Բոլորին բնորոշ է գլխացավը. ո՞ր դեպքում է պետք դիմել նյարդաբանի։ Այս մասին զրուցել ենք նյարդաբան Անուշ Գասպարյանի հետ։
– Գրեթե բոլորն ունենում են գլխացավեր․ ո՞ր դեպքում պետք է անհանգստանալ։
– Ճիշտ եք, այդպիսի մարդ չկա, որ իր կյանքում գոնե մեկ կամ մի քանի անգամ չունենա գլխացավեր։ Պետք է անհանգստանալ այն ժամանակ, երբ փոխվում է գլխացավի բնույթը։ Այսինքն, դառնում են ամենօրյա, սուր։ Կարող ենք ունենալ գլխացավ, որն իր բնույթով տարբերվում է մյուս գլխացավերից։ Հնարավոր է՝ կտրուկ առաջացող գլխացավ։ Սրանք այն դեպքերն են, որ պետք է ուշադրություն դարձնել և անպայման դիմել բժշկի։
Գլխացավը նշան է, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ՝ նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը և այլն։
– Կտրուկ գլխացավի պատճառը ո՞րն է։
– Օրինակ, միանգամից առաջացող, սուր, նոպայանման գլխացավերը կարող են լինել անոթի պատռման, հեմոռագիկ ինսուլտի հետևանքով։
– Գլխացավերը նաև տեսակնե՞ր ունեն։
– Այո, բաժանվում են երկու խմբի՝ առաջնային և երկրորդային։ Առաջնային գլխացավերն առանձին հիվանդություն են, որոնք բուժվում են․ դրանք են՝ լարվածության տիպի գլխացավերը, միգրենը, կլաստերային տիպի գլխացավերը։
Կան երկրորդային գլխացավեր, որոնք առաջանում են ինչ-որ հիվանդությունների պատճառով։ Կարող են լինել ճնշումից առաջացած գլխացավեր։
Ամերիկյան բժշկությունը վերջերս նկարագրում է հիպնիկ գլխացավերը, որոնք շատ նման են լարվածության տիպի գլխացավերին։ Օրերս արտերկրում կոնֆերանսի էինք մասնակցում, խոսեցին հիպնիկ գլխացավերի մասին և նկարագրեցին, որ դրանք անցնում են սուրճ խմելուց հետո։ Հայ բժիշկների շրջանում ակտիվություն նկատվեց, ասացինք՝ դուք նոր եք բացահայտում, հայերը վաղուց գիտեն դրա մասին, հենց գլխացավ են ունենում՝ սուրճ են խմում։ Այս գլխացավը հիմնականում առաջանում է երեկոյան ժամերին։
– Հաճախ բժիշկները նշում են, որ սուրճն ու գինին գլխացավ են առաջացնում։
– Այո, կախված է նրանից, թե որ տեսակի գլխացավն է։ Դրա համար, երբ գլխացավերը հաճախ են կրկնվում, քրոնիկ են դառնում, սկսում են անհանգստացնել, խանգարում են առօրյա գործունեությանը, այդ դեպքում անպայման պետք է դիմել բժշկի՝ հասկանալու, թե ո՞ր տեսակն է, որովհետև գլխացավի բոլոր տեսակները տարբեր ձևերով են բուժվում։
Մի գլխացավի դեպքում սուրճ կարելի է, մյուսի դեպքում՝ ոչ։ Գինին կարող է նպաստել գլխացավի, օրինակ, միգրենի առաջացմանը։ Կան ալկոհոլային այլ տեսակներ, որոնք կլաստերային տիպի գլխացավերի ժամանակ խորհուրդ չենք տալիս։
– Տեսողության հետ կապված խնդիրները կարո՞ղ են գլխացավի պատճառ դառնալ։
– Այո։ Կարճատեսությունը կարող է գլխացավի առաջացման պատճառներից մեկը լինել։ Եթե սխալ ակնոց են կրում, գերծանրաբեռնում են աչքերը, նույնպես գլխացավ հնարավոր է։ Երբեմն կարող է առաջանալ ներգանգային հիպերտենզիա, որից հետո՝ տեսողության խնդիր, ու բուժառուն հենց տեսողության խնդրի համար դիմի բժշկի՝ չիմանալով, որ ունի ներգանգային ճնշում, որից առաջանում են և՛ տեսողության խնդիրները, և՛ գլխացավերը։
– Շատերը գնում են օպտիկա, ընտրում ակնոց, բայց ակնահատակը չեն ստուգում։
– Դա սխալ է։ Պետք է տարբերակել, թե ինչի՞ հետևանքով է մարդու մոտ առաջացել տեսողական խնդիր։ Շատ է եղել, որ սխալ ակնոց կրելու հետևանքով գլխացավերն ուժեղանում են։
– Մեր օրերում բոլորը կառչած են հեռախոսներից։ Այն ևս գլխացավի պատճա՞ռ է։
– Այո։ Կենտրոնացված անընդհատ ինչ-որ մի կետի նայելը՝ թե՛ հեռախոսների, թե՛ համակարգիչների դեպքում, կարող է հանգեցնել գլխացավի առաջացման։
Սկսում են աչքերն արագ-արագ թարթել, և սա շատ է հանդիպում դպրոցականների մոտ, ու պատճառը գաջեթներն են։ Կարևոր է՝ սահմանափակ ժամանակահատվածում օգտվել գաջեթներից ու շատ մոտիկից չնայել։
Խորհուրդ կտամ մեկ ժամ օգտվել, որովհետև բացի այն, որ խաղ են խաղում, տեսանյութեր նայում, նաև շատ են օգտվում համակարգչից ու հեռախոսից՝ սովորելու հետ կապված հարցերում։
– Խիտ արյունը գլխացավի պատճառ դառնո՞ւմ է։
– Արյան խտությունը նույնպես գլխացավերի պատճառ կարող է լինել։ Արյան շրջանառության անբավարարություն կարող է առաջանալ, այսինքն, դեպի գլխուղեղ արյան շրջանառությունը դժվար է մատակարարվում, առաջանում է անբավարարություն, գլխացավ։
– Մարդիկ կան՝ ասում են, որ առավոտյան գլխացավով են արթնանում, երեկոյան նոր անցնում է։ Սա որևէ խնդրի հե՞տ է կապված։
– Եթե դա մշտական բնույթ է կրում՝ պարտադիր պետք է հետազոտվել։ Այո, կարող են լինել ինչ-որ խնդրի հետևանքով առաջացած գլխացավեր, այնպես էլ՝ լարվածության տիպի գլխացավեր։ Առաջնային տիպի գլխացավերը սովորաբար օրվա երկրորդ կեսից են սկսում, բայց կան բուժառուներ, որոնք ունեն վատ գիշերային քուն, ուշ են քնում, օրգանիզմը չի հասցնում հանգստանալ, օրգանների լարվածությունը չի հասցնում թուլանալ, և առավոտյան կարող են արթնանալ գլխացավով։ Քրոնիկ հոգնածության ժամանակ կարող են առավոտյան արթնանալ գլխացավով։
– Հաճախ ասում են՝ ձախ կիսագունդն ահավոր ցավում է․ սա գլխացավի ո՞ր տեսակին է պատկանում։
– Կիսագնդային կամ միակողմանի գլխացավերը, կապ չունի՝ ձա՞խ, թե՞ աջ, սովորաբար բնորոշ են միգրենին, կլաստերային տիպի գլխացավերին։ Դրանք իրար շատ նման են ու դժվար է տարբերակելը։ Տվյալ դեպքում կարևոր է բուժառուի հիվանդության պատմությունը։ Լինում է, որ մարդն ունենում է կլաստերային տիպի գլխացավ, բայց տարիներով բուժվում է միգրենի համար, և, բնականաբար, այդ գլխացավերը չեն անցնում, սխալ ախտորոշում, սխալ բուժում։
– Միգրենին ո՞ր ախտանշաններն են բնորոշ։
– Կա աուրայով և ոչ աուրայով միգրեն։ Եթե աուրայով միգրեն է, մինչև գլխացավի սկսելը միշտ լինում են ինչ-որ նախանշաններ։ Մարդ կա՝ իր մոտ առաջանում են տեսողական տարբեր խնդիրներ, օրինակ, լինում է տեսադաշտի փոքրացում, ոնց որ թունելի միջով տեսնի։ Կարող է լինել ձեռքի, ոտքի թուլություն, ընդհուպ՝ կուրություն։ Հնարավոր է՝ 100 տոկոսով աչքերից մեկը չտեսնի։ Ու, երբ գլխացավը սկսվում է, այս աուրան, վիճակն անցնում է։ Ապա առաջանում է ցավ մի կիսագնդում, պուլսացող ցավ, որը տևում է մինչև երեք օր։ Սրտխառնոց, փսխում, ձայնավախություն, լուսավախություն․ սա կլասիկ միգրենն է։
Կարող է լինել առանց աուրայի, և միանգամից սկսվի գլխացավ։ Էլի տևում է 3 օր, մինչև 72 ժամ։ Կարող է լինել սրտխառնոց։ Ցավազրկողները չեն օգնում այս դեպքում։
Կարող է առաջանալ ձեռքի, ոտքի թուլություն, և դա միգրենի տեսակներից մեկն է՝ առանց գլխացավի։ Ստամոքսաղիքային տրակտի խնդիրները նույնպես միգրենի տեսակներից են։
– Միգրենը ժառանգական բնու՞յթ է կրում, թե՞ ցանկացած մարդու մոտ կարող է ի հայտ գալ։
– Ունի ժառանգական նախատրամադրվածություն, բայց պարտադիր չէ, որ անպայման հարազատներից ինչ-որ մեկն ունենա։
– Ինչպիսի՞ հետազոտություններ պետք է կատարել՝ հասկանալու, թե գլխացավի ո՞ր տեսակն է առկա։
– Ամենակարևորը բժշկի կողմից ճիշտ հիվանդության պատմություն հավաքելն է։ Միգրենի կամ կլաստերային տիպի գլխացավերի դեպքում չկա այնպիսի հետազոտություն, որ կանեն ու կասեն՝ մարդու մոտ հաստատ այսինչ բանն է։ Դիագնոզը դրվում է անամնեստիկ տվյալների և այլ հիվանդությունների բացառման սկզբունքով։ Կարող ենք մտածել, որ գլխուղեղում կա խնդիր՝ օրինակ, ուռուցք, կամ նյարդն ու անոթն իրար շատ մոտ են ու գլխացավ է առաջանում ճնշման տատանման ժամանակ։ Կարող է լինել ներգանգային հիպերտենզիա, որը նույնպես նպաստում է ցավերի սրացմանը։ Միգրենը կապ ունի դաշտանային ցիկլի հետ։ Այդ ժամանակ գրեթե բոլոր կանանց մոտ առաջանում է ներգանգային ճնշում, որը կարող է նպաստել, որպեսզի միգրենի ցավերը սրվեն։ Ճիշտ է, դա պատճառ չէ, որպեսզի միգրեն առաջանա, բայց նպաստում է, որպեսզի սրացում լինի։
Շատ դեպքերում, եթե կլասիկ միգրեն չենք ունենում, կատարում ենք գլխուղեղի որոշակի հետազոտություն՝ բացառելու այլ խնդիրները, որոնք կարող են առաջացնել գլխացավ։ Երբ բացառում ենք բոլոր տեսակի խնդիրները, արդեն կարող ենք ասել, որ այո՛, դա միգրեն է։ Բայց հստակ ՄՌՏ հետազոտությամբ տեսնել, որ սա միգրեն է, նման բան գոյություն չունի։ ՄՌՏ-ով միայն երևում է, որ չկա ուռուցք, անևրիզմա, անոթային այլ խնդիրներ։
– Այդ դեպքում ինչպե՞ս է բուժվում միգրենը։
– Կախված նոպաների հաճախակիությունից և նրանց ուժգնությունից, բժիշկը որոշում է բուժման տեսակը։ Եթե նոպաները հաճախակի են, արվում է պրոֆիլակտիկ բուժում, այսինքն, որոշակի դեղորայքային խումբ, որը նպաստում է, որպեսզի ցավեր չառաջանան։ Մարդը պետք է այդ դեղորայքն անընդհատ խմի։ Եթե քրոնիկ չէ, լինում է ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ, կատարում ենք նոպայի բուժում։ Այսինքն, տվյալ պահին, երբ մարդը գիտի՝ սկսելու է ցավել, այդ ժամանակ խմում են իրենց դեղորայքը, ու ցավը չի սկսվում։ Վերջին շրջանում նաև կատարվում է բոտուլինոթերապիայով բուժում, այսինքն, կան հատուկ կետեր, արվում է բոտուլինոտոքսինի ներարկում, և 3-6 ամիս կարող են գլխացավեր չառաջանալ։ Բայց դա շատ ինդիվիդուալ է, 100 տոկոս դեպքերում չէ, որ օգնում է։ Կախված է մարդուց, իր զգացողությունից։
– Հիմնականում գլխացավի ո՞ր տեսակներն են տարածված։
– Ամբողջ աշխարհում և Հայաստանում տարածված է լարվածության տիպի գլխացավերի տեսակը։ Մոտավորապես գլխացավերի 80 տոկոսն են կազմում, առաջանում են գերծանրաբեռնվածության, սթրեսների, չհանգստանալու հետևանքով։
– Գլխացավերի դեպքում օգտագործում են ցավազրկող դեղորայք, բայց չափ գոյություն ունի՞։ Եթե շաբաթվա մեջ 2-3 անգամ գլխացավ լինի, խմե՞ն դեղորայք։
– Շաբաթվա մեջ 2-3 անգամ գլխացավն արդեն համարվում է քրոնիկ։ Դա պատճառ է, որպեսզի դիմեն բժշկի։ Անընդհատ ցավազրկող են խմում ու բժշկի դիմում են այն ժամանակ, երբ ցավազրկողն արդեն չի ազդում, առաջանում են ամենօրյա գլխացավեր։ Դրանք արդեն շատ դժվար կառավարվող գլխացավերն են։ Օրգանիզմը զգայուն է դառնում բոլոր տեսակի դեղորայքի հանդեպ։
– Որպեսզի լարվածության հետևանքով գլխացավ չառաջանա՝ ի՞նչ լուծում եք առաջարկում։
– Քնի խանգարումները կարգավորել։ Մեր բոլոր նյարդաբանական խնդիրների հիմքում ընկած է ոչ առողջ քունը։ Մարդը պարտադիր պետք է ունենա հանգստի ռեժիմ, նորմալ սնվի, սպորտային ակտիվություն ունենա և առողջ քնի։ Նման դեպքերում բոլոր տեսակի նյարդաբանական խնդիրների 30-40 տոկոսը կանցնի։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test