Մոսկվան Ռուսաստանի բանակի ամուր թիկունքն է: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղելով Կրեմլի պաշտոնական հաղորդագրությանը: Պուտինն ասել է, որ Մոսկվայում ավելի քան հինգ հարյուր արդյունաբերական ձեռնարկություններ «ապահովում են ռազմաճակատի կրիտիկական պահանջների բավարարող արտադրանք, վիրավորում ստացած զինծառայողները բուժում և վերականգնողական օգնություն են ստանում մայրաքաղաքի հիվանդանոցներում»:
Որքան էլ արտառոց չհնչի, Ռուսաստանի նախագահի այդ դիտարկումները հիշեցնում են 1941 թվականի աշնանը մոսկովյան ռազմաճակատում հնչած «ոչ մի քայլ հետ, թիկունքում Մոսկվան է» մարտակոչը: Այդ ճակատագրական ամիսներին, ինչպես գրեթե բոլոր ականատես զորավարներն են հետագայում խոստովանել, Մոսկվան ֆաշիստական գրավումից փրկվել է թշնամու տանկերի ճանապարհը «մարդկային մարմիններով փակելու միջոցով»:
Պուտինի հայտարարությանը զուգահեռ միջազգային լրատվամիջոցները տարածել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սոցցանցային գրառումը, որտեղ նա պնդում է, որ միայն անցնող շաբաթվա ընթացքում ռուս-ուկրաիանական ճակատում յոթ հազարից ավելի մարդ է զոհվել: Թրամփն այդ պատերազմն անվանել է «խելացնորություն», բայց և գրեթե բաց խոստովանել, որ «մսաղացը կանգնեցնելու» իր ջանքերը բավարար չեն:
ԱՄՆ նախագահը խոստացել է Ռուսաստանի նկատմամբ խստագույն պատժամիջոցներ կիրառել, եթե ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները միաժամանակ հրաժարվեն ռուսական նավթ գնել և սահմանափակել Չինաստանի հետ առեւտուրը:
Դոնալդ Թրամփին համարում են «գործարքի վարպետ», բայց կոնկրետ այս դեպքում, ամենայն հավանականությամբ, նա ինքն էլ համոզված է, որ նման հակառուսաստանյան դաշինք հնարավոր չէ ձևավորել:
Իսկ Մոսկվայի մասին Վլադիմիր Պուտինի ասածը, հավանաբար, պետք է հասկանալ այն իմաստով, որ ուկրաինական պատերազմը երկարաձգվելու է: Փաստացի նա անոնսավորում է ռազմաճակատին մատակարարումների ավելացում: Պուտինի հայտարարությունը հնչել է Բելառուսի տարածքով լայնածավալ զորավարժությունների շուրջ արեւմտյան երկրների լրջագույն անհանգստությունների ֆոնին:
Ռուսաստանի նախագահը միանշանակորեն խորացնում է այդ մտահոգությունները: Փորձագիտական կարծիք կա, որ դա «հոգեբանական ճնշում է»: Այլ աղբյուրներ հիշեցնում են, որ նման լայնածավալ զորավարժություններ անցկացվել են Ուկրաինայի դեմ հարձակման նախօրեին:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test