Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հիմնովին և որակով վերանորոգվել ու շահագործման է հանձնվել Ստեփանավանի մշակույթի պալատը, որին կից ներկայումս ձևավորվել է նոր թատերախումբ» aravot.am aravot.am

time
«Հիմնովին և որակով վերանորոգվել ու շահագործման է հանձնվել Ստեփանավանի մշակույթի պալատը, որին կից ներկայումս ձևավորվել է նոր թատերախումբ»

Aravot.am-ի տեղեկություններով, շատ շուտով, տասնամյակների լռությունից հետո կբացվի Ստեփանավանի քաղաքային թատրոնի վարագույրը՝ Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի իսկապես հոյակերտ դահլիճում:

Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել էինք, վերջերս Երևանի օպերային թատրոնը հիշյալ մշակույթի պալատի բակում մեկնարկեց իր 93-րդ թատերաշրջանը «ԱՐԵՆԱ ԼՈՌԻ» արվեստի միջազգային փառատոնի շրջանակում:

Հիմա անդրադառնանք քաղաքային թատրոնի վերաբացմանը: Տեսնելով ստեփանավանցիների աննկարագրելի մեծ ոգևորությունը կայացած օպերային և բալետային ներկայացումների առիթով, կարելի է պատկերացնել, թե ինչ անհամբերությամբ են սպասում նրանք քաղաքային թատրոնի բացմանը, առաջին բեմադրությանը: Եվ պատահական չէ, որ Սոս Սարգսյանը, Ստեփան Շահումյանը, որի անունն է կրում քաղաքը, Կոմիտասը, որը շրջելով հասել է այս քաղաք, և մեծանուն շատ մարդիկ, այդ թվում՝ արվեստագետներ ապրել ու շարունակում են ստեղծագործել այստեղ՝ Ստեփանավանում: Մի խոսքով թատերական ավանդույթները, բնության սերը տարածող այս քաղաքում, խորը արմատներ ունեն:

Կապվեցինք Ստեփանավանի համայնքապետի խորհրդական, բանաստեղծ, թարգմանիչ, կինոդերասան Գագիկ Շիրմազանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունը թատրոնը վերաբացվելու առիթով և իր խոսքը սկսեց շա՜տ հեռվից, շեշտելով, որ այո, թատերական ավանդույթները Ստեփանավանում խորը պատմական արմատներ ունեն:

«Դեռևս 1883 թվականի փետրվարի 28-ին Ստեփանավանում տեղակայված Կուբանի կազակական գնդի սպաները Լոռու հայոց և ռուսաց ուսումնարանների համար հանդես են եկել թատերական ներկայացումով: Հետագա տարիներին քաղաքային ակումբում բեմադրվել են Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն» (1886 թ.), պոլսահայ բանաստեղծ և դրամատուրգ Թովմաս Թերզյանի «Սանդուխտ» և «Արշակ Բ» ողբերգությունները (1887թ.): Դարասկզբին՝ 1903թվ-ից սկսած, առանձնակի ակտիվությամբ բեմադրվել են տարբեր ստեղծագործություններ: Իսկ խորհրդային տարիներին՝ 1934 թվականին բացվել է Ստեփանավանի պետական թատրոնը, որը գործել է մինչև 1957 թվականը: 1937-1938 թ.թ. այդ թատրոնում բեմադրված Գ․ Սունդուկյանի «Պեպո»,«Խաթաբալա» և «Կույր երաժիշտը», «Աննա Քրիստի» և «Բաղդասար Աղբար» պիեսներում հանդես են եկել ժողովրդական արտիստներ Ավետ Ավետիսյանը, Արուս Ոսկանյանը, Հասմիկը, Հրաչյա Ներսիսյանը, Սուրեն Քոչարյանը: Այս և հաջորդած տարիներին դպրոցահասակ ստեփանավանցի Սոս Սարգսյանը իր նորամուտն է կատարել թատրոնում:

1951 թվականին մշակույթի պալատի նոր շենքի շահագործման հանձնելուց հետո Ստեփանավանի թատրոնում 1952 թվականին բեմադրվել են Շեքսպիրի «Օթելլո» և Շիլլերի «Ավազակներ» պիեսները, որոնցում գլխավոր դերերը կատարել է Վահրամ Փափազյանը: Շուրջ 23 տարի գործելուց հետո թատրոնը ստացել է ժողովրդական թատրոնի կարգավիճակ, և չնայած դրան, շարունակել է իր ակտիվ գործունեությունը մինչև 1988 թվականի ավերիչ երկրաշարժը, որի ժամանակ ավերվել է մշակույթի պալատի շենքը»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե երկրաշարժից հետո, գիտենք, որ շենքը վերանորոգվել է, բայց այդպես էլ ներկայացումներ չեն խաղացվել, պարոն Շիրմազանը պատասխանեց. «Այո, երկրաշարժից հետո առաջին անգամ շենքը վերանորոգվել է 2008 թվականին, սակայն շատ շուտ անորակ վերանորոգումների պատճառով նոր վերանորոգման կարիք է զգացվել: Եվ միայն այս տարի հիմնովին և որակով վերանորոգվել ու շահագործման է հանձնվել մշակույթի պալատը, որին կից ներկայումս ձևավորվել է նոր թատերախումբ»:

Մեր զրուցակիցը մանրամասնեց. «Թատերախումբը Վանաձորի Աբելյանի անվան պետական թատրոնի և ստեփանավանցի դերասաններից է կազմված, որի գեղարվեստական ղեկավարումը իրականացնում է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի՝ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, դերասան և հեքիաթագիր Էլֆիկ Զոհրաբյանը: Նորաստեղծ թատերախումբը (քաղաքային թատրոնը) իր առաջին ներկայացումով հանդես կգա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին; Թատերախմբի աշխատանքները համակարգում է Ստեփանավանի համայնքապետարանը՝ համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ»:

Հավելենք ,որ թատրոնի բացման օրը կներկայացվի ֆրանսիացի հայտնի դրամատուրգ Շենոյի «Առողջ եղեք» կատակերգությունը Արման Կոլոսովի ռեժիսուրայով:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test