Բաքվի բռնապետական ռեժիմի քարոզչական կայքերից մեկում` Minval. az-ում «Զանգեզուրի միջանցքն ընդդեմ ռուսական ռազմաբազայի. ի՞նչ ընտրություն կանի Հայաստանը» վերտառությամբ հոդված է հրապարակվել: Հայաստանն արդյո՞ք Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման է գնում. հենց այս փիլիսոփայական հարցադրմամբ էլ սկսվում է հոդվածը: Ալիևյան ռեժիմի քարոզիչները շեշտում են՝ իրենց կասկածների հիմքում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն է այն մասին, որ այս պահին Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա:
Բացի այդ, ադրբեջանցիները նկատում են, որ այս հայտարարությունը հնչում է Փաշինյանի՝ Ռուսաստան այցելության և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին հայտարարությունների ֆոնին: Հակահայկական ադրբեջանական քարոզչամեքենան շեշտում է, թե ինչպես կարելի է գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման, երբ ռուսական ռազմաբազայի ներկայությունը ուղիղ վտանգում է Հարավային Կովկասի անվտանգությունը:
Ադրբեջանական քարոզչության այս նարատիվները 2020 թվականից հետո են լայնորեն կիրառվում: Հայաստանը փաստացիորեն կապիտուլյացիայի տանելուց հետո նրանց «ախորժակը բացվել է» և ռուսական ռազմական ներկայությունը, պարզ է, որ ինչ-որ պահի կարող է կանգնել իրենց կոկորդին: Ահա թե որն է, մեր ոխերիմ հարևաններին մտահոգող հիմնական հարցը, որը փորձում են մատուցել Հարավային Կովկասի անունից:
Մելի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, սակայն, կարծում է, որ Սիմոնյանի հայտարարությունը չի կարելի միակողմանի դիտարկել: «Մի կողմից Ալեն Սիմոնյանն ասում է, որ ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարց չի քննարկվում, որը ռուսների համար կարծես թե հանգստացնող է հնչում, սակայն մյուս կողմից դա կարելի է դիտարկել այսպես, որ Փաշինյանի իշխանության վրա ճնշման պարագայում դա կարող են որպես գործիք օգտագործել»,- նկատում է ադրբեջանցի պատգամավորը: Հետաքրքիր է, որ հոդվածում կարմիր գծով անցնում է հակառուսական քարոզչությունը, հակառուսական ձևակերպումները: Իսկ ամենածիծաղելին այն է, որ հայ ժողովրդի հանդեպ մի քանի անգամ ցեղասպանություն իրագործած Ադրբեջանը ներկայացնող պատգամավորը հանկարծ վրդովվել է Ռուսաստանից հնչող հայտարարություններից:
«ՌԴ-ի պետական հեռուստաընկերությունների էկրաններից մենք տեսնում ենք, թե ինչպիսի հայտարարություններ են հնչում այն մասին, որ միջուկային հրթիռներով հարվածներ հասցնեն եվրոպական երկրներին, ԱՄՆ-ին: Իսկական կրետինիզմ է, երբ նման սպառնալիքները վերատարածում են Ադրբեջանի վրա: Ցավոք սրտի, սա Ռուսաստանի այսօրվա ոճն է», իր «հեղինակավոր» կարծիքն է հայտնում Մուսաբեկովը: Ամեն ինչ այսքան ցինիկ չէր լինի, եթե Մուսաբեկովը չներկայացներ Ադրբեջանը, ու չլիներ բռնապետ ու ռազմական հանցագործ Ալիևի ռեժիմի պատգամավորը: Մուսաբեկովը շեշտում է, որ խոսքը միայն Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին չէ, այլև Էրեբունի օդանավակայանում քսան հատ ռուսական МИГ-29 կործանիչներն ու տասնյակի չափ ռազմական ուղղաթիռները:
«Դրանք ռազմական ուղղաթիռներ են, այսինքն, ավելի վտանգավոր ռազմական ներկայություն: Եթե ռուսական 102-րդ բազան Գյումրիում խաղում է իբրև թե պաշտպանական դեր, ապա ավիաբազան Էրեբունիում նախատեսված է հարևան երկրներին հեռահար հարվածներ հասցնելու համար, այսինքն Հայաստանի հարևան երկրներին հարվածներ հասցնելու համար»,-ադրբեջանցի պատգամավորը անկեղծորեն բացահայտում է իրենց մտահոգության իրական պատճառը: Մեջլիսի պատգամավորը նշում է, որ իրենց համար վտանգ է նաև Կասպից ծովում ռուսական նավատորմը, ինչպես նաև անդրադառնում է «օկուպացված Աբխազիայում և Հարավային Օսեթիայում ռուսական ռազմական ուժերին»:
Վերջինս շեշտում է, որ այս առումով Ադրբեջանը հզորացնում է իր ռազմատեխնիկական բազան, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգը: Փաստորեն, Ադրբեջանում մտահոգված են, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական ուժերը կարող են ինչ-որ պահի իրենց դեմ ուղղվել, դրա համար էլ Ալիևի մեծագույն երկրպագու Փաշինյանի ու իր «հավատարիմ ծառաների» միջոցով փորձում են հնարավորինս ակտիվացնել Հայաստանից ռուսական ուժերի դուրսբերումը: Իսկ որոշ արևմտամետների բարձրագոչ հայտարարություններն այն մասին, թե ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Ադրբեջանն ու Թուրքիան պարզապես «կուլ տան» Հայաստանին, հօդս են ցնդում այն բանից հետո, երբ Թրամփը Հայաստանը մի քանի անգամ անվանում է Ալբանիա: Այսինքն, Թրամփի համար Հայաստանն այնքան նշանակություն չունի, որ ԵՎրոպայում հանցագործությունների ու մարդկանց թրաֆիքինգի կենտրոն հանդիսացող պետության անունն ավելի հեշտ է հիշում, քան թե այն պետության անունը, որի մասով բարձրագոչ հայտարարություններ էր անում, թե խաղաղություն է բերել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test