PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ եվրոպական հարցերով պատասխանատու նախարար Բենժամեն Հադադի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստան-Ֆրանսիա քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ, անդրադարձել են մոտակա նախաձեռնություններին և առանձնակի կարևորել ռազմավարական գործընկերության հաստատումը։ Կողմերն առանձին ուշադրություն են դարձրել Հայաստանի եվրոպական ինտեգրման առաջխաղացման հնարավորություններին ու այդ շրջանակում երկու երկրների համագործակցության հեռանկարներին։
Վահան Կոստանյանը Ֆրանսիացի պաշտոնակցին ներկայացրել է այն քայլերը, որոնք ՀՀ կառավարությունն արդեն իրականացրել է՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը ազդարարող օրենքի ընդունումից հետո՝ միտված Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը։ Նա նաև մանրամասն ներկայացրել է այդ ուղղությամբ նախանշված բարեփոխումների օրակարգը։ Քննարկվել է նաև 2026 թվականին Հայաստանում սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման հարցը։
ՀՀ փոխարտգործնախարարը անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պատմական պայմանավորվածություններին, ինչպես նաև ներկայացրել է խաղաղության հաստատման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test