Ներկայացնում ենք ադրբեջանցի անկախ հետազոտող Էսեքսի համալսարանի միջազգային հարաբերությունների մագիստրոս Վաֆա Նաղիեւայի Can Azerbaijan really seek peace while it continues to repress its own people? Հոդվածի հայերեն թարգմանությունը:Վաֆա Նաղիեւա Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագիրը։ Թեեւ այս փաստաթուղթը կարեւոր քայլ է դիվանագիտական առումով, բաց է մնում հարցը, թե ինչպես այն կընդունվի եւ իրականություն կդառնա երկրների ներսում։Այս հակասությունը հիշեցնում է նորվեգացի սոցիոլոգ Յոհան Գալտունգի խաղաղության հայեցակարգը. պատերազմի դադարեցումը նշանակում է բացասական խաղաղություն, մինչդեռ կառուցվածքային բռնության, անարդարության եւ խտրականության վերացումը նշանակում է դրական խաղաղություն։ Խաղաղությունը միայն պատերազմի ավարտը չէ։ Եթե հասարակությունում շարունակվեն կառուցվածքային բռնությունը, կոռուպցիան, խտրականությունը, աղքատությունը եւ ազատությունների սահմանափակումը, այս համաձայնագիրը մեդալի միայն մեկ կողմն է՝ բացասական։Ադրբեջանի քաղաքացիական հասարակության շրջանում հույս ծնվեց, որ Վաշինգտոնի հանդիպումից հետո քաղբանտարկյալները ազատ կարձակվեն, այդ թվում եւ հատկապես՝ խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամադովը։ Սակայն տեղի չունեցավ: Ո՛չ Սամադովը, ո՛չ մի այլ քաղբանտարկյալ ազատ չարձակվեցին, եւ լրատվամիջոցներում նրանց ազատ արձակման ծրագրերի մասին որեւէ հաղորդագրություն չհայտնվեց: Փոխարենը նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ադրբեջանական համատեքստում հայտնվեց ընդամենը որպես բացասական խաղաղության դրսեւորում: Պատճառն այն է, որ երկրում դեռեւս կան քաղբանտարկյալներ, անկախ լրատվամիջոցները կազմաքանդվել են, սահմանները փակ են, իսկ քաղհասարակության մասնակցությունը զրոյի է հավասարվել: Եթե անկախ ԶԼՄ-ները կազմաքանդվեն, դրանց աշխատակիցները բանտարկվեն, իսկ խաղաղության ակտիվիստները մնան ճաղերի հետեւում, ինչպե՞ս է ադրբեջանական հասարակությունը ընկալելու այս ենթադրյալ խաղաղությունը, որը նախատեսում է վաշինգտոնյան համաձայնագիրը: Արդյո՞ք այս ակտիվիստների ազատ արձակումը եւ անկախ լրատվամիջոցների գործունեությունը էական չեն իրական խաղաղության համար:
2020 թվականից ի վեր «երկաթե բռունցքի» հռետորաբանությունը կենտրոնական տեղ է գրավել ինչպես պետական խոսույթում, այնպես էլ Ադրբեջանում գերիշխող լրատվամիջոցներում: «Երկաթե բռունցք» արտահայտությունը սկսեց գործել ոչ միայն որպես արտաքին «թշնամուն» ուղղված ռազմական պատում, այլեւ որպես գաղափարախոսական գործիք՝ ներքին լսարանը վերահսկողության տակ պահելու համար: Այս հռետորաբանությունը եւ՛ սահմանափակում է հանրային դիսկուրսը միլիտարիստական շրջանակով, եւ՛ լռեցնում է ռեժիմի օրինականությունը կասկածի տակ դնող ցանկացած ձայն՝ այն որակելով որպես «դավաճանություն»: Օրինակ՝ կաշառակերությունը բացահայտելու կամ ընտրակեղծիքները քննադատելու ցանկացած փորձ ճնշվում է «հայամետ» կամ «դավաճանություն» պիտակներով:Ալիեւը անդադար արշավ է վարել այլախոհ ձայները վերացնելու համար՝ ոչնչացնելով լրատվամիջոցների այն չնչին բազմակարծությունը, որը գոյություն ուներ նախկինում:2023 թվականի վերջին ձերբակալվեցին անկախ «Abzas Media» լրատվամիջոցի յոթ աշխատակիցները: Հաջորդ տարի ձերբակալվեցին «Toplum» հեռուստաընկերության յոթ լրագրողները, որոնց հետեւեցին «Meydan» հեռուստաընկերության եւս յոթ լրագրողներ։ Բոլորը ձերբակալվեցին կեղծ մեղադրանքներով։ Վերջերս հրապարակված «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի» 180 երկրներից 167-րդ տեղը զբաղեցրած Ադրբեջանը կրկին հաստատեց իր հեղինակությունը, որպես լրագրողների համար աշխարհի ամենառեպրեսիվ երկրներից մեկը։Ադրբեջանական կառավարամետ լրատվամիջոցները տարիներ շարունակ կառուցել են «թշնամու» պատումը՝ արմատավորելով ատելության խոսքը եւ թշնամանքը հայերի նկատմամբ։ Հասարակական հիշողության մեջ արմատավորված նման պատումները մի գիշերվա մեջ չեն կարող անհետանալ։Խաղաղության իրականացման համար կարեւոր են նաեւ առօրյա կյանքը, երկու ազգերի հասարակ քաղաքացիների միջեւ հաստատված սոցիալական եւ քաղաքացիական փոխազդեցությունները։ Դրանց համար անհրաժեշտ քայլերից մեկը ցամաքային սահմանների վերաբացումն է։2020 թվականից, երբ սկսվեց COVID-19 համավարակը, Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են։ 2025-ի հունիսին կառավարությունը երկարաձգեց փակումը մինչեւ հոկտեմբերի 1-ը՝ շարունակելով հղում անել համավարակին։ Սակայն 2024-ի սեպտեմբերի 24-ի իր ելույթում Ալիեւը սահմանների փակումը կապեց ոչ թե հանրային առողջապահության, այլ աշխարհաքաղաքական իրավիճակի հետ՝ այն որակելով որպես ներքին անվտանգությունն ապահովելու միակ միջոց։ Սա ապացուցում է, որ սահմանները փակ պահելու համար վարչակազմը մշտապես նոր պատումների կարիք ունի։ Սակայն փակ սահմանները բացասաբար են անդրադառնում ինչպես քաղաքացիների կյանքի, այնպես էլ խաղաղության գործընթացի վրա։Եթե խոսում ենք իրական, դրական խաղաղության մասին, ապա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին պետք է նաեւ հետեւողականորեն խոսել հանրության հետ եւ գործընթացը թափանցիկ դարձնել։Այս ֆոնի վրա Ադրբեջանում խաղաղությունը գուցե խորհրդանշականորեն ողջունվի, բայց շատ հարցեր դեռեւս անպատասխան են մնում։ Օրինակ, երբ մեկը քննադատում է կոռուպցիան, վիճարկում է ընտրակեղծիքները կամ ասում է օրինազանց պատգամավորին. «Դուք ձայներ եք գողացել», արդյո՞ք նրանց կշարունակեն «հայամետ» կամ «դավաճան» անվանել։ Թե՞ կառավարությունը նոր պատում կհորինի՝ այլախոհությունը լեգիտիմությունից զրկելու համար։Արտաքին խաղաղությունը միշտ պետք է համապատասխանի ներքին խաղաղությանը։ Ինչպես ցույց է տալիս Գալտունգի «դրական խաղաղության» հայեցակարգը, իրական խաղաղությունը ոչ միայն հրադադարի կամ ստորագրված համաձայնագրի գոյությունն է, այլեւ մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Առանց երկրի ներսում արդարության եւ հավասարության, արտաքին դիվանագիտական խաղաղությունը մնում է փխրուն եւ անկայուն։Բայց կարո՞ղ է արդյոք 350-ից ավելի քաղբանտարկյալ ունեցող երկիրը իսկապես փոխվել։Ցավոք, ներկայիս խաղաղության գործընթացը կառուցվում է վերեւից ներքեւ՝ չնայած կայուն խաղաղության հիմնական պայմաններից մեկը ներառականությունն է. գործընթացին պետք է մասնակցեն ոչ միայն կառավարության կողմից նշանակված ներկայացուցիչները, այլեւ քաղաքացիական հասարակությունը, անկախ լրատվամիջոցները եւ հասարակական խմբերը: Այլապես «խաղաղությունը» կմնա թղթի վրա: Սակայն նրանք, ովքեր անկեղծորեն ձգտում են իրական խաղաղության, կա՛մ բանտում են, կա՛մ հարկադիր աքսորում: Այդ պատճառով այսօր Ադրբեջանում գոյություն ունի միայն «բացասական խաղաղություն»՝ բռնության ժամանակավոր բացակայություն՝ սոցիալական անարդարության խորացմամբ: Թարգմանությունը՝ Մարիա ՍադոյանիԱյս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test