Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. չինական արտադրության էլեկտրական ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 42-ամյա Համլետ Մ.-ն իր վարած «Hongqi E-QM5» մակնիշի ավտոմեքենայով Գուսան Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Շ. Խաչատրյանն ու Կ. Քարամյանը: Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։