«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, տնտեսագետ Դավիթ Անանյանն են։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Վարդան Արամյան.– Աշխարհում չկա մարդ, ով ունի ռացիոնալ մտածողություն և չի ձգտում խաղաղության, հանգիստ կյանքի։ Բոլորն են դրան ձգտում: Եթե ուզում ենք հասկանալ՝ խաղաղություն կա՞, թե՞ չէ, հիշենք նախորդ 5-6 տարիներին իշխանությունների կողմից հնչեցված թեզերը։ Ի՞նչ կար կառավարության ծրագրում, ու ի՞նչ ենք տեսնում հիմա։ Որքանո՞վ են նախկինում նրանց կողմից հնչեցված թեզերն իրականություն դարձել: Որպես տնտեսագետ՝ ես ուշադրություն եմ դարձնում փաստերին, ոչ թե ապագային միտված հայտարարություններին, ելույթներին, խոսքերին։ Հայտարարվում է մի բան, սակայն տեղի են ունենում ռադիկալ տարբեր իրադարձություններ։ Ինչպե՞ս ենք մենք խոսում խաղաղությունից, երբ Հայաստանի տարածքների մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից, երբ կրակում են մեր գյուղերի վրա…
Կառավարության հիմնական թեզը հետևյալն է, որով վախեցնում են մարդկանց՝ ա՜յ, եթե մենք չլինենք, դուք կորցնելու եք…
Դավիթ Անանյան.- Խաղաղության ձգտում ենք, բայց խաղաղություն ես դեռ չեմ տեսնում, առավել ևս, երբ կողմերից մեկն Ալիևի պահանջով անընդհատ տնային աշխատանքներ ունի անելու. չկա այն զրոյական կետը, որի վրա կառուցվում է խաղաղությունը։ Փաշինյանը հիմա լրիվ նախընտրական տրամադրություններում արվող հայտարարությունների մեջ է։
«Թրամփի ուղի» և «Խաղաղության խաչմերուկ» եզրույթներն արդեն միջազգային հարթակներում արծարծվող թեմաներ են։ Մենք պետք է դրանց ուշադիր լինենք, որովհետև դրանք արդեն իրողություններ են, ու քաղաքական առումով դրանց պետք է գնահատական տրվի, իսկ տնտեսական առումով՝ հաշվարկներ պետք է արվեն։
Կա Նոյեմբերի 9 և Օգոստոսի 8․ Հայաստանը նմանվում է անբարեխիղճ կառուցապատողի, որը միևնույն բնակարանը երկու անգամ վաճառում է երկու բարեխիղճ ձեռքբերողի։
Պետք է նայենք, թե ընդհանուր 18-20 միլիոն տոննա բեռի երկկողմ շրջանառություն ունեցող ճանապարհից մեր տնտեսական օգուտն ի՞նչ է լինելու։ Ես հաշվարկ էի կատարել, ու ստացվել էր տարեկան 4-5 միլիոն, և դրան հակադարձում դեռևս չի եղել։ Հետևաբար, տնտեսական առումով այդ ճանապահը մեզ այնքան էլ հետաքրքիր չէ։ Քաղաքական առումով Հայաստանը կարող էր դառնալ տրանսպորտային հանգույց։ Ողջ աշխարհում այսօր հետաքրքրություն են ներկայացնում դեպի նավահանգիստներ ելք ունեցող տրանսպորտային հանգույցները։ Լոգիստիկ առումով Հայաստանն օգտվում է Բանդերաբասի և Փոթիի նավահանգիստներից։
«Թրամփի ուղի» և «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերը ծախսատար են, վերադարձելիության առումով՝ ժամանակատար, մոտ 50-60 տարի կպահանջվի, հետևաբար, կրկնում եմ, դրանք մեզ համար տնտեսական առումով հետաքրքիր չեն։ Ըստ հայտարարությունների՝ այդ 43-45 կմ-անոց հատվածը Հայաստանի ներքին տրանսպորտային հանգույցներին չի միանալու։
Վարդան Արամյան.– Թվեր չկան, մուտքային տվյալները հստակ չեն, այլապես իշխանությունը դա այնպես կթմբկահարեր, որովհետև դրանից լավ գովազդ իրենց համար չկա։ Եթե հաշվարկ ունենային, կասեին՝ մասնագետներ, ինչի՞ հետ համաձայն չեք։
Ես չգիտեմ՝ Սյունիքի բնակիչն ի՞նչ է շահելու այս ճանապարհից, որովհետև իրենք էլ չգիտեն՝ դա ինչ ճանապարհ է լինելու՝ էստակադա՞, թունե՞լ, թե՞ ինչ։ Ստորագրված թուղթ չկա, չգիտենք։ Իսկ եթե դա լինի ցամաքային ճանապարհ, ու մենք ստիպված լինենք Իրան մեկնելու համար Ադրբեջանի թույլտվությո՞ւնը ստանալ…
Թրամփի ուղու թիվ մեկ շահառուն Ադրբեջանն է, որովհետև ուղիղ կապվում է Նախիջևանի հետ։ Պատկերացրե՛ք՝ մենք չունենայինք Լաչինի միջանցքը ու ստիպված լինեինք Արցախ մեկնելու համար Իրանը շրջանցել… Էլ չեմ ասում Սոթք-Քարվաճառ ճանապարհի մասին։
Դավիթ Անանյան.– Ինքնիշխանության հետ կապված ռիսկերն անորոշ են ու անչափելի։
Մի բան է, որ թուրքական ապրանքները տուրիստական հոսքերով են գալիս, մեկ այլ բան, եթե շատ ավելի հզոր տնտեսություն ունեցող Թուրքիան Հայաստանը ողողի իր ապրանքներով, ու մենք դառնանք սոսկ ծառայություն մատուցող երկիր։ Մեր դիմադրողականությունը բարձր չէ, այն կկլանի Հայաստանի տնտեսությունը։
Վարդան Արամյան.- Երբ Թրամփը 183 երկրների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնելու հայտնի հրամանը ստորագրեց, որպես հիմնավորում՝ նա նշում էր՝ ես պետք է պաշտպանեմ իմ երկրի արտադրությունը։
Եթե Հայաստան գա, օրինակ, թուրքական լոլիկը, որի արտադրման ինքնարժեքը Թուրքիայում շատ ցածր է, պարզ է՝ մեր գյուղմթերքի հետ ինչ կլինի… Իհարկե, փակ սահմաններով հնարավոր չէ ապրել։ Այդպես դու դադարում ես զարգանալ, բայց պետք է այնպես անես, որ խոշոր արտադրողը չկլանի մանր արտադրողին։
Դավիթ Անանյան.– Հայ-թուրքական սահմանը փակ է եղել քաղաքական նկատառումներով՝ կապված իր եղբայր Ադրբեջանի և Արցախի հարցի հետ, և այն փակել է Թուրքիան։ Հիմա սահմանի բացելը Թուրքիային էլ է ձեռնտու. բացի տնտեսական նպատակներից, Թուրքիան ունի քաղաքական նպատակներ։
Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե թուրքական գյուղմթերքը գա ԵԱՏՄ տարածք Հայաստան, այնտեղից անցնի Ռուսաստան՝ առանց հավելյալ արժեք ստեղծելու։ Որակական առումով ՀՆԱ-ն չի լինելու ավելացված արժեքի տեսքով։ Վերաարտահանող երկիր լինելը մեր դեպքում առավելություն չի տալու մեզ։ Մարգարա-Ալիջան բաց սահմանն ավելի շատ ներհոսք է ապահովելու թուրքական ապրանքների համար, քան արտահոսք հայկական ապրանքների համար։ Տնտեսական փափուկ ուժի բաղադրիչն օգտագործվելու է, լինելու է թուրքական տնտեսության ներթափանցում Հայաստան:
Վարդան Արամյան.– Եթե պլան չունենաս, անխուսափելիորեն հայ-թուրքական սահմանը բացվելու դեպքում կդառնաս Աջարիա։
Դավիթ Անանյան.– Կարսի հանգույցը տնտեսական առումով բավականին ոչ եկամտաբեր էր հենց Թուրքիայի համար։ Հետևաբար՝ Գյումրու երկաթգծին միանալը չեմ կարող ասել՝ ինչ առաջնահերթություն կտա Թուրքիային։
Եվրոչինովնիկները ողջունում են ցանկացած բան, որը Ռուսաստանի դեմ է։
Վարդան Արամյան.– Տնտեսագետներն ու ֆինասիստները սովորաբար վախենում են քաղաքական որոշումներից։ Դա էր պատճառը, որ ապրիլի 4-ին միջազգային ֆինանսական շուկաները միանգամից ընկան 13%-ով։
Դավիթ Անանյան.– Աշխարհում տեղի են ունենում վերադասավորումներ․ Չինաստանը, ԱՄՆ-ը ու Ռուսաստանը որոշակի պայմանավորվածությունների են գնում, Հնդկաստանն էլ ժամանակ առ ժամանակ հիշեցնում է իր մասին։ Չինաստանը շատ մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ, ՌԴ-ն ունի իր հետաքրքրություններն այստեղ։ Եթե ամբողջ աշխարհում 3 խոշոր խաղացողները փորձում են բաժանել ազդեցության գոտիները, ապա ԱՄՆ-ի համար ցանկալի է մտնել մի տարածաշրջան, որն այլ ազդեցության գոտում է գտնվում։
Վարդան Արամյան.– Եթե մտնում ես խոշոր խաղացողների շահերի բախման մեջ, ինչը չարեց Վրաստանը, պետք է մտածես դրա հետևանքների մասին։
Շարքային քաղաքացուն հնարավոր չէ հասկացնել աշխարհաքաղաքական բարդ բախումների հետևանքները։ Եթե քաղաքացին դա հասկանար, ապա կիմանար, որ շատ վտանգավոր է Ռուսաստանին այստեղից ուղղակի քշելը։ Շարքային քաղաքացուն ուղղակի հետաքրքիր է՝ ինքը լա՞վ է ապրելու, թե՞ չէ։
2018թ․ փողոց փակող մարդիկ ինչի՞ մասին էին երազում։ Փողոցում հայտնված մարդիկ բաժանվում են 3 շերտի՝ արմատականներ, ում շարժառիթը վենդետան էր, ռեֆորմ ուզող ռացիոնալներ, իսկ կրիտիկական մասսայի՝ 80-85%-ի սպասումը վարկերի չեղարկումն էր, հարկերի իջեցումը, կարմիր գծերի վերացումը (և այլ խոստումներ, որոնք տրվեցին 2018-ին Նիկոլ Փաշինյանի կողմից,- հեղ.), ու հենց դրա վրա էլ կառուցվում են հեղափոխականների թեզերը։ Իրականում դա չեղավ, չէ՞, այդ խոստումները չկատարվեցին։
2018թ․ մարտ-ապրիլ ամսին, օրինակ, սպառողական վարկերը 2 անգամ աճեցին, որովհետև մարդիկ նետվեցին փողի հետևից՝ առանց սպասելու իրենց եկամուտների աճին։ Փողոցում կանգնած կրիտիկական մասսան ակտիվներ, սեփականություն չուներ, բայց վարկ էր վերցնում… Հիմա էլ մեր տնտեսության աճը պայմանավորված է սպառողական վարկերի աճով։
Մեր ժողովրդի գերակշիռ մասն այսօր սկսել է ավելի վատ ապրել։ Միջին և միջինից ցածր եկամուտներ ունեցող մարդիկ բարեկեցության անկում ունեն, որովհետև հաշվի չեն առնվում նրանց ծախսային կոմպոնենտները, գնաճը և այլն:
Դավիթ Անանյան.– Սպառման մոդելի վրա հիմնված տնտեսությունը չունի ապագա, որովհետև սպառողների քանակը խիստ սահմանափակ է՝ շուրջ 3 միլիոն։ Հետևաբար՝ չի կարող բարեկեցություն լինել այնտեղ, որտեղ որակյալ մասնագիտությունների, որակյալ պրոդուկտի, արժեքի ստեղծումը չի խրախուսվում։ Օրինակ, գիտնական լինելը շահավետ չէ, մարդիկ գիտությամբ չեն զբաղվում… Մատուցողն այսօր շատ ավելի մեծ եկամուտներ ունի, քանի արժեք ստեղծող շատ մասնագիտությունների կրողներ։ Մեր տնտեսությունը որակյալ առումով լավը չէ, արտահանելի չէ։
Վարդան Արամյան.- Նիկոլ Փաշինյանին ընտրողը լինելու է սոցիալապես վատ ապրող քաղաքացին։ 2018թ․իշխանության եկան կեղծ թեզերով, որոնցից շարքային քաղաքացին սպասում ուներ, որ Մոնումենտի տները քանդելու են, փողը բերեն, իրենց տան… Մարդն ապրում էր սպասումներով, որոնք կեղծ էին և անիրագործելի:
Մարքետինգն ու սոցիալական ցանցերն էլ են դրա վրա նստած։ 2018թ․ մարդկանց ասացին՝ դուք վատ եք ապրում, որովհետև ձեզ թալանել են։ Մարդն արդեն իր ուղեղի մեջ դատապարտել ու մեղադրյալի աթոռին է նստեցրել ոչ միայն նախկիններին, այլև բոլոր հարուստներին։ Եթե այդպես չլիներ, Սամվել Կարապետյանին կալանավորելու համար առնվազն կես միլիոն մարդ փողոցում կլիներ։ Նույն մարդիկ մտածում են՝ այո, Նիկոլ Փաշինյանն իր խոստումները չկատարեց, բայց տեսեք՝ մուրճը դեռ սեղանին է, մի օր հնարավոր է՝ նա անի իր խոստումները… Իրեն ընտրելու են վարկերի տակ ճկռող գյուղական համայնքների բնակիչները։ Առևտուր անող մարդիկ թող համեմատեն 2017թ․ ու հիմիկվա գները, ամեն ինչ թանկացել է՝ մի քանի անգամներով…
Արցախը հանձնելուց հետո հատկապես գների թռիչք է տեղի ունեցել…
Չզարմանաք, որ նոր ընտրությունների ժամանակ հիմնական ընտրողները լինեն այն մարդիկ, որոնց սոցիալական վիճակը շատ վատացել է 2018թ.-ից հետո։ Այսպիսին է սոցիալ-հոգեբանությունը։ Մարդն ազդեցության տակ ընկնող է, կեղծ սպասումներին, պոպուլիզմին հավատում է…
Դավիթ Անանյան.- Կեղծ սպասումներ, պոպուլիզմ… ահա իշխանության քարոզչությունը: Իշխանությունն ասում է՝ կա՛մ ինձ եք ընտրելու, որը նշանակում է՝ խաղաղություն, կա՛մ ընտրում եք այլ ուժի, և լինում է պատերազմ։ Եթե դրան գումարում ենք իռացիոնալիզմը, պարզ է դառնում՝ ովքեր են ընտրելու Նիկոլ Փաշինյանին։
Վարդան Արամյան.- Միակ տարբերակն իշխանության պոպուլիզմին հակադրվելն է։ Ինֆորմացիոն հոսքերը պետք է խեղդեն իշխանական այդ պրոպագանդային։ Եթե այսօր տարբեր ճակատներով աշխատող մարդիկ չմիավորեն իրենց բոլոր ջանքերը, չլողան մեկ ուղղությամբ, նավը շուռ տալ չեն կարող… Եթե նույն բանն ուզող մարդիկ չհամախմբվեն, շատ բարդ է լինելու։
Դավիթ Անանյան.- Կա ռացիոնալ մտածող հատված, որն իրեն դիստանցավորել է բոլորից։ Դրանք 55-60% մարդիկ են, ովքեր սպասում են ինչ-որ բանի։ Նրանց պետք է օրակարգեր առաջարկվեն։
Վարդան Արամյան.- Խաղամոլությունը, որպես կանոն, աճում է այնտեղ, որտեղ սոցիալական ծանր, ճգնաժամային, կրիտիկական սթրեսային վիճակ է։ Աշխատում է կորցրածն արագ հետ բերելու էֆեկտը, կեղծ այդ մտայնությունը, ու մարդիկ ընկնում են էլ ավելի շատ պարտքերի մեջ…
Դավիթ Անանյան.- Ոչ թե պետք է ասել՝ ինչքան վատն է Նիկոլ Փաշինյանը, դա բոլորը գիտեն, այլ պետք է ցույց տալ հնարավոր արդյունավետ համընդհանուր ուղղությունը։ Միշտ պետք է պատրաստ լինել ճիշտ ճանապարհը ցույց տալու։ Բանականություն ունեցող մարդիկ շատ համբերատար ձևով պետք է ամեն օր բացատրեն՝ որն է ճիշտ ճանապարհը, իսկ առաջնորդության հայտ ունեցողները ոչ թե պետք է մարեն Նիկոլ Փաշինյանի կողմից առաջացրած կրակները, այլ ցույց տան իրենց իրական օրակարգը։ Տիտղոսային ընդդիմությունն իր օրինակով պետք է բորբոքի մնացածին։ Իրոք կա ուղի, եթե այլընտրանքները միավորվեն։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test