ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում ուժային կառույցների ծառայողների համազգեստի վաճառք իրականացնող խանութները պետք է համապատասխան վկայական ունենան։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով խորհրդարանում օրերս ներկայացված առաջարկը՝ սահմանափակել ոստիկանական համազգեստի ազատ վաճառքը։
Գեներալի կարծիքով՝ լավագույն լուծումը ստեղծված իրավիճակում կլինի այն, որ ոչ միայն խանութները ստանան համապատասխան փաստաթուղթ, որով կպարտավորվեն վաճառել սահմանված չափորոշիչներով կարված համազգեստ (կտոր, գույն և այլն խմբ․), այլև համազգեստի գնումն անելիս էլ անձը ներկայացնի իր վկայականը։
«Որ եթե հետո պարզվի՝ համազգեստը չի համապատասխանում չափորոշիչներին, սակայն ծառայողն ասում է՝ տվյալ խանութից եմ ձեռքբերել, հնարավոր լինի բազայից ստուգել՝ արդյոք իսկապես այդտեղի՞ց է գնել, եթե այո, ապա ինչու է խանութում վաճառվում ընդունված չափորոշիչներին չհամապատասխանող համազգեստ և այլն»,- ասում է Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով՝ սա ավելի լավ ու աշխատող տարբերակ է, քան իմպերատիվ արգելքը, որը վնաս կլինի տնտեսվարողների գրպանի համար, իսկ ծառայողների համար խնդիրներ կառաջացնի, եթե համազգեստը ժամանակից շուտ մաշվի։ Ըստ նրա՝ աշխարհի տարբեր երկրներում հենց այս ճանապարհով են գնացել, օրինակ, ԱՄՆ-ում, որտեղ համազգեստ ձեռք բերելու համար անձը պետք է ներկայացնի համապատասխան վկայական և իրենից բացի ոչ ոք՝ կլինի մայրը, կինը, որդին, չի կարող նրա փոխարեն գնել համազգեստը։ Գնումն էլ գրանցվում է համապատասխան բազայում։
Այն, որ մեր երկրում ուժային տարբեր կառույցների ծառայողների համազգեստն ազատորեն վաճառվում է, յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել, ըստ փոխոստիկանապետի՝ նաև այն պատճառով է, որ մեզ մոտ համազգեստի նկատմամբ հսկողություն իրականացնող սրտացավ մասնագետներ էլ չկան։ Դրա համար էլ այսօր կարելի է տեսնել նաև պահնորդական տարբեր կազմակերպությունների աշխատակիցների՝ իրենց ծառայողական համազգեստով տուն գնալիս։
««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքը ասում է, որ համազգեստի կրման իրավունքը միայն ծառայության վայրում է, բայց այսօր մենք տարբեր մասնավոր պահնորդական կազմակերպությունների աշխատողներին կարող ենք տեսնել համազգեստով տուն գնալիս, էդ մարդը պիտի համազգեստը հանի աշխատավայրում կամ չգիտեմ սահմանված վայրում ու քաղաքացիական հագուստով տուն գնա, նախ՝ առաջինը համազգեստն ուշ կմաշվի, 2-րդը՝ ուշադրություն չի գրավի և այլն»,- նկատում է գեներալը։
Վերադառնալով վաճառքի թեմային՝ Հովհաննիսյանը ևս մի առաջարկ ունի․ համազգեստի կտորները վաճառել առանձին-առանձին՝ ոչ լրակազմով։
«Տաբատն առանձին գին ունենա, բաճկոնը՝ առանձին, ձմեռային բաճկոնը՝ առանձին, գլխարկը՝ առանձին, որ երբ հանցավոր մտադրություն լինի, ասենք, հանցավոր խումբը 2 կամ 3 հոգի է, միայն համազգեստի այդ համադրությունը ձեռք բերելու համար մի 500 հազար դրամ ստիպված լինի ծախսել»,- ասում է Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ սա ևս որոշակիորեն խնդիրը կնվազեցնի։
ՀՀ ոստիկանության համազգեստի նոր գունային լուծումները փոխոստիկանապետի համար այնքան էլ հասկանալի չեն։
«Նայեք Հայաստանի Հանրապետության պարեկային ոստիկանության թևքանշանը, և տեսեք՝ թևքանշանի վրա եռագույն դրոշն է և դրա վրա գնում է մի հատ սև գիծ, ու մեջը գրված է՝ «պարեկային ոստիկանություն»։ Ոստիկանության համազգեստն այն համազգեստն է, որը տեսնելով քաղաքացին պիտի իր օգնականին տեսնի։ Իսկ այս համազգեստը շատ անշուք է, ժողովրդի աչքին չտարբերող է։ Տեսեք՝ Խորհրդային Միության ժամանակ մեր ոստիկանական գլխարկների վրա ալ կարմիր ժապավեն կար, երբ որ հարցնում էիր, ասում էին՝ զանգվածի մեջ մոտավորապես 20-25 մետրի վրա այդ ալ կարմիր ժապավենը վտանգի մեջ գտնվող քաղաքացուն հնարավորություն է տալիս տեսնելու իր փրկչին»,- ասում է նախկին փոխոստիկանապետը։
Հիշեցնում է՝ օրինակ` Անգլիայում էլ ոստիկանական գլխարկները շախմատաձև նախշեր ունեն, կրկին արագ տարբերակում ես։