Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշմամբ սահմանային կնիքների պատկերում փոփոխություն է կատարել․ մասնավորապես, տեխնիկական փոփոխությունների հետ մեկտեղ ձևանմուշներից հանվել է Արարատ լեռան պատկերը, ինչը դարձել է բուռն քննարկումների թեմա։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է որոշման փոփոխությունները, հիմնավորումները և Արարատ լեռան վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը։
Կառավարության սկզբնական որոշմամբ ամրագրված է․
«Պետական սահմանը հատող անձանց անձնագրերում` նշումների (վիզաների) համար նախատեսված էջում, դրվում է 42 x 25 մմ չափսերով ամսաթիվ-կնիքի դրոշմ, որը, կախված պետական սահմանի անցման կետի տեսակից, լինում է օդային՝ համաձայն N 1 ձևի, երկաթուղային՝ համաձայն N 2 ձևի և ավտոմոբիլային՝ համաձայն N 3 ձևի: Ամսաթիվ-կնիքի վրա հայերենով և անգլերենով նշվում են «ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱԿ», «ARMENIA BS» բառերը, պետական սահմանի անցման կետի անվանումը, պետական սահմանը հատելու ամսաթիվը, ստուգիչ համարը, ելքի կամ մուտքի նշանը, ամսաթիվ-կնիքի համարը (երկու կողմում), ինչպես նաև պատկերված են Արարատ լեռը և համապատասխանաբար` օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային անցման կետի տարբերանշանը»։
Այս տարվա նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշմամբ ամրագրվում է․ «․․․Ամսաթիվ-կնիքի վրա հայերենով և անգլերենով նշվում են «ՀԱՅԱՍՏԱՆ», «ARMENIA» բառերը, պետական սահմանի անցման կետի անվանումը, պետական սահմանը հատելու օրը, ամիսը և տարեթիվը, ստուգիչ թիվը, ելքի կամ մուտքի նշանը, ամսաթիվ-կնիքի համարը, ինչպես նաև պատկերված են համապատասխանաբար` օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային անցման կետերի տարբերանշանները»։
Կառավարության հիմնավորմամբ, փոփոխությունը տեխնիկական է․ նոր կնիքներն ավելի պարզ են ու համապատասխանում են միջազգային չափանիշներին։
«Տվյալ նշումների կեղծման ռիսկերի նվազեցման, դրանց ճանաչելիության, հստակ տեսանելիության և ընթեռնելիության, միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման, ինչպես նաև սահմանային վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է վերանայել դրանց ձևերը»,- նշվում է Կառավարության հիմնավորման մեջ։
Պաշտոնական հիմնավորման մեջ, ինչպես երևում է, որևէ քաղաքական ենթատեքստ նշված չէ։
Դրա մասին երեկ Կառավարությանն ուղղված քննադատություններից հետո խոսեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «․․․Նոր կնիքների վրա, բացի սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից, այլ տեղեկություններ կամ նկարներ չեն լինելու, այդ թվում՝ Արարատ լեռը, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրների սահմանահատման կնիքների վրա:․․․Որոշման հիմնավորումները շատ պարզ են՝ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև Իրական Հայաստանի գաղափարախոսությանը»:
Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի մասին դեռևս այս տարվա փետրվարին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ «Իրական Հայաստանը՝ Հայաստանի Հանրապետությունն է, միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով»։
Ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ դատապարտել են իշխող քաղաքական ուժին՝ մեղադրելով նրանց ադրբեջանաթուրքական պարտադրանքին ենթարկվելու ու Հայաստանի խորհրդանիշի մաս հանդիսացող Արարատ լեռը սահմանային անցակետերի կնիքների ձևանմուշներից հանելու համար։
Այն որ Արարատը խորհրդանիշի մաս է, սահմանվում է ՀՀ Սահմանադրությամբ․ «Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:
․․․Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն»։
Արարատին՝ պատմական ու իրական Հայաստանի միջև երկվության համատեքստում 2023 թվականի հունիսի 15-ին անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս խոսելով զինանշանի, դրա կենտրոնում պատկերված Արարատի մասին ասել էր․ «Տեսեք, ի՞նչ է պատկերված մեր զինանշանի վրա, հարգելի գործընկերներ, թեման իրականում շատ լուրջ է, որովհետև այն խնդիրը, որ մենք քննարկում ենք, ինչքան էլ դա բազմաթիվ քննարկումների, շահարկումների առիթ տվեց, այդ խնդիրն այստեղ է, մեր մտքերում է, մեր հոգեբանության և մտածողության մեջ: Եվ կարծում եմ, մեր զինանշանը շատ է արտահայտում մեր հոգեբանությունը: Ի՞նչ է պատկերված այնտեղ. Նոյյան տապանն Արարատ սարի վրա, Հայաստանի չորս գահակալությունների, դինաստիաների, չորս հարստությունների զինանշանները: Եվ այդ զինանշանին նայելիս, վերջերս իմ մոտ հարց է ծագել. իսկ այդ զինանշանը, երբ կարծեմ 1991 թվականին ընդունել ենք, այդ պատկերը, որը մեզ համար սրբություն է, մեզնից յուրաքանչյուրի համար, իսկ 1991թ. հիմնադրված պետության հետ ինքն ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է: Ընդ որում՝ նայելով կենտրոնին, Արարատ սարի վրա Նոյյան տապանն է, Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ է, առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում այստեղ վաղուց չի ապրում: Եվ այս խնդիրը, որը մենք քննարկում ենք, իրականում մեզնից յուրաքանչյուրի, չթվա դա միայն ձեր մեջ է, մեզնից յուրաքանչյուրի մեջ առկա այդ երկվության մասին է, պատմական Հայաստանի և իրական Հայաստանի»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս նախորդ տարի մի առիթով հիշել էր Արարատ լեռը․ «․․․Այն պետք է փոխվի։ Նրանք Հայաստանում բազմաթիվ այլ լեռներ ունեն, թող դա պատկերեն»։
Թուրքիայի կողմից Արարատը հեռացնելու մասին հանրային ուղիղ պահանջ Հայաստանին պաշտոնապես չի եղել։ Միայն այս տարի ապրիլին Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ճեպազրույցում ասել էր․ «Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարություն է արել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ։ Այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխությունները իր Սահմանադրությունում»։
Փաստացի՝ կնիքներից Արարատը հեռացնելը Կառավարությունը համարում է տեխնիկական փոփոխություն, որը բացատրում է անվտանգության և միջազգային չափանիշներին համապատասխանությամբ։
Իսկ ընդդիմադիրների կողմից քննադատությունների հիմքում ընկած են Թուրքիայի և Ադրբեջանի հայտարարությունները, որոնք դժգոհության ալիք են առաջացրել և արտաքին ազդեցության մասին ենթադրությունների տեղիք տվել:
Գայանե Մարկոսյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test