Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Տարածաշրջանում երկարաժամկետ կայունության ու խաղաղության ստեղծման անհրաժեշտ նախադրյալը Հայկական հարցի արդարացի լուծումն է» aravot.am aravot.am

time
«Տարածաշրջանում երկարաժամկետ կայունության ու խաղաղության ստեղծման անհրաժեշտ նախադրյալը Հայկական հարցի արդարացի լուծումն է»

«Առավոտի» զրուցակիցն է Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը:

-Պարոն Օրդուխանյան, ինչպե՞ս եք գնահատում ցեղասպանության հարցում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ասաց, թե «պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք, որ ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր ժողովրդի ու մեր պետության շահերի հետ որեւէ կապ չունի։ Այդքան երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եկեք գույքագրենք, թե հայ ժողովուրդը, ՀՀ-ն ի՞նչ են շահել դրանից, ի՞նչ ենք ստացել դրանից»:

-Այդ քաղաքականությունը կեղծություն է, հայկական ու միջազգային հանրության կարծիքի նպատակասլաց ապակողմնորոշում։ Հայոց ցեղասպանության եւ հայերի հայրենազրկման փաստերը վիճարկման ենթակա չեն, իսկ փաշինյանական «խաղաղության խաչմերուկ» հորջորջվող հայեցակարգն ուղղակի ցնորք է ու պատրանք։ Մոռացության եւ ուրացման այս քաղաքականությունն իր ծալքերում հայ քաղաքական ու ռազմական միտքը զինաթափելու սամռկեցուցիչ վտանգ է պարունակում։ Փաշինյանն ու իր թիմը չեն տեսնո՞ւմ ամենօրյա ռեժիմով տարվող հակահայկական հիստերիան Ադրբեջանում, մոռացե՞լ են Սուլեյման Դեմիրելի այսօրվան նախորդած օրվա «Հայաստան, անիծյալ սեպ» բացականչությունը, թե Թուրգուտ Օզալի «… հայերը դասեր չեն քաղել Անատոլիայի փորձությունից եւ այնտեղ կրած պատժից» սպառնալիքները, էլ չխոսենք Էնվերին հիշող արյունարբու Էրդողանի նվաստացնող արտահայտությունները Բաքվից ու Շուշիից։

Տարածաշրջանում երկարաժամկետ կայունության ու խաղաղության ստեղծման անհրաժեշտ նախադրյալը Հայկական հարցի արդարացի լուծումն է, հայկական բանակի հզորության ապահովումը, հայկական դիվանագիտական մտքի վերափոխումն ու անձնակազմում նվիրյալների դասի ստեղծումը։ Այս ամենը պետք է ընթանա ՀՀ ռազմաարդյունաբերական կոմպլեքսի ու նոր կրթական համակարգի արագ ձևավորմամբ։ Սա է խաղաղություն ու կայունություն բերելու ՀՀ-ին ու տարածաշրջանին, միմիայն սա է բալանսավորելու վիճակը։

-Ցեղասպանության միջազգային ճանաչումը ինչո՞վ է կարեւոր, ի՞նչ է տվել այն Հայաստանին։

-Ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր է, որովհետեւ՝

Հայկական անցյալը, մարդկային ու պատմական արժեքները չեն կարող զոհաբերվել քաղաքական ժամանակավոր շահերին, փաթեթավորվելով դիվանագիտական ու քաղաքական զգուշության անողնաշար արտահայտություններով։

-Այս հայտարարություններից հետո Հայաստան ժամանեց Թուրքիայի հատուկ բանագնացը։ Մենք գիտենք, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցը միշտ փորձել է հանել օրակարգից։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում հիմա, ի՞նչ նպատակ ունի Թուրքիան։

-2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցից հետո, միջազգային հարաբերություններում, բայց նաեւ՝ թուրք վերնախավի մոտ առավել հստակ դարձավ, որ թուրքական պետության տասնամյակների ժխտողական քաղաքականությունն ու միլիարդավոր դոլարներ ծախսելը չկարողացան օրակարգից հանել Հայկական հարցը, քանզի չսպիացած վերքը մոռացության տալով չի բուժվում, ու այն դեռ լրջորեն ամոքել է պետք։ Շատերը հասկացան, որ Հայկական հարցը շարունակում է հայերի մեծամասնության աշխարհընկալման ու ինքնության ձեւավորման վրա առայսօր մնալ ուժգին ազդող երեւույթ, առավել ուժգնությամբ, իհարկե, Սփյուռքում։ Թուրք պետությունը գիտի, որ հայերը միայն հլու-հնազանդ չեն ենթարկվել յաթաղանի հարվածներին, այլ բազմաթիվ վայրերում իրենց զենքով ջարդուփշուր են արել արունոտված յաթաղաններն ու դրանց տերերին։ Ելնելով իրենց համար այդ դառը իրականությունից՝ թուրքական խորքային պետությունը, նրա վերնախավի տարբեր շերտեր ու դրանց թուրանական նպատակների ճանապարհին դեպի Միջին Ասիա ու Ռուսաստանի խորքեր ցատկատախտակ ծառայող կովկասյան թաթարների համար երեկ ստեղծած «Ադրբեջան» անունով պետությունը, Հայկական հարցի լուծման վերաբերյալ տարբեր ելակետային մոտեցումներ ցուցաբերելով հանդերձ՝ որդեգրեցին «թվանքի հետ գործ չունեցածների» հետ աշխատելու քաղաքականությունը։ Քաղաքական ու իրավական հնարավոր պատիժներից խուսանավող դահիճը կարողացավ ոսկին զատել անազնիվ մետաղներից եւ ի դեմս քաղաքական անչափահասությամբ փայլող Փաշինյանի ու նրա թիմի՝ ՀՀ-ում գտավ Հայոց ցեղասպանության հարցում թուրքական դիրքորոշման արտահայտիչներին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 13.09.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test