PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանտում պահվող Վիգեն Էուլջեքջյանը մոտ մեկ ամիս առաջ հացադուլ է հայտարարել, և մինչ այժմ նրա ընտանիքի անդամները որևէ տեղեկություն չունեն նրա առողջական վիճակի մասին։ Արգենտինաբնակ նրա փաստաբան Լուչիանա Մինասյանը նշել է, որ դեռևս հնարավոր չէ հաստատել կամ հերքել՝ արդյոք Էուլջեքջյանը դադարեցրել է հացադուլը, հայտնում է «Փաստինֆոն»։
«Զանգերը կատարվում են ամսական, և մենք արդեն ստացել ենք սեպտեմբերի զանգը։ Մինչ այժմ մենք չկարողացանք Բաքվից տեղեկություն ստանալ Վիգենի մասին։ Մենք կարծում ենք, որ նա կշարունակի հացադուլը՝ անկախ հետևանքներից։ Նա այլևս չի կարողանում հաղթահարել բանտը», – ասել է Մինասյանը։
Նրա խոսքով՝ Լիբանանի Հայ դատի հանձնախումբը դիմել է ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչությանը՝ բարձրացնելու համար Վիգեն Էուլջեքջյանի խնդիրը, ով անարդարացիորեն պահվում է Բաքվի բանտում 2020 թվականից։ Բացի այդ, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում դիմել են երկրի փոխնախագահ Վիկտորիա Վիլյառուելին և մարդու իրավունքների պաշտպան Կլաուդիա Ռուչիին՝ Ադրբեջանում պահվող գերիների, այդ թվում՝ Վիգեն Էուլջեքջյանի հարցը բարձրացնելու խնդրանքով։
«Ո՛չ փոխնախագահի, ո՛չ էլ Ռուչիի կողմից պատասխան չկա, բայց շաբաթվա ընթացքում հնարավոր է պատասխան ստանալ Մարդու իրավունքների դիտարանից։ Այնուամենայնիվ մենք շարունակում ենք աշխատել իրավական գործողությունների ուղղությամբ, դեռ շատ անելիք կա այդ դաշտում», – ասել է Մինասյանը։
46-ամյա Էուլջեքջյանը միաժամանակ Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է։ Նրա առևանգումը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի պայմանագրից ընդամենը մեկ օր անց։ Նա վեց քաղաքացիական անձանցից մեկն է, որոնց Ադրբեջանը մինչ օրս պահում է որպես պատանդ։
Վերջին տարիների ընթացքում Էուլջեքջյանի համար սա առնվազն երրորդ հացադուլն է։ 2023 թվականին նա 24 օր շարունակ հացադուլ է իրականացրել՝ ի նշան բողոքի այն բանի դեմ, որ իրեն արգելել են կնոջ հետ խոսել արաբերեն՝ պարտադրելով փոխարենը օգտագործել հայերեն, լեզու, որն իր կինը չի հասկանում։
Այս տարվա մայիսին Էուլջեքջյանը կրկին դիմել է հացադուլի՝ քանի որ նրան ամբողջությամբ արգելել են կապ հաստատել կնոջ հետ։ Դրանից հետո թույլատրվել է զանգահարել կնոջը ամիսը մեկ անգամ։ Ըստ որոշ տեղեկությունների, հունիսյան այդ զանգը հնարավոր է եղել միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ։
Գերության հինգ տարվա ընթացքում Վիգեն Էուլջեքջյանը ենթարկվել է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բռնությունների։ «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» զեկույցում նշվել է, որ գերեվարվելու պահին նրան դաժան ծեծի են ենթարկել՝ մինչև գիտակցությունը կորցնելը։ Էուլջեքջյանը նաև կանգնեցվել է կեղծ մահապատժի առջև։ Հեռուստատեսային հարցաքննությունների ժամանակ երևում է, որ նրա ձեռքին՝ խաչի դաջվածքի հատվածում, կան այրվածքներ, ինչը վկայում է, որ այն դիտավորությամբ այրել են։
Վիգեն Էուլջեքջյանի պահման ընթացքում, ինչպես հաղորդվում է, նրան զրկել են անհրաժեշտ սննդից և բժշկական աջակցությունից՝ մարսողական խանգարումների պատճառով, ինչը հանգեցրել է զգալի քաշի կորստի և սուր ցավերի։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test