, բայց հազար անունով Հայաստան կա` Արեւմտյան, Արեւելյան եւ այլն, բայց չկա մի առաջնորդ, որ այդ բոլորի Հայաստանների ցանկապատը քանդի ու դարձնի մի ամբողջական Հայաստան: Փաշինյանը, լսելով այդ միտքը, ասաց, որ ոչ թե ցանկապատ պետք է քանդել, այլ ցանկապատ պետք է կառուցել: Ներկայացման ազդեցությունն այնքան մեծ էր, էմոցիաներն այնքան շատ էին, որ Նիկոլ Փաշինյանը տեղից հակադրվեց մեզ:
- Ասում եք` դռները բոլորի համար բաց են, սակայն շարքային հանդիսատեսը կարո՞ղ է իրեն թույլ տալ՝ հակադրվել ներկայացման դերակատարների հետ:
- Ներկայացումն ավարտվեց, հեռանալուց առաջ կարծիքներ հնչեցին: Ասեմ, որ հանդիսատեսը տարբեր կարծիքներ է արտահայտում. Մեկը՝ բարձր, մյուսը` ցածր, մյուսը` ուրախ, մյուսը` լացակումած: Շատ տարբեր կարծիքներ են հնչում, տարբեր են զգացողություններն ու ձեւակերպումները: Թատրոնի ուժը հենց դրանում է:
- Ասում էիք՝ ներկայացման ընթացքում հակադրվեց:
- Ընթացքում լինում են պոռթկումներ: Եթե ներկայացումն ինչ-որ մեկը խանգարեր, դրա համար կա անվտանգություն:
- Կարո՞ղ ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը «Ցանկապատ» ներկայացման մեսիջը չի հասկացել: Դուք խոսում եք ցանկապատ քանդելու մասին, իսկ նա` ցանկապատ կառուցելու մասին:
- Նիկոլ Փաշինյանը մեջբերել է մի նախադասություն, որտեղ հերոսներից մեկն ասում է․ «Թող ամեն մեկն իր գյուղը պահի, թուրքը կգա, մենք էլ մերը կպահենք»: Գյուղապետը, որը հորդորում էր հայրենասիրություն, ասում է․ «Ամեն մեկդ այդպես եք մտածում, որ այսօր կա հարյուր անունով Հայաստան` Արեւմտյան, Արեւելյան, Դաշտային, Լեռնային, Պարսկահայաստան, եւ չկա մի առաջնորդ, որը կքանդի բոլոր ցանկապատները եւ կկառուցի մեկ Հայաստան»:
- Այսինքն` Փաշինյանն իսկապես չի ընկալել Ձեր ասելիքը:
- Այստեղ մտքի սխալի ու ճշտի հարցն է: Մի կողմից՝ Փաշինյանն ուզում է ասել, որ պետք է ունենանք մեկ Հայաստան, որը կլինի ցանկապատված սահմաններով, սակայն մեր ասելիքն այն էր, որ այսքան հայաստաններ ունենալով՝ ոչ մեկը, ի վերջո, մերը չէ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test