Երբ շարունակում է ապրել արվեստի գործը
Դիլիջանի երկրագիտական-թանգարան պատկերասրահը արվեստի լուսավոր կենսասիրությամբ շնչող եւ ապրող այն օջախներից է, որը միշտ այցելուների հիացմունքին է արժանանում: Զգացական ուրույն աշխարհ է տիրում լեռնային, կանաչապատ բնության գրկում ծվարած այս գողտրիկ թանգարանում, ուր Դիլիջանի պատմության ու անցյալի հիշատակների կողքին հանգրվանել եւ ապրում են արվեստի զանազան ստեղծագործություններ:
Դեռեւս 1920թ. արվեստաբան, ազգագրագետ, մանկավարժ, պետական-հասարակական եւ ՀՍՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ, ծնունդով դիլիջանցի Սերիկ Դավթյանի հիմնադրած թանգարանը նորաոճ, համեստորեն եւ նրբագույն ճաշակով է ներկայանում նաեւ մեր օրերում, երիտասարդ եւ պրպտող տնօրենի՝ Արման Բադեյանի շնորհիվ:
Գործունեության տարբեր տարիների ընթացքում՝ թանգարանային նյութը եւ հավաքածուները համալրվել են տարբեր անհատների նվիրատվություններով: Պարբերաբար կազմակերպվում են ցուցադրություններ, այդ թվում նաեւ ժամանակակից արվեստի գործերի, երաժշտական եւ այլ միջոցառումներ: Թանգարանն առանձնանում է հատկապես գեղանկարչական ֆոնդով (ունի 360-ից ավել գրաֆիկական աշխատանքներ եւ 400-ից ավել գեղանկարներ): Դրանց մի մասը արվեստի իսկական նմուշներ են: Ցուցադրվող եւ պահվող գործերի շարքում կարելի է տեսնել հայ նկարիչներ Վ. Սուրենյանցի, Փ. Թերլեմեզյանի, Ե. Թադեւոսյանի, Գ. Բաշինջաղյանի, Էդ. Շահինի, Ա. Ֆեթվաճյանի, Մ. Սարյանի, Գ. Գյուրջյանի, Հ. Հակոբյանի, Մ. Աբեղյանի, Գառզուի, Էդ. Իսաբեկյանի, Գ. Խանջյանի, Մ. Ավետիսյանի, Հ. Շարամբեյանի, Ռ. Ժերանյանի, Շ Հերթեւցյանի, Հ. Ասատրյանի աշխատանքները, օտար նկարիչներից՝ Ժ.Բ. Գրյոզի, Տ. Յաբլոնսկայայի, Ռ. Քենտի գործերը, իսկ մի ժամանակ կարող էին հիանալ նաեւ Վ. Վերեշչագինի, Կ. Մակովսկու, Ե. Լանսերեի, անհայտ իտալացի նկարչի աշխատանքներով (1979թ. անհետացել են թանգարանից):
Պատկերասրահի զարդն են աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ «Քրիստոսն իր աշակերտներով» (1887թ.) եւ «Ծովային տեսարան» (1876թ.) աշխատանքները: Առաջինը հետաքրքիր ճակատագիր ունեցավ: 1994թ. վանդալիզմի արդյունքում գործը վնասվում եւ տարիներով մնում է պահոցում: 2011թ. Ա. Բադեյանը իր աշխատանքային գործունեությունն է սկսում թանգարանում՝ որպես նկարիչ-վերականգնող (մասնագիտությամբ կիրառական զարդարվեստի եւ արհեստների որակավորմամբ նկարիչ է): Կտավի վիճակը տեսնելուց հետո՝ հանգիստ չի տալիս այն նորոգված լինելու միտքը:
– Թանգարանում ունենալ Այվազովսկի եւ պահել ֆոնդում, կարծում եմ արդար չէր լինի արվեստասեր հասարակության առջեւ: Այվազովսկու կտավը վերականգնված տեսնելը եւ ցուցադրելը մեր պատկերասրահում դարձել էր երազանք: Քանի՞ երկիր, քաղաք ունի անվանի գեղանկարչի գործերից, իսկ մենք ունենք: Ավելին, կար խնդիր՝ այն պետք է վերկանգնվեր եւ նոր ցուցադրվեր, իսկ դա ահռելի աշխատանք, հմտություն եւ ֆինանս էր պահանջում: Ցանկությունը մեծ էր, որն էլ կարծում եմ հաջողության գրավականն է,- հիշում է Ա. Բադեյանը (լուսանկարում):
2019 թվականից Ա. Բադեյանը ղեկավարում է Դիլիջանի երկրագիտական-թանգարան պատկերասրահը: Այդ տարիներից թանգարանը նոր ոճով եւ որակով ներկայացավ այցելուներին, հետաքրքրություն առաջացնելով նաեւ Հայաստան այցելած զբոսաշրջիկների մոտ, որոնք հեռանալիս՝ միշտ հիացմունքով են արտահայտվում: Զգալի է թանգարան-պատկերասրահում սիրով ու նվիրումով արված հսկայական աշխատանքը: Ի դեպ, դեռեւս 2007թ. Ա. Բադեյանը ստեղծել է «Դիլիջանի երիտասարդ նկարիչների ցուցասրահ-արվեստանոց», իսկ 2008թ. Դիլիջանի՝ «Buduart» արվեստի սրահը, որի համահիմնադիրներից է:
Այվազովսկու աշխատանքը նորոգված ունենալու ցանկությունը չէր մարել, հակառակ, այն մղում էր նոր ծրագրերի, քայլերի ու ճանապարհների որոնման: Գտնվեց բարերար, ի դեմս Արեւիկ Թահմիզյանի, եւ Հայաստանի Ազգային պատկերասրահի վերականգնողական խմբի ջանքով, կտավը կրկին շունչ ու կյանք ստացավ՝ ներկայանալով իր ողջ հմայքով: Ստեղծագործությունն անցավ վերականգնման բարդ ընթացք ու ճանապարհ (արվել է կտավի կորսված հատվածների լրացում, երանգավորում, շրջանակի նորոգում): Արդյունքում՝ 2022թ. հուլիսից Այվազովսկու կտավը մշտական ցուցադրությունում է:
Սակայն, որքան էլ խնամքով եւ հոգատարությամբ վերաբերվեն՝ Դիլիջանի երկրագիտական-թանգարան պատկերասրահի ֆոնդում պահվող բազմաթիվ ցուցանմուշներ վերականգնման կարիք ունեն: Բնականաբար, ժամանակի հետ դրանք ծերանում են, վնասվում արտաքին ազդեցությունից, կորցնելով իրենց նախնական տեսքը: Տասնյակ տարիներ որեւէ մեկը լուրջ եւ մասնագիտորեն չի զբաղվել դրանց խնամքով: Դրան նպաստել եւ իր հետքն է թողել թանգարանի նախկին շենքի անբարվոք պայմանները, մյուս կողմից՝ կար նաեւ միջոցների բացակայության եւ մասնագիտական հմտության պակաս: Նոր շենքային պայմանները ինքնին պարտավորեցնող են՝ ըստ պատշաճի ներկայանալ (բազմաթիվ ծրագրերից մեկը, որն ունի թանգարանը՝ ամենակարեւորն ու մտահոգողը այս է):
– Թանգարանի նկարչական հավաքածուի գրեթե բոլոր աշխատանքները վերականգնման կարիք ունեն: Այվազովսկին իրոք դրդապատճառ եղավ, որ այդ մտքի իրագործման համար ուղիներ փնտրեմ: Ազգային պատկերասրահի հետ համագործակցության արդյունքում կտավը վերականգնվեց, սակայն ցանկությունը` մասնագիտորեն հմտանալ եւ ինքս զբաղվել վերականգնողական աշխատանքով՝ մեծ էր: Թանգարանի շատ հոգսեր դա միայն կթեթեւացնի: Անելիքները, նույնքան նպատակները՝ շատ են:
Ձեռնունայն չէր կարող սպասել, որ ամեն անգամ, երկար փնտրտուքներից հետո նոր բարերար կգտնվի: Սկսեց լրջորեն եւ ինքնուրույն ուսումնասիրել, հետազոտել, կարդալ, յուրացնել, ձեռք բերելով ոչ միայն տեսական, այլեւ գործնական փորձառություն: Ձեռնարկված լավ գործը անշուշտ հաջողության միշտ հանդիպում է: Հմտությունների եւ որակի դեռեւս ինքնուրույն կատարելագործման ճանապարհին էր, երբ պատահականորեն Գերմանիայում բնակվող եւ մասնագիտական գործունեություն ծավալող, մասամբ դիլիջանցի Հայկ Հովհաննիսյանը կապ հաստատեց Ա. Բադեյանի հետ՝ ցանկություն հայտնելով աջակցել եւ օգտակար լինել:
Հ. Հովհաննիսյանը զբաղվում է վերականգնողական աշխատանքով, Բավարիայում ղեկավարում է արվեստի նշյալ ոլորտում գործունեություն իրականացնող արհեստանոց, դասավանդում է համալսարանում: Դիլիջանի թանգարանի համար գերող էր համագործակցության անշահախնդիր առաջարկը, որը գործին միայն կնպաստեր: Դա մի տեսակ նվեր էր նաեւ հայրենի քաղաքին, որից սերում է ակունքդ, լինելով մարդկային սրտացավության եւ արվեստի հանդեպ նվիրումի յուրօրինակ դրսեւորում, հարգանքի տուրք դեպի ստեղծագործական աշխատանքը: Անշուշտ դժվար, մտահոգիչ էին առաջին քայլերը, սակայն պետք է արվեր եւ արվեց՝ մտածված ու կշռադատված:
– Դիլիջանի պատկերասրահին օգնելու, գեղանկարչական աշխատանքները վերականգնելու լուրջ աշխատանքային քայլեր ձեռնարկվեցին Հայկ Հովհաննիսյանի հետ, որոնք էապես օգնելու են քաղաքին՝ զգալիորեն թեթեւացնելով հոգսերը: Հակառակ պարագայում քաղաքի ֆինանսական միջոցները չեն բավականացնի յուրաքանչյուր արվեստի գործի վերականգնման համար, ինչը խիստ ծախսատար է, մյուս կողմից, երբ ինքս եմ այդ աշխատանքը ձեռնարկել՝ կօգնի խնայողություն անել,- նշում է Ա. Բադեյանը:
Երբ կա մարդկային գործոնով պայմանավորված ցանկություն եւ շնորք, ամենակարեւորը՝ սերը դեպի հայրենի քաղաք, ուրեմն անհնար ոչինչ չկա: Հնուց ապրող ձգտումը վերաարթնացավ, միտքը դարձավ նպատակային եւ հաստատուն: Նախաձեռնած վերականգնողական բարդ աշխատանքը Ա. Բադեյանը, Հայկի օգնությամբ եւ խորհուրդներով, ստանձնեց մեծ պատասխանատվությամբ, առանց ենթադրելու, որ ապագայում ճանապարհը իրեն կտանի Գերմանիա:
2023թ. հուլիսից մինչեւ 2024թ. հուլիս, դեռեւս հեռակա, Ա. Բադեյանը մասնագիտական հմտությունները կատարելագործում է Հ. Հովհաննիսյանի վերականգնողական եւ պահպանության արհեստանոցում, ստանալով «գեղանկար վերականգնող»-ի որակավորման դիպլոմ, նշյալ ոլորտում հաստատելով իր գործունեության իրավունքը: Մասնագիտական բնագավառում ավելի խորամուխ լինելու համար 2024թ. աշնանը մեկնում է Գերմանիա, որտեղ բացի վերապատրաստվելուց եւ մասնագիտական նրբություններին ծանոթանալուց՝ այցելում Կոբուրգի թանգարան, տեղում ծանոթանալով վերականգնողական աշխատանքներին: Հյուրին սիրով ընդունեցին՝ արտոնելով գործնականում մասնակցել թանգարանային աշխատանքներին: 2025թ. ապրիլին ստանում է որակավորման ողջ դասընթացը գերազանց արդյունքներով ավարտելու հավաստագիր, միաժամանակ պատասխանատվության խիստ զգացումով ձեռնարկում շատ կարեւոր աշխատանքի մեկնարկը:
Այսօր արդեն Ա. Բադեյանը թանգարանի աշխատանքներին զուգահեռ իրականացնում է Դիլիջանի պատկերասրահի նկարների վերականգնումը: Աշխատանքը բարդ է, որը նաեւ մեծ համբերատարություն եւ ժամանակ է պահանջում: Արդյունքում 20 գեղարվեստական ստեղծագործություն փրկված եւ վերականգնված է, որոնց թվում են Գ. Բաշինջաղյանի, Վ. Սուրենյանցի, Նիդեռլանդական արվեստը ներկայացնող 16-րդ դարի անհայտ նկարչի, Լ. Լագորիոյի, ֆրանսիացի 18-րդ դարի անհայտ նկարչի աշխատանքները: Դրանք նոր տեսքով, մաքրությամբ եւ աչք շոյող գեղեցկությամբ են ներկայանում դիտողին: Նիդեռլանդական աշխատանքի վերականգնումը հետաքրքիր է այն առումով, որ դրա նոր շրջանակը պատրաստվել է Դիլիջանում՝ համապատասխանեցվելով նկարի դարաշրջանի ոճին ու տեխնիկական առանձնահատկություններին (բագետի տեսքով): Վ. Սուրենյանցի «Ներքինին հարեմում» (1887թ.) գործի վերականգնողական աշխատանքի ընթացքում բացվել է նկարչի ինքնագիրը, որը արդյունքն էր նախկինում ոչ ճիշտ արված ռեստավրացիայի (փակված է եղել յուղաներկի հաստ շերտով): Վերջերս, թիֆլիսահայ նկարիչ Ե. Փալանջյանի գործերին նվիրված ցուցադրությանը, ներկայացվեց Ա. Բադեյանի վերականգնած գործերից մեկը:
Յուրաքանչյուր նորոգված կտավից երեւում է, որ վերականգնողը հեղինակից չի հեռացել, դրանում խնամքով ներդրել է իր ճշգրիտ աշխատանքի որակը՝ մնալով մեկ ընդհանրության մթնոլորտում: Դժվար, լարված եւ պարտավորեցնող աշխատանք է՝ նման բժշկական վիրահատության: Այն պահանջում է անընդհատ սովորել հին վարպետների հնարանքները, արդյունքում՝ արվեստը նույնանում է վերականգնող արհեստի հետ: Մասնագետը պետք է կարողանա նորոգվող աշխատանքի միասնական ոճի պահպանմամբ, պահել ներդաշնակությունը, բնական գույնը, ստանալ եւ ճիշտ զգալ նրբերանգները: Ամենակարեւորը՝ պետք է ունենալ չշտապող ձեռքեր: Համբերատարություն պահանջող այս աշխատանքում՝ հանգիստ, մտածված ու չափված պետք է լինեն ձեռքերիդ շարժումը, որը կապված է վերականգնողի մտքի ճկունության հետ, եւ ունենալ կարողություն՝ նրբորեն թափանցել վերականգնվող նյութի աշխարհ, երբ գործ ունես գեղեցիկի հետ: Անշուշտ, Ա. Բադեյանի աշխատանքի տեսանելի արդյունքը խոսում է հաջողության մասին:
Այս ամենից անմասն չէր սրտացավ բարեկամը՝ Հ. Հովհաննիսյանը, ում օգնությունը գործնականում եւ խորհուրդների տեսքով՝ հսկայական է. որակապես այն նյութերը, որոնք ստանում է Դիլիջանի թանգարանը աշխատանքների վերականգնման համար Գերմանիայից՝ Հայաստանում չկան (այդ մասին փաստում է Ա. Բադեյանը իր փնտրտուքների արդյունքով): Իսկ որակյալ վերականգնողական նյութ ունենալը շատ կարեւոր է` դրանով է պայմանավորված վերջնական աշխատանքի բարձր մակարդակի արդյունքը: Աշխատանքի որակը համապատասխանում է միջազգային թանգարաններին։ Այն կօգնի Դիլիջանի թանգարանին իր ոլորտում ավելի անկախ գործելուն, տեղում իրականացնելով վերականգնման աշխատանքը, միաժամանակ հաղթահարելով բոլոր տեխնիկական խոչընդոտները, որոնք դանդաղեցնում են աշխատանքը։ Նյութերի մեծ մասը կյանք կստանան հենց թանգարանում, շատ խնդիրներ կլուծվեն, որի հնարավորությունը այս համագործակցությունը թույլ է տալիս։
– Համագործակցության արդյունքը քաղաքին մեծ շահույթ է բերում եւ կբերի, անշուշտ, ծախսատար աշխատանք է ե՛ւ ժամանակի, ե՛ւ նյութերի առումով: Թանգարանը դրանից նաեւ շահում է՝ այցելուին ճիշտ ներկայանալով, իսկ արվեստասեր հասարակությունը տեսնում է նոր կյանք ստացած եւ առաջ երբեւէ չցուցադրված աշխատանքները, մյուս կողմից՝ երկարում է նկարի կյանքը։ Թանգարանը կարող է անկախ գործել այս ոլորտում, չդիմելով այլ կառույցների եւ մասնագետների օգնության, խնայելով ռեսուրսներ, ժամանակ եւ ջանք,- նշում է Ա. Բադեյանը:
Նվիրումն ու սերը դեպի ձեռնարկած գործը այնքան նպատակային է, որ նույնիսկ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին՝ Արմանին կարելի է գտնել իր աշխատասենյակում գլխահակ եւ կենտրոնացած աշխատելիս: Նրա ցանկությունը մեկն է, որ հայ-գերմանական բարեկամական համագործակցային կապը ամրանա՝ մասնագիտական նոր ծրագրերի առաջարկներով: Եվ իսկապես անհնար է դրվատանքի խոսք չասել, չհիանալ այն ահռելի աշխատանքի արդյունքով, որը հաջողությամբ արվել է կարճ ժամանակաընթացքում: Իսկ գրավականը՝ սերն է դեպի արվեստը: Հավատում ես, որ բնատուր շնորհներով օժտված մասնագետը շարունակելու է ընթանալ իր նպատակի, դրան ծառայող միջոցների, վարպետության կատարելության ճանապարհով, որը հանդիպեցնում է սրտակից եւ օգնող բարեկամների: Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ Դիլիջանի թանգարանում գերմանական ցուցանմուշներ կան: Մշտական ցուցադրությունում ներկայացված է 18-րդ դարի շքեղ կահույք (նվիրատու՝ դիլիջանցի Է. Դավթյան), Մյուլլերի 1979թ. նկարաշարքը (նվիրված Սովետա-գերմանական բարեկամությանը): Դեռեւս 1850-ական թթ. Դիլիջանում առաջին հնագիտական պեղումներն իրականացրել է գերմանացի ճանապարհաշինարար, ինժեներ Ռեդկինը, ում անունով մինչեւ հիմա պեղավայրը կոչվում է Ռեդկին լագեր: Գերմանացի, արքունական ճարտարապետ Բեքմանը բնակվելով Դիլիջանում, գետի վրա կառուցել է գործարան, ջրաղաց եւ ալրաղաց: Իսկ 1880-ական թթ. գլխավոր մայրուղի կառուցելու ժամանակ, այլազգի մասնագետների հետ, Դիլիջանում բնակություն են հաստատում գերմանացիներ: Նրանցից շատերի ժառանգները շարունակել են ապրել քաղաքում, որոնցից մեկի մասին գեղեցիկ հիշատակություն է թողել հայ անվանի թատերագետ, արվեստաբան Ռուբեն Զարյանը՝ տպավորված գերմանացի պարտիզպանի աճեցրած ծաղիկներով, հատկապես մեխակներով. «Երբ ես առաջին անգամ Դիլիջան եկա՝ իմ հիշողության մեջ մնացին մեխակներ, կարմիր, ճերմակ, վարդագույն, կարմիրն ու ճերմակն իրար խառնված, բուրումնավետ, որ աճեցնում էր մի գերմանացի: Ափսոս, որ չեմ հիշում անունը: Բուրաստան ասվածը հենց նրա ծաղկանոցն էր: Գերմանացու աճեցրած այդ մեխակներն ինձ համար խորհրդանիշներ դարձան՝ սիրո, կարոտի, երազանքի, աղոթքի…»:
Մերի ՔԵՇԻՇՅԱՆ
Արվեստագետ
Սերիկ Դավթյանի կենսագիր
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test