Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ծովից ծով» սեղանի վրա. Տիգրան Մեծ-ի «հետքերով» mediamax.am mediamax.am

time
«Ծովից ծով» սեղանի վրա. Տիգրան Մեծ-ի «հետքերով»

Տեղափոխվել հայոց պատմության ամենահզոր ժամանակաշրջաններից մեկը, դառնալ Տիգրան Մեծի նվաճումների «անմիջական մասնակից» եւ Հայաստանը նորից ծովից ծով «դարձնել»: Այսուհետ սա հնարավոր է Ռուսլան Մարտիրոսյանի գաղափարով ստեղծած «Ծովից ծով» սեղանի խաղի միջոցով:

Սա հայոց պատմության իրադարձությունների հիմքով ստեղծված առաջին սեղանի խաղն է եւ Ռուսլան Մարտիրոսյանի խոսքով՝ կարող է օգտակար լինել նաեւ պատմության կեղծման փորձերի ու ապատեղեկատվության դեմ պայքարում:

Մեդիամաքսի հետ զրույցում նա պատմել է խաղի գաղափարի, կանոնների եւ ապագա ծրագրերի մասին:

«Ունենք հարուստ պատմություն, իսկ պատմական հիմքով խաղեր՝ ոչ»

2012 թվականից զբաղվում եմ Naked Science գիտահանրամատչելի նախագծով, որն այսօր ամենից շատ այցելություններ ունեցող եւ մեջբերվող գիտական ռեսուրսն է Ռուսաստանում: Սա կարեւորագույն ցուցանիշ է գիտահանրամատչելի կայքի համար:

Սեղանի խաղերի ոլորտին սկսել եմ առնչվել 2020թ.-ից: Այստեղ որոշակի փորձ ձեռք բերելով՝ արձանագրեցի, որ հարուստ պատմություն ունեցող գրեթե բոլոր երկրներն պատմական իրադարձությունների հիմքով սեղանի խաղեր ունեն: Հայաստանում, ցավոք, նման օրինակ չկար: Սա մեծ բաց էր, որը պետք էր լրացնել:

Տիգրան Մեծի, ծովից ծով Հայաստանի ժամանակահատվածը մեր պատմության ամենավառ դրվագներից է, այնպես որ, որոշեցի սկսել այստեղից:

Խաղի վրա աշխատել ենք մոտ երկու տարի՝ գաղափարից մինչեւ վերջնական պրոդուկտ: Թիմում ընդգրկված էին տարբեր մասնագետներ՝ դիզայներ, խաղի ռազմավարությունը մշակող, խմբագիր: Համագործակցել ենք նաեւ պատմաբանների հետ՝ փորձելով ստանալ իրականությանը հնարավորինս մոտ քարտեզ:

Միեւնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ սա խաղ է եւ որոշ նահանգների կամ շրջանների սահմաններ մեծացրել ենք, որպեսզի դրանցում հնարավոր լինի տեղավորել անհրաժեշտ քարտերը (ժպտում է – հեղ.):

«Գրավել» շրջանը դիվանագիտությամբ, տնտեսությամբ կամ՝ ռազմական ճանապարհով

«Ծովից ծովը»-ը բավականին բարդ է եւ չի կրկնում աշխարհում հայտնի որեւէ խաղ: Այսինքն, ստեղծել են բոլորովին նոր մեխանիկա: Ամեն օր աշխարհում հրատարակվում է մոտ 10 նոր խաղ, պատկերացրեք՝ որքան բարդ է ստեղծել կանոններ, որոնք չեն կրկնում դրանցից որեւէ մեկը: Սրա ապացույցն օրերս ստացած, խաղի բացառիկությունը հավաստող եվրասիական արտոնագիրն է:

Ինչ վերաբերում է խաղի բարդությանը, դա իմ ցանկությունն էր: Նպատակս էր, որ առաջադրանքների հաղթահարումը լինի բարդ, հետեւաբար՝ ավելի հետաքրքիր:

«Ծովից ծով»-ը կոոպերատիվ խաղ է, ինչը նշանակում է, որ մասնակիցները խաղում են ոչ թե իրար, այլ՝ խաղի դեմ: Այն նախատեսված է 1-4 խաղացողի համար:

Տիգրան Մեծից եւ նրա երեք որդիներից ընտրում եք հերոսին, որով ցանկանում եք խաղալ: Նրանցից յուրաքանչյուրին տրված են տարբեր հնարավորություններ, իսկ ընդհանուր խաղն ունի բարդության երեք աստիճան՝ հեշտ, միջին եւ բարդ:

Զգուշացնում եմ՝ խաղի բարդ աստիճանը հաղթահարելը շատ դժվար է, եւ ձեզանից երկար ժամանակ ու փորձ կպահանջվի (ժպտում է – հեղ.):

Խաղի նպատակն է կերպարներից մեկով գրավել Մեծ Հայքի բոլոր նահանգներն ու հարակից շրջանները՝ ձեր երկրի սահմանները հասցնելով ծովից ծով: Այդ ընթացքում ձեր դեմ գործելու է ինչպես հռոմեական բանակը, այնպես էլ՝ շրջանների տեղացի, ըմբոստ բնակչությունը: Այս կամ այն նահանգը գրավելու երկու ճանապարհ կա՝ դիվանագիտական եւ ռազմական: Առաջինի դեպքում հնարավոր է «բանակցել» եւ նահանգը գրավել, օրինակ, տնտեսությամբ՝ այստեղ տեղափոխելով օգտակար հանածոներ եւ ռեսուրսներ, որոնց կարիքը կա:

Խաղի գործող կերպարներից է նաեւ «խաղաղ բնակչությունը», որը կարող է օգնել ռեսուրսների տեղափոխման գործում:

«Նման նախագծերը պետք է իրականացվեն ոչ միայն անհատների, այլեւ՝ պետության ջանքերով»

Այս պահին «Ծովից ծով» նախագծի թիրախը հիմնականում արտաքին լսարանն է: Սրանով է պայմանավորված, որ խաղը հրատարակել ենք ռուսերենով: Իհարկե, շատ եմ ցանկանում, որ հայերեն տարբերակը եւս լինի, սակայն դրա համար նախ պետք է պահանջարկը հասկանանք: Հայաստանում սեղանի խաղերի մշակույթը դեռ զարգացման փուլում է:

Ինչ վերաբերում է արտաքին լսարանին, սա լավ հնարավորություն է ծանոթացնել եւ մասնակից դարձնել օտարազգիներին մեր պատմությանը: Ամեն օր տեսնում ենք, թե ինչ թեզեր է առաջ քաշում Ադրբեջանն ու այս համատեքստում առավել եւս «Ծովից ծով»-ը կարող է ծառայել որպես հակաթեզ: Կարծում եմ՝ նման նախագծերը պետք է իրականացվեն ոչ թե եւ ոչ միայն անհատների, այլեւ՝ պետության ջանքերով:

Առաջիկայում նախատեսում ենք թողարկել նաեւ խաղի անգլերեն տարբերակն՝ ապահովելով ավելի լայն տարածքում: Ինչպես նաեւ, փնտրում եմ գործընկեր, որպեսզի խաղը դարձնենք էլ ավելի որակյալ՝ հասցնելով համաշխարհային «լյուքս» դասի խաղերի չափանիշներին:

Ի սկզբանե որակն ինձ համար եղել է սկզբունքային: Խաղի յուրաքանչյուր դետալ մտածված է, տուփի մեջ ներառված են նաեւ հատուկ պաշտպանիչ պատյաններ քարտերի համար: Սեղանի խաղերում դրանք հիմնականում չեն լինում, բայց ցանկացել եմ անպայման ներառել դրանք, որպեսզի խաղը հնարավորինս երկար ծառայի գնորդին:

«Մինչ այս չգիտեի, որ Հայաստանի պատմությունն այսքան հզոր է»

Խաղը վաճառքում է արդեն մի քանի ամիս, եւ մինչ այժմ ստացել ենք միայն դրական կարծիքներ: «Ծովից ծով»-ի մի օրինակ ուղարկել ենք սեղանի խաղերի ոլորտին հետեւող ռուս բլոգերի, որը տեսանյութով անդրադարձել է դրան՝ նշելով՝ «մինչ այս չգիտեի, որ Հայաստանի պատմությունն այսքան հզոր է»: Այս խոսքերը հավաստում են՝ մեր նպատակն իրականանում է եւ ճիշտ ճանապարհին ենք:

Սեղանի խաղերի սիրահարները եւս դրական են գնահատում «Ծովից ծով»-ը: Սա շատ կարեւոր է, որովհետեւ սեղանի խաղի նոր մեխանիկա ստեղծելը ռիսկային է: Չգիտես՝ լսարանն ինչպես կարձագանքի:

Առհասարակ, «Ծովից ծովը» նախատեսված է մեծահասակների համար, բայց կարծում եմ՝ հետաքրքիր եւ հասկանալի կլինի նաեւ 12 տարեկանից բարձր երեխաներին:

«Ծովից ծով» խաղը հնարավոր է գնել սեղանի խաղերի մասնագիտացված խանութից կամ պատվիրել ռուսական մարքեթփլեյսներից:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test