168.am-ի զրուցակիցը գեղանկարիչ Վաչագան Պողոսյանն է։
– Սովորաբար նկարիչները վրձնի միջոցով փոխանցում են իրականությունը կամ իրենց պատկերացրածը․ ի՞նչ է փոխանցում Ձեր վրձինը։
– Վրձնի միջոցով փոխանցում եմ այն, ինչ տեսնում եմ։ Հիմնականում նկարում եմ այն, ինչ ինձ Աստված է տալիս։ Ավելի քան 15 տարի նկարել եմ աշխարհի բոլոր ցեղասպանությունները․ 250-ից ավելի կտավ ունեմ այդ թեմայով։ Արդեն 4 տարի է՝ Տիեզերք եմ նկարում, բնապատկերներ, դիմանկար։
– Երկար ժամանակ ցեղասպանության թեմայով եք նկարել՝ ի՞նչ էին աղաղակում նկարները։
– Վրձնի միջոցով ուզել եմ պայքարել անտարբերության դեմ։ Իմ բոլոր նկարներում կա լույս և էներգիա, որոնց միջոցով էլ ցանկացել եմ պայքարել։ Մի այսպիսի խոսք կա, ասում է․ «Մի՛ վախեցեք գողերից, նրանք կարող են ձեզանից միայն գողանալ, մի՛ վախեցեք մարդասպաններից, նրանք ձեզ կարող են միայն սպանել, վախեցե՛ք անտարբերությունից, որը ծնում է թե՛ գողերի, թե՛ մարդասպանների»։ Այն, ինչ կատարվում է աշխարհում՝ անտարբերության արդյունք է։ Ինձ համար չարիքը դա անտարբերությունն է։
– Անտարբերությունը կարողացա՞ք մեղմել։
– Իմ կարծիքով՝ այո։
– Մեկ կամ մի քանի հոգին կարո՞ղ են պայքարել այդ անտարբերության դեմ։
– Իհարկե։ Մեկ հոգի՝ ես, մեկ՝ մյուսը․․. այդպես հոգիներով կարելի է հազարներ, միլիոններ կազմել։
– Ինչպես նկատեցինք՝ Արցախյան պատերազմի ժամանակ էլ աշխարհը լուռ էր ու անտարբեր։ Կարո՞ղ ենք ասել, որ մշակույթը, արվեստը չի կարողանում հասնել հոգիներին։
– Չէ, իհարկե չի կարելի ասել։ Ինչ ինձանից հասնում է՝ ես այդ եմ անում։ Ամեն մարդ պետք է զբաղվի նրանով, ինչով կարող է, ինչ իրեն տրված է։ Արդյունքը հետո է երևալու։ Եթե ինչ-որ մեկի սրտին դիպչում է, նա սկսում է ուսումնասիրել այդ ամենը, դու չես էլ իմանում։ Նա եկավ քո ցուցահանդեսին, նայեց նկարներն ու գնաց։ Դու չգիտես իր զգացողությունները, միտքը։ Բայց հուսով եմ, որ դրական է։
– Աբստրակտ ոճում եք ստեղծագործում։ Հատկապես վերջին տարիներին շատերն են այս ոճը նախընտրում․ ինչո՞վ է պայմանավորված։
– Նման բան չկա արվեստում․ շատերն աբստրակտ կամ ռեալիստական ոճում են ստեղծագործում։ Իմ ստեղծագործությունները, կարելի է ասել, աբստրակտի ու իմպրեսիոնիզմի ուղղությամբ են։
Դա կապված է մարդու ներաշխարհի հետ։ Վաղը կարող է ուրիշ բան նկարեմ։
– Կարո՞ղ ենք ասել, որ աբստրակցիոնիզմը նկարչին ավելի շատ ազատություն է տալիս։
– Իմ կարծիքով՝ ոչ, որովհետև նկարչին ազատություն ոչ թե ոճն է տալիս, այլ մարդն իր ներսից պետք է ունենա այն։ Ինձ համար ազատությունն ամենաբարձր արժեքներից մեկն է։ Ներսի ազատությունն է շատ կարևոր։
– Ստեղծագործել եք 6 տարեկանից․ սկզբում ի՞նչ էիք նկարում, ո՞վ ոգևորեց, ասաց, որ՝ այո՛, կարող ես դառնալ նկարիչ։
– Այո։ Ինձ Աստված է տվել ամեն ինչ։ Գույնն ինձ հետ ծնվել է։ Եթե մարդու հետ չի ծնվում գույնի զգացողությունը, սովորելու ընթացքում շատ քիչ է շանսը, որ կարելի է լուրջ արդյունքի հասնել։
6 տարեկանից նկարել եմ և ավելի հասուն տարիքում երբ հասկացել եմ, որ ինձ մոտ գույներն ավելի լավ են խոսում, քան բառերը, ավելի լուրջ եմ դրան մոտեցել։ Ես միշտ ստեղծագործում եմ, անգամ այս պահին՝ հարցազրույցի ժամանակ։ Ստեղծագործում եմ երկու փուլով․ առաջինը՝ գլխիս մեջ, երբ ամենը հավաքվում է թե՛ գույնով, թե՛ կոմպոզիցիայով, հետո հանձնում եմ կտավին։
– Սևագրություն էլ չեք անում փաստորեն։
– Ոչ, սևագրությունը գլխիս մեջ է։
– Նկարելիս բանաստեղծություններ գրո՞ւմ եք։
– Չէ։ Հիմնականում տարբեր ոճի երաժշտություն եմ լսում՝ նայած, թե այդ պահին ի՞նչ տրամադրություն կունենամ։
– Ռաբիս երաժշտություն կարո՞ղ եք լսել և ստեղծագործել։
– Ռաբիս կարելի է լսել հարսանեկան միջոցառումների ժամանակ։ Իսկ ստեղծագործելիս լսում եմ Փինք Ֆլոյդ, Արթուր Մեսչյան․․․։ Ինչ-որ չափով էներգիա եմ վերցնում։
– Նկարչական բարձրագույն կրթություն չեք ստացել, ովքե՞ր են եղել Ձեր ուսուցիչները․ ո՞ւմ նման եք ցանկացել նկարել։
– Կան նկարիչներ, ովքեր հոյակապ աշխատանքներ ունեն։ Բայց աշխարհում չկան այնպիսի մարդիկ, որոնց նման ցանկանամ նկարել, որովհետև ես իմ նման եմ նկարում, չեմ ուզում նմանվել ինչ-որ մեկին։ Ունեմ իմ ձեռագիրը, գույնը, գունային զգացողությունը։
Մեկ տարի հաճախել եմ Մերկուրովի անվան նկարչական դպրոց։ Ավելին ասեմ, եթե կրթություն ստանայի, իմ կարծիքով՝ դա ավելի շատ ինձ խանգարելու էր։ Շատ եմ կարևորում ուսումը, բայց ինձ մոտ այսպես է ստացվել։
– Չե՞ն եղել քննադատություններ։ Ո՞վ է ուղղորդել։
– Այնպես չէ, որ քննադատություններ չկան, բայց ես դրանց վերաբերվում եմ այնպես, ինչպես գովասանքներին։ Ես գիտեմ՝ ով եմ և ինչ եմ անում։ Իհարկե, լինում են քննադատություններ, որոնցից ինչ-որ բան եմ քաղում։
– Ձեր նկարներում գերակշռում են վառ գույները՝ դեղին, վարդագույն, կապույտ․․․։ Ձեզ համար ի՞նչ են խորհրդանշում գույները։
– Բոլոր գույներն էլ ինձ համար նույնն են՝ իրենց էներգիայով։ Գույները կենդանի են, ինչպես հիմա մենք ենք զրուցում, այնպես էլ ես գույների հետ եմ զրուցում, ու արդյունքում ծնվում են կտավները։
– Կա՞ն մտքեր, որոնք ունեք, բայց երբեք թղթին չեք հանձնել։
– Կան, ուղղակի չեմ հասցնում։ Միայն այս տարի ավելի քան 170 աշխատանք եմ արել կտավի վրա։ 400-ից ավելի նկար թղթի վրա է։
– Ինչպես շատ նկարիչներ, այնպես էլ Դուք՝ չեք սիրում մեկնաբանել ձեր նկարները։
– Չեմ սիրում, քանի որ նկարներն իրենք իրենց են խոսում։ Կանգնել ու նկարը մեկնաբանելն անշնորհակալ գործ եմ համարում։
– Օրինակ, Մալևիչի «Սև քառակուսի»-ն խոսո՞ւմ է։
– Իհարկե։ «Սև քառակուսի»-ն իր ամենաճանաչված աշխատանքներից է, բայց ինձ գերել են իր այլ լավ աշխատանքները։
– Օրինակը բերեցի, քանի որ շատերն են ասում՝ եթե լիներ նկարի մեկնաբանությունը՝ կհասկանային, թե ի՞նչ է ցանկացել ասել նկարիչը։
– Եթե ցանկանար բացատրել՝ հավատացեք, կգրեր այդ մասին։ Ժամանակակից արվեստն ընդհանուր պետք է հասկանալ, նոր փորձել Մալևիչի «Սև քառակուսի»-ն հասկանալ։ Եթե ուզում են միայն սա հասկանալ՝ չի լինի։
– Եվ ինչպե՞ս նկարչական ձիրք չունեցողները հասկանան ժամանակակից արվեստը։
– Առաջին հերթին խորհուրդ կտամ շատ այցելել թանգարաններ։ Արվեստի տարբեր բնագավառների հետ մարդիկ շատ պետք է առնչվեն՝ լինի քանդակագործություն, երաժշտություն, թե նկարչություն։ Սա է մեզ պակասում։
Չպետք է մտնել ցուցասրահ, երեք կամ հինգ րոպեում ավելի քան 200 աշխատանքը նայել։ Պետք է նայել, հասկանալ։ Կոնկրետ նկարը հասկանալու համար ուսում պետք չէ։ Զգացողություն և վերջ։
– Դուք սիրում եք ցուցահանդեսների ժամանակ շփվել մարդկանց հետ․ի՞նչ են ցույց տալիս այդ շփումները։
– Քանի որ ամբողջ տարին աշխատում եմ և մեկ ամիս ցուցադրում եմ այդ աշխատանքները, սիրում եմ տեսնել, թե ի՞նչ զգացողություններ են ունենում մարդիկ՝ այդ կտավին, գույնին նայելով, և դա ինձ ոգեշնչում է։ Բոլոր այցելուները, մտնելով ցուցասրահ, ժպտում են։ Ես նկարում եմ նրա համար, որպեսզի մարդիկ լույս, էներգիա, ժպիտ ստանան։ Կարծում եմ՝ ստացվում է։
– Ովքե՞ր են այցելում ցուցահանդեսների։
– Զբոսաշրջիկներն են հիմնականում։ Ինձ համար շատ ավելի լավ կլիներ, եթե ավելի մեծ քանակի տեղաբնակներ գային։ Մեկ օր էլ դա կլինի։
– Նշեցիք, որ այս տարի շուրջ 170 նկար եք նկարել։ Վաճառվո՞ւմ են։
– Տարվա մեջ 1-2 նկար վաճառվում է։ Գնորդները և՛ Հայաստանից են, և՛ արտերկրից։
– Որպես նկարիչ՝ ի՞նչ խնդիրների եք բախվում։
– Առաջին խնդիրներից մեկը վաճառքն է։ Ունեմ աշխատանք և չունեմ ֆինանսական կարիք, որ նկարը վաճառվի, նոր սկսեմ նկարել։
Բայց բոլոր նկարիչների համար առաջնայինը վաճառքն է, քանի որ տարվա մեջ 1-2 նկարի վաճառքը հազիվ օգնում է նյութերի ձեռքբերմանը։ Նկարիչը եթե աշխատանք չունի՝ պատկերացրեք, պետք է նյութը գնի, ընտանիք պահի․․. խնդիր է։ Եթե պետական աջակցություն լիներ՝ շատ ավելի հետաքրքիր կլիներ, Հայաստանում ստեղծագործական միջավայրն էլ կփոխվեր։
– Գուցե Հայաստանում ապրողների համար պատճառը նկարների բարձր գնե՞րն են։
– Չկա այդպիսի բան։ Ամեն նկար իր արժեքին համապատասխան գնորդ ունի։ Աշխարհում միլիոնավոր դոլարներով նկարներ են վաճառում։ Իհարկե, մեզ նման մարդկանց համար դա բարձր արժեք է, բայց իրենք էլ իրենց գնորդն ունեն։ Արվեստի աշխարհում կա արժեք, կա գնորդ։
– Ձեր խոսքում նշեցիք, որ փորձում եք լույս և էներգիա հաղորդել մարդկանց։ Դուք ինչպե՞ս, որտեղի՞ց եք ստանում այդ լույսն ու էներգիան, և կառանձնացնե՞ք Ձեր ամենալուսավոր նկարը։
– Էներգիայի գերակշռող մասը տալիս է Աստված։ Էներգիա ստանում եմ իմ ընտանիքից, ընկերներից, մարդկանց հետ շփվելուց։ Իսկ իմ ամենալուսավոր նկարը դեռ չեմ նկարել։
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում մշտական ցուցադրության ունեմ «Խորհրդավոր ընթրիքը»։ Շատ եմ սիրում այդ նկարը, «Երազանքների քաղաք»-ը՝ նույնպես։
– Ո՞րն է ամենատխուր նկարը։
– Չեմ հիշում, բայց անգամ տխրության մեջ պարտադիր լույս եմ ունեցել, և հույսը տրվել է լույսի միջոցով։
– Ես որպես տխուր նկար՝ «Լքված ծնողներ»-ը կառանձնացնեի։
– Դա էլ է տխուր, տալիս է այդ զգացողությունը, բայց իր մեջ էլ լույսի բաժին կա։
– Իրակա՞ն պատմության հիման վրա եք նկարել։
– Չէ։ Դա այն է, ինչ տեսնում եմ։ Իրական կյանքից երևի իմ ինքնանկարներն են։ Ինքս ինձ եմ նկարել։
– Իրենք իրենց նկարողներն ավելի շատ ինքնասիրահարված չե՞ն։
– Չեմ կարծում։ Դա աշխատանք է։ Մարդիկ կան, որ շատ են նկարում Մասիս սարը, նրանց հո չե՞նք կարող ասել՝ սիրահարված են Մասիսին։ Իրենց թեման է դա, այդ պահին իրենց գլխում դա է։ Մարդիկ կան՝ ուրիշին են նկարում, չի նշանակում, որ սիրահարված են այդ մարդուն։ Այդ պահին իրենց ներքին պահանջը դա է։
– Մասիսը չսիրել հնարավոր չէ։
– Իհարկե։ Չսիրել Մասիսը հնարավոր չէ։ Պարզապես այդ պահին մտքիս եկավ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test