Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ի՞նչ է թաքնված Գևորգ Պապոյանի ներկայացրած «ճոխ» աճերի հետևում hetq.am hetq.am

time
Ի՞նչ է թաքնված Գևորգ Պապոյանի ներկայացրած «ճոխ» աճերի հետևում

Թերի կամ խեղաթյուրված տնտեսական ցուցանիշները հասարակությանը մոլորեցնելու «լավագույն» գործիքներից են։

Օգոստոսի 18-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ 2025 թվականի հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանից ԵՄ ապրանքների արտահանումն աճել է.

«Այս աճերն ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում»,- նշել է Պապոյանը։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե դեպի ԵՄ արտահանման գծով էական ձեռքբերումներ ունենք։ Բայց արդյոք ամեն ինչ այդքան միանշանակ է։

Վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել է այս տարվա հունվար-հուլիսի արտաքին առևտրի վիճակագրությունը։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանի արտաքին առևտրի ոլորտում, մի քանի փաստ ենք առանձնացրել, որոնք բոլորովին էլ մեծ աճերի մասին չեն։

Ի դեպ, Գևորգ Պապոյանը դեպի ԵՄ արտահանման աճի մասին գրառումից օրեր անց անդրադարձել է նաև դեպի ԵԱՏՄ արտահանմանը և հայտնել, որ այս հունվար-հուլիսին այն աճել է 2.4%-ով։ Շեշտել է ծաղիկների արտահանման աճը։

«Այս տեղեկատվությունը կարևոր է, քանի որ մամուլում և սոցցանցերում որոշ պսևդոփորձագետներ պարզապես մոլորեցնում են մեր ժողովրդին՝ ՌԴ-ից Հայաստան, ապա Էմիրություններ նախորդ տարվա նկատմամբ ոսկու «տեղափոխության» կրճատումը ներկայացնելով որպես տնտեսական կոլապս, այնինչ այն ՀՀ-ի և մեր բնակչության համար ոչ միայն ստեղծում էր 0-ին ձգտող արդյունք, այլ ընդհակառակը՝ մի բան էլ ռիսկեր էր ստեղծում պետության ու բիզնես միջավայրի համար»,-գրել է նախարարը։

Դեպի ԵԱՏՄ արտահանումը, սակայն, Վիճակագրական կոմիտեի տվյալներով, ոչ թե աճել է, այլ՝ նվազել։

2025-ի հունվար-հուլիսին արտահանումը Հայաստանից 49.6%-ով նվազել է

2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից արտահանվել է 4 մլրդ 427 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 49.6%-ով։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի տվյալները։

Միանգամից առաջ անցնելով նշենք, որ այս կտրուկ անկումն առաջին հերթին պայմանավորված է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ ոսկու արտահանման կրճատմամբ։ Եթե նախորդ տարվա հունվար-հուլիսին Հայաստանից ԱՄԷ արտահանվել է մոտ 4 մլրդ դոլարի ապրանք, ապա այս տարվա նույն ամիսներին 1.2 մլրդ դոլարի (անկումը՝ 68.7%):

Հաջորդ տեսանելի անկումը դեպի Չինաստան արտահանման գծով է։ Հայաստանն այս յոթ ամսում Չինաստան է արտահանել 362 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կրճատվել է 53.4%-ով։

Որոշ երկրների մասով էլ արտահանման ոչ մեծ աճ կա, ինչպես Գերմանիայի և Շվեյցարիայի գծով։

Դեպի ԵՄ արտահանումն աճել է 4.5%-ով կամ 15 մլն դոլարով

Ընդհանուր առմամբ Հայաստանն այս տարվա առաջին յոթ ամիսներին Եվրոպա է արտահանել մոտ 347 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 4.5%-ով կամ ընդամենը 15 մլն դոլարով։ Այս 15 մլն դոլարը ներառում է ոչ միայն էկոնոմիայի նախարարի նշած ապրանքների աճերը, այլև դեպի ԵՄ ամբողջ արտահանման։ Այսինքն՝ Գևորգ Պապոյանի ներկայացրած տոկոսային բարձր աճերը բացարձակ թվով բոլորովին էլ մեծ աճեր չեն։

Զուգահեռ էկոնոմիկայի նախարարությունից ստացել ենք նաև նախարարի նշած ապրանքախմբերի ծավալները։ Այստեղ ավելի ցայտուն է երևում, որ խոսքը փոքր թվերի մասին է։ Գուցե և դա է պատճառը, որ Պապոյանը բացարձակ թվերը չի ներկայացրել, այլ՝ տոկոսային աճերը։

Այսպես, 2025 թվականի առաջին յոթ ամիսներին Հայաստանից ԵՄ արտահանված պատրաստի սննդի ծավալն, իսկապես, աճել է 56%-ով, ինչպես նշել է նախարարը։ Սակայն, Գևորգ Պապոյանը «մոռացել է նշել», որ խոսքն ընդամենը 2.97 մլն դոլարի արտահանման մասին է՝ նախորդ տարվա հունվար-հուլիսի 1.9 մլն դոլարի դիմաց։ Հայաստանից ԵՄ է արտահանվում շոկոլադ, հրուշակեղեն, պահածոներ, հյութեր, հանքային ջրեր և այլն։

Ալկոհոլային խմիչքների արտահանումը կազմել է 6.5 մլն դոլար՝ նախորդ տարվա 5.4 մլն դոլարի դիմաց, աճը՝ 20%։ Հայաստանը ԵՄ է արտահանում գինիներ ու կոնյակ։

Էկոնոմիկայի նախարարությանը խնդրել էինք տրամադրել նաև ալյումինե արտադրանքի արտահանման տվյալները։ Նախարարությունը միայն նշել է, որ 35%-ով աճել է ալյումինե փայլաթիթեղների արտահանումը ԵՄ, բայց բացարձակ թվեր չի ներկայացրել։ Վիճակագրական կոմիտեի բազայում երևում է, որ այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստանից արտահանվել է մոտ 48 մլն դոլարի ալյումինե նրբաթիթեղ, սակայն չի երևում, թե որ երկրներ է այն արտահանվել և ԵՄ-ն ինչ կշիռ ունի։

Ընդհանուր առմամբ ԵՄ-ին բաժին է ընկել Հայաստանի արտահանման 7.8%-ը։ Համեմատության համար՝ Ռուսաստանը Հայաստանի արտահանման մեջ ունի 36% տեսակարար կշիռ, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 27.9%.

Ստորև ինֆոգրաֆիկայում առանձնացված են նաև Հայաստանի արտահանման առաջին տասնյակի շուկաները, որոնց շարքում բացարձակ առաջատարները Ռուսաստանն ու ԱՄԷ-ն են։

Դեպի ԵԱՏՄ արտահանումը չի աճել, ինչպես պնդում է Գևորգ Պապոյանը

Հայաստանը Ռուսաստան է արտահանում տարբեր ապրանքներ։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի առաջին յոթ ամիսներին արտահանվել է 1 մլրդ 592 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 5.6%-ով կրճատվել է։

Ընդհանուր ԵԱՏՄ է արտահանվել 1 մլրդ 705 մլն դոլարի ապրանք, որը 5%-ով կրճատվել է։

Հիշեցնենք, որ Գևորգ Պապոյանն իր գրառման մեջ նշել է, որ դեպի ԵԱՏՄ արտահանումը նշված ժամանակահատվածում աճել է։ Ըստ նրա՝ այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. համապատասխան ցուցանիշը։

Վիճկոմիտեի տվյալները, փաստորեն, հերքում են այդ պնդումը։ Չի բացառվում, որ Պապոյանի գրառումից հետո վերահաշվարկ է արվել։ Համենայն դեպս, այս մասով ևս էկոնոմիկայի նախարարը «հպարտանալու» մեծ առիթ չունի։

Ինչ վերաբերում է ԱՄԷ-ին, UN Comtrade Database-ից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը կրճատել է ոսկու արտահանումը ԱՄԷ։ Այս դեպքում՝ վերաարտահանումը։ 2022 թվականից ի վեր միլիարդավոր դոլարների ոսկի է ներկրվել Հայաստան Ռուսաստանից, սակայն երկրում չի մնացել՝ արտահանվել է հիմնականում ԱՄԷ։

Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում

Դեպի Չինաստան արտահանման նվազումը ևս պայմանավորված է հիմնականում ոսկու ծավալների կրճատմամբ, քանի որ ԱՄԷ-ից բացի, Հայաստանը ոսկի էր արտահանում նաև Չինաստան և Հոնկոնգ։

Թանկարժեք քարեր և մետաղներ, սարքավորումներ, պատրաստի սնունդ. արտահանման առաջատարները

Հայաստանի արտահանման առաջատարները շարունակում են մնալ թանկարժեք քարերն ու մետաղները, չնայած որ դրանց ծավալները, ինչպես նշվեց վերևում, կտրուկ կրճատվել են։ 2025 թվականի առաջին յոթ ամիսներին Հայաստանից արտահանվել են մոտ 1.5 մլրդ դոլարի թանկարժեք քարեր և մետաղներ, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կրճատվել է մոտ 76%-ով։ Այս ապրանքախմբի ներքո պետք է հասկանալ հիմնական ոսկին ու ադամանդը։

Մյուս խոշոր ապրանքախումբը, ըստ Վիճակագրական կոմիտեի, մեքենաները, սարքավորումներն ու մեխանիզմներն են, որոնց ծավալը կազմել է 683 մլն դոլար։ Այստեղ ևս անկում ունենք՝ 3%: Սրա մեջ ներառվում են բջջային հեռախոսները, էլեկտրասարքերը, էլեկտրական, լազերային ապարատներ և այլն։

Փոխարենը 30%-ով ավելացել է պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը։ Սա, իհարկե, տեսանելի աճ է, քանի որ բացարձակ թվով ևս ծավալները տեսանելի են։ Սակայն, այստեղ ինչպես նշեցինք վերևում, ԵՄ-ն էական կշիռ չունի։ Պատրաստի սննդի մեծ մասն արտահանվում է Ռուսաստան: Մյուս ապրանքախմբերի տվյալները՝ ստորև ինֆոգրաֆիկայում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test