Թուրքական մեդիաներն ու սոցհարթակները հերթական ցնծությունն են ապրում Նիկոլ Փաշինյանի հերթական քայլերից: NTV-ն, օրինակ, կարծում է, որ ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի՝ կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հեռացնելու որոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում է Փաշինյանը կայացրել: Իսկ Haber 7-ը Փաշինյանի խոսքերն է մեջբերել այն մասին, որ Արարատը մեր լեռը չէ: Լրատվամիջոցն այս անդրադարձում նաեւ նկատել է, որ Հայաստանը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքով կանաչ լույս է վառել Թուրքիայի համար:
Հերթական թրքահաճ որոշումը Փաշինյանի կառավարությունը կայացրել է Էրդողանի բանագնաց Սերդար Քըլըչի՝ Հայաստան կատարած վերջին այցի նախօրեին: Կայացրել է գաղտնի՝ հասարակության ականջից հեռու՝ չզեկուցվող հարցերի շրջանակում: 2025 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետություն մուտքի կամ ելքի սահմանանշանը կլինի առանց Արարատ լեռան պատկերի:
Սա, իհարկե, անսպասելի չէր, ավելին՝ կանխատեսելի քայլ էր: Ընդամենը իշխանությունը սկսեց ոչ թե զինանշանից, այլ առայժմ՝ այդ կնիքից: Փաշինյանի «Իրական Հայաստանում» Արարատ սուրբ սարը նոր չէ օտարված ու ուրացված: Հայաստանի ազգային ինքնության ամենատարածված, աշխարհին հայտնի ու ամենախորքային խորհրդանիշն այս իշխանությունը վտանգավոր է համարում ու փաստացի հայտարարել է սպառնալիք՝ ի պատրանքային խաղաղության օրակարգին: Այն դեպքում, երբ աշխարհը բիբլիական Արարատով է Հայաստանը ճանաչում: Հայաստանում «Արարատ» անունն ամենուր է՝ կոնյակից մինչեւ ծխախոտ, էլ չենք ասում՝ անձնանուն, ու այստեղ է, որ իրավիճակի ամբողջ ողբերգականությունն ու զավեշտն են աչք ծակում՝ իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անվան շուրջ ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը:
Այս խայտառակ որոշման էմոցիոնալ դաշտից եթե դուրս գանք, պիտի արձանագրենք մի իրավիճակ՝ Հայաստանը, որպես սուվերեն երկիր, այլեւս գոյություն չունի, ու այս որոշումը դրա հերթական, բայց ոչ միակ ու, ցավոք, ոչ վերջին ապացույցն է: Երկիրը հրաժարվում է իր ազգային սիմվոլներից, որովհետեւ որոշել է հարեւանների հետ հարաբերություններ կարգավորել:
Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը համոզված է՝ եթե կնիքից հանվում է Արարատ լեռան պատկերը, այս իշխանությունն անպայման հասնելու է Հայաստանի զինանշանին, ու եթե նրան հաջողվի 2026-ին վերարտադրվել, հաջորդ քայլը դա է լինելու: «Արարատ լեռը՝ որպես հայության հավաքական սիմվոլ, քաղաքական առումով միշտ մտահոգել է Թուրքիային եւ առաջացրել քաղաքական բարդույթ: Պատմական Հայաստանի տարածքների վերադարձի հետ կապված աբբողջ բարդույթը կենտրոնացել է Արարատի շուրջ»,- բացատրում է թուրքագետն ու ընդգծում՝ Սովետական Հայաստանից մինչեւ 90-ականներ՝ անկախ Հայաստան, Թուրքիան մշտապես պայքարել է Արարատ լեռը Հայաստանի սիմվոլիկայից դուրս բերելու համար, եւ դա այդ պետության ու հասարակության բարդույթն է, որը տեղ է գտել նրանց արտաքին քաղաքականության մեջ:
«Հայաստանի որեւէ իշխանություն՝ ո՛չ սովետական, ո՛չ անկախ Հայաստանի, երբեւէ չի մտել այդ բանավեճի դաշտ, եւ երբեւէ որեւէ բանակցությունում այդ հարցը չի եղել օրակարգում: Մշտապես ֆիքսվել է, որ դա հողային պահանջ չէ, այլ ազգային խորհրդանիշ է: Արարատ լեռը եղել է մեր խորհրդանիշը եւ այն ժամանակահատվածներում, երբ մենք պետականություն ենք ունեցել եւ չենք ունեցել: Նույնիսկ մեր թվարկությունից առաջ Արտաշեսյան դինաստիայի ոչ ամենաուժեղ թագավորի՝ Տիգրան 4-րդի թողարկած դրամի վրա է եղել Արարատ լեռը: Հիմա պարտված իշխանությունը թուրքերենով թելադրանքը հայերենով քարոզում է մեր հասարակությանը՝ կեղծ հիմնավորումներ բերելով, թե մեր ինքնիշխանության համար է, «իրական Հայաստանի» համար է, ցանկապատի համար է...»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է պատմաբանը:
Ռուբեն Մելքոնյանի խոսքով, նույն տրամաբանությամբ, այսպես շարունակվելու դեպքում, պատմական Հայաստանի բոլոր տեղանունները կարող են փոխել, որովհետեւ, եթե Արարատ լեռան հիշատակումն ագրեսիա ու բացասական զգացողություններ է առաջացնում Թուրքիայում, որովհետեւ գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում, ապա հայկական էպոսը՝ «Սասունցի Դավիթն» էլ պետք է փոխվի, որովհետեւ Արեւմտյան Հայաստանի Սասուն գավառն էլ է այսօր գտնվում Թուրքիայի տարածքում:
Մեր զրուցակիցը հեգնում է՝ նույն տրամաբանությամբ, էպոսի անունից պետք է հանվի «Սասունցի»-ն ու փոխարենը գրվի, օրինակ, «Իջեւանցի», պետք է հանվի Սասունցի Դավիթի արձանը, ու այդպես՝ մինչեւ անգամ անձնանուններ: Այս օրերին ՔՊ-ականները, ի պատասխան իրենց քննադատների, հիշում են 2008-ի ֆուտբոլային դիվանագիտությունն ու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից առաջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկի վրայի զինանշանից Արարատ լեռան բացակայությունը:
Թուրքագետին խնդրեցինք այս դրվագին էլ անդրադառնալ: Մելքոնյանն ասաց՝ մանրամասներից տեղյակ չէ, բայց դա թյուրիմացություն է եղել ու ոչ պետական քաղաքականություն: «Ում հետաքրքիր է, կարող է կարդալ Սամվել Ֆարմանյանի գիրքը, որտեղ նա պատմում է Գյուլի այցի ժամանակ Արարատ լեռան նկարի ու Արարատ կոնյակի մասին»,- եզրափակեց թուրքագետը:
Ի դեպ, այդ օրերին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ էր անդրադարձել խնդրին։ «Ես, որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ներողություն եմ խնդրում մեր ամբողջ հանրությունից, որ իրոք թույլ ենք տվել վրիպում: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա որեւէ առնչություն չունի Թուրքիայի հանդիպման հետ: Ցանկալի չէր, որ այս վրիպման համար մեզ մեղադրեին դավաճանության մեջ: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Կարսի կամ Ալեքսանդրապոլի պայմանագիրն եմ ստորագրել»,- այդ օրերին հայտարարել էր Հայրապետյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test