Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հանցագործության մասին հայտարարություն է տվել ոստիկանության մի կապիտան, որի ստորագրությունը որ տեսնեն, կասեն՝ էս մարդը հոգեկան խնդիրներ ունի»․ Միքայել Սրբազան aravot.am aravot.am

time
«Հանցագործության մասին հայտարարություն է տվել ոստիկանության մի կապիտան, որի ստորագրությունը որ տեսնեն, կասեն՝ էս մարդը հոգեկան խնդիրներ ունի»․ Միքայել Սրբազան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը մեղադրվում է 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ, այսօրվա իր խոսքում իր դեմ հարուցված գործը համարեց քաղաքական պատվեր, անթաքույց քաղաքական հետապնդում, որը մտնում է այսօրվա եկեղեցահալած քաղաքականության մեջ։

Նա նշեց, որ իր և Բագրատ Սրբազանի գործը իրար հետ կապված չեն, բայց նույն քաղաքականության շրջագծի մեջ են։

«Իրենց դառը հիասթափություն է սպասվում, եթե նույնիսկ մեզ դատեն ու նստեցնեն․ վաղ, թե ուշ իշխանությունը հանձնելու են։ Էս 80 օրերին այնքան գիրք կարդացի, որքան չէի կարդացել երևի վերջին 8 տարում, շնորհակալություն մեղադրող կողմին էս հնարավորության համար» ,- ասաց Սրբազանը։

Նա նշեց, որ այս պահին կարդում է Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլիաս Քանետի գիրքը՝ «Զանգված և իշխանություն», որի հեղինակն ասում է՝ եկեղեցու հետ համեմատած՝ ցանկացած իշխանություն անվարժ արհեստավոր է։ Սրբազանն առաջարկեց մտածել՝ ինչ է ասում։

«Այն իշխանությունները, որոնք կարծում են՝ էսօր իշխանություն ունեն, դա անցավոր է, նույնիսկ Պիղատոսը փորձեց բանեցնել, Քրիստոսին ասաց՝ գիտես, իշխանություն ունեմ, ի՞նչ ասաց Քրիստոսը, ասաց՝ չէիր կարող ունենալ իշխանություն, եթե քեզ տրված չլիներ»,- ասաց Միքայել Սրբազանը։

Նա նեղվեց, որ քթներն մտցրեցին անգամ իր օրագիր մեջ, այսինքն իր մտքի մեջ, որտեղ իրավունք չունեին մտնելու, թեև ինքը որևէ դարանակալված խոսք չի ասել ու ոչինչ չգտան։ Համոզվեցին, որ ինքը կապված չէ Բագրատ Սրբազանի հետ, ավելին՝ համոզվեցին, որ Բագրատ Սրբազանը ոչինչ էլ չի արել։

«Բոլորիդ էլ հայտնի է, որ կյանքիս մեծագույն սխալը գործել եմ 2018 թվականի ապրիլին, չգիտեմ որ օրն էր, երբ որ ողջունել եմ Նիկոլ Փաշինյանին, որ իբր կատարեց հեղաշրջում։

Եվ դրանից երկու օր հետո, երբ որ ինքը հայտարարեց իր վարչապետ դառնալու մտադրության մասին, ես հետ կանգնեցի, էս մեկը չեղավ և էդ օրվանից էլ սկսվում է էս քաղաքական իշխանության էսպես ասած մոտեցման փոփոխությունն իմ նկատմամբ։

Էդ ժամանակվանից՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումից, երբ որ իրենք հույս ունեին, որ ես ոչ միայն պիտի հեղինակեմ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը, այլ միանամ, և այլն, և այլն։ Եղավ հակառակ։ Եվ էդ ժամանակվանից սկսած՝ էս իշխանության աչքի փուշը դարձա»։

Նա նաև հիշեցրեց, որ քննադատել է իշխանությանը, սակայն քննադատելով հանդերձ՝ պետության ու պետականության կողքին է եղել․ պատերազմի օրերին իշխանությունը խնդրել է իրենց կոչով հանդես գալ, հանդես են եկել , արել են այն, ինչ իրենցից ակնկալվել է։

Նա նշեց՝ լրագրողներն իրեն միշտ անհանգստացրել են այն բանից հետո, երբ գլխավոր գերագույն հրամանատարը հարբած վիճակում հայտարարել է՝ «ով է, որ կասկածում է իմ կարողությունների վրա»։

«Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ ես երբեք ինքնամատույց չեմ եղել, երբևիցե չեմ կանչել որևէ լրագրողի ու ասել՝ արի, ինձանից հարցազրույց վերցրու,երբևիցե չեմ մտել ուղիղ եթեր՝ ինչ-որ բան ասելու, եղե՞լ է նման բան, երբևիցե չի եղել, չհարցնեին, չասեի», -ասաց Սրբազանը։

Նա նշեց, որ 2020 թվականին, երբ Գերագույն գլխավոր հրամանատարը հարբած ելույթ է ունեցել, դրանից հետո է ինքը կարծիք հայտնել, որ անհրաժեշտ է ռազմական հեղաշրջում։

«Ինչո՞ւ ասացի, որովհետև այս մարդը սպառնալիք է երկրին, ու էդ սպառնալիքը պիտի չեզոքացվի, վնասազերծվի, սա է , որ ասում եմ առ այսօր։ Եվ ուրեմն 2020 թվին եմ ասել սա և ի՞նչ եմ հասկացել այսօր ռազմական հեղաշրջում ասելով։

Ռազմական հեղաշրջում ասելով՝ հասկանում եմ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում 1998 թվականին, նախագահն ասաց՝ ձեզ հայտնի ուժերի պահանջով ես հրաժարական եմ ներկայացնում, այն ժամանակվա ուժային, ռազմական գերատեսչությունների պահանջով Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց։

Որևիցե մեկը դատվե՞լ է 98 թվի ռազմական հեղաշրջման համար, որևիցե մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է, որևիցե մեկի քիթն արյունոտվե՞լ է այդ հեղաշրջման ժամանակ, արյուն թափվե՞լ է․ զոհեր եղե՞լ են։ Ահա թե ինչ եմ հասկացել և հասկանում եմ ռազմական հեղաշրջում ասելով»,-պարզաբանեց Միքայել Սրբազանը։

Նա հարցրեց՝ այն ժամանակ հանցագործությո՞ւն է եղել, հիմա ինքը կարծիք է հայտնել՝ նույնը կրկնել։

Նա նշեց, ինքը կոչ չի էլ անում։

Ըստ նրա, պատերազմի ժամանակ կարծիք է հայտնել, հանցագործություն չի արել, 2021 թվին էլ նույնն ասել է, հանցագործություն չի արել, 2022 թվին էլ էլ ասել, 2023 էլ, 2024-ին էլ, իսկ արդեն 2025 թվինն հանցագործություն է համարվել։

Սրբազանը նշեց, որ 2024 թվականի փետրվարի 3-ին էլ իր դժգոհությունն է հայտնել՝ ասելով ինչը պիտի փոխվի էս երկրում։ Նա երեք ճանապարհ է մատնանշել՝ ասելով երեքն էլ անհնարին են, որոնցից մեկը հեղաշրջում է։ Իսկ դա կոչ չէ։

Միքայել Սրբազանը նաև նշեց, որ ինքն ամենօրյա հսկողության տակ է եղել, այն շենքը, որտեղ հարցազրույց է տվել, ԱԱԾ-ի կողմից ամենօրյա հսկողության տակ է եղել՝ ամեն օր դիմացը երկու հոգի կանգնած են եղել։ Հսկողության տակ են եղել ինքը, առաջնորդարանը, սոցկենտրոնը և սոցկենտրոնի աշխատակիցները։ Բոլորը նկատել են

«Եվ պատկերացրեք, հսկողության տակ լինելով՝ իրենք չեն իմացել, որ ես փետրվարի 2-ին ռազմական հեղաշրջման կոչ եմ արել»-հեգնեց Սրբազանը։

Նա ասաց՝ այդ դեպքում գնային ԳԱԼԱ-ի նյութը չթույլատրեին եթեր տալ, իրեն էլ կանչեին, բացատրություն պահանջեին։

«Ըսենց եք աշխատո՞ւմ, ազգային անվտանգություն», -հարցրեց Սրբազանը։

«Ուրեմն 2024 թվի փետրվարին չգիտեի, որ հանցագործ եմ, մարտին հանցագործ չէի, ապրիլին հանցագործ չէի կամ տեղյակ չէի, մայիսին հանցագործ չէի, կամ տեղյակ չէի, հունիսն հանցագործ չէր, կամ տեղյակ չէի, հուլիսին հանցագործ չէի, կամ տեղյակ չէի, օգոստոսին հանցագործ չէի, կամ տեղյակ չէի, սեպտեմբերին հանցագործ չէի, կամ տեղյակ չէի, հոկտեմբերին հանցագործ չէի, կամ տեղյակ չէր, նոյեմբերին հանցագործ չէի, կամ տեղյակ չէի, դեկտեմբերին հանցագործ չէի կամ տեղյակ չէի։

2025 հունվարին հանցագործ չէի, կամ տեղյակ չէի, փետրվարին հանցագործ չէի, կամ տեղյակ չէի, մարտին հանցագործ չէի, կամ տեղյակ չէի, ապրիլին հանցագործ չէի, կամ տեղյակ չէի, մայիսին հանցագործ չէի, կամ տեղյակ չէի, մայիսին հանցագործ չէի, կամ տեղյակ չէի, 2025 թվի հուլիսին տեղյակ եղա, որ հանցագործ եմ։

Դատվեք անփութության համար, հինգ տարի է՝ ես հանցագործություն եմ գործում, հինգ տարի հետո եք գլխի ընկնում, որ ես հանցագո՞րծ եմ։ Դատվեք անգործության կամ անփութության համար կամ էս ապօրինության համար, որ գործում եք՝ 16 ամիս է», -ասաց Շիրակի թեմի առաջնորդը։

Նա նշեց, որ հունիսի 4-ին հանցագործության մասին հայտարարություն է տվել ոստիկանության մի կապիտան, որի ստորագրությունը որ տեսնեն, կասեն ՝ «էս մարդը հոգեկան խնդիրներ ունի, հոգեբույժի կարիք ունի։ Էդ մարդուն պիտի ուղարկել ուղիղ հոգեբույժի մոտ»։

Ըստ նրա, կառչել են 2024 թվականի փետրվարի 2-ի նյութից։ Սրբազանը նաև հարցրեց՝ որևիցե մեկը իր կոչով որևիցե հանցանք գործե՞լ է։ նա նշեց, որ 81 օր է՝ ապօրինի մեղադրվում է ու դեռ չգիտի` ինչքան էլ կանցկացնի բանտախցում։

Նա նշեց, որ գործողություններից ոչ մեկը չի տուժվել, որևէ մեկի քիթը չի արյունոտվել, ՀՀ-ն չի տուժել, բոլորն էլ հասկացել են, որ ինքն անմեղ է։

Նա նշեց այն իշխանությունը, որի օրոք բարձրաստիճան հոգևորական է ձերբակալվում քաղաքական դրդապատճառներով, այդ իշխանությունը գնում է դեպի ավտորիտարիզմ ու մեջբերեց փաստեր պատմությունից։

Իսկ այդ իշխանությունը, դեմոկրատիայից հեռու է, Սրբազանի բնութագրմամբ՝ լկտիությամբ, լպիրշությամբ, ցինիզմով է առաջնորդվում։

Նա դատարանին հիշեցրեց, որ թեև ունի իշխանություն, բայց թող չմոռանա նաև իր իշխանության մասին։ Բոլորի անունները Աստված անգիր գիտի։

«Եվ ես ինձ Աստծուց տրված իշխանությամբ դատապարտում եմ ձեզ, եթե դուք անմեղ մարդուն դատապարտում եք», -ասաց Սրբազանը՝ հիշեցնելով, որ ոչ ոք չխուսափեց Աստծո պատժից, կպատժվեն նրանք, որոնք կփորձեն իմ անմեղության հաշվին կայանալ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 22–ին, այդ օրը Սրբազանը կասի վերջին խոսքը, իսկ դատարանը կհեռանա վերդիկտ կայացնելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test