ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում հոգևորական վերջին անգամ ձերբակալվել էր 1953 թվականին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Ստեփանյանցը՝ խոսելով Հայաստանում վերջին շրջանում եկեղեցու ու եկեղեցականների շուրջ ստեղծված վիճակի մասին։
Ստեփանյանցը երկար տարիներ ուսումնասիրել է հայ եկեղեցու պատմություն, 1993թ․-ին գրել է «Հայ եկեղեցին ստալինյան բռնապետության օրոք» մենագրությունը, իսկ 2002թ․-ին՝ «Գիրք տառապելոցը»՝ բռնադատված հայ հոգևորականների մասին, դրա համար ուսումնասիրվել են խորհրդային ՊԱԿ–ի (КГБ) արխիվները։
«Վերջին սրբազանը հայրը, որին ձերբակալեցին և գնդակահարեցին,
Բագրատ եպիսկոպոս Վարդազարյանն էր 1938 թ․-ին։ 1953թ․-ից այս կողմ հոգևորական չէին ձերբակալել։ Այսօր սրբազան հայրերի ձերբակալումը նոնսենս է․ գրեթե 90 տարի ոչ մի հոգևորականի չէին ձերբակալել, ու այսօր ձերբակալել սրբազան հայրերին այն պատճառով, որ ինչ-որ դժգոհություններ են հայտնել ստեղծված վիճակի մասին․․․»,- ասում է պատմաբանը։
Ըստ նրա՝ աբսուրդ է այս իրավիճակը, խորհրդային ռեպրեսիաների վերադարձը։ Դրա փոխարեն պետք է նստել մի սեղանի շուրջ և քննարկել, խոսել, հարցի լուծման հենակետ գտնել։
Անդրադառնալով «վեհարանը կաթողիկոսից ազատագրելու» արշավին՝ պատմաբանը հիշեցնում է, որ կաթողիկոսության աթոռանիստը հիմնադրվել է 4-րդ դարում Վաղարշապատում՝ Գրիգոր Լուսավորչի կողմից, հետագայում այն մի քանի անգամ տեղափոխվել է, իսկ Բագրատունյաց թագավորության կործանումից հետո հաստատվել է Կիլիկայում։
«15-րդ դարում Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովը Մայր Աթոռը վերահաստատել է Էջմիածնում։ Հիմա մենք ի՞նչ ենք ուզում, որ հավաքվեն մի քանի հոգևորականներ ու կաթողիկոսի հետ միասին վերցնեն Գրիգոր Լուսավորիչի աջը, գնան մի հատ ուրիշ երկիր և էնտե՞ղ Էջմիածին հիմնեն»,- հարց է ուղղում Ստեփանյանցը՝ շեշտելով, որ վարչապետն իր աջակիցների հետ չի կարող կաթողիկոսին գահընկեց անել։ Նման ընթացակարգ պարզապես գոյություն չունի, որովհետև կաթողիկոսին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը։
Ի դեպ, Ստեփանյանցը պատմական հետաքրքիր դրվագ է մեջբերում։ Ասում է, որ որպես լրագրող մասնակցել է Գարեգին Առաջին և Գարեգին Երկրորդ կաթողիկոսների ընտրությանը, և, իրականում, Գարեգին Երկրորդը պետք է շատ ավելի վաղ կաթողիկոսական աթոռը զբաղեցրած լիներ։
«Ես գիտեմ, որ 1995 թվականին Գարեգին Երկրորդ Ներսիսյանն Ազգային եկեղեցական ժողովի մասնակիցների ձայների մեծամասնությունը ստացավ, սակայն հրաժարվեց՝ ասելով, որ չի կարող դեմ գնալ օծված կաթողիկոսին (Գարեգին Առաջինը 1983-1994 թթ․ եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս որպես Գարեգին Բ– խմբ․)։ Այսպես կաթողիկոսի ընտրությունների երկրորդ փուլում Գարեգին Բ-ն հանում է իր թեկնածությունը։ Հիշենք, որ դեռ Վազգեն վեհափառի օրոք այն ժամանակ Գարեգին արքեպիսկոպոսն ամենամեծ՝ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդն էր, այսինքն՝ հայոց եկեղեցու կառուցվածքում երկրորդ անձնավորությունն էր համարվում»,- ասում է Ստեփանյանցը։
Ինչ վերաբերում է որոշ ներկա ու կարգալույծ հոգևորականների բողոքներին` իբրև թե եկեղեցում տիրող արատավոր բարքերի վերաբերյալ՝ Ստեփանյանցը դրանք լուրջ չի համարում։ Որպես մասնագետ, որը երկար տարիներ զբաղվում է հայոց եկեղեցու պատմության ուսումնասիրությամբ, աշխատել է նաև Էջմիածնի տպարանում ու անձամբ գիտի գրեթե բոլոր հոգևորականներին, նմանապես նաև գիտի այն պատմություններից շատերը, որոնք այս կամ այն հոգևորականին կարգալույծ հռչակելու պատճառ են դարձել։
Նշում է, որ լինում են նաև հոգևորականներ, որոնք ծառայության են նշանակվում սփյուռքահայ գաղթօջախներում, հետագայում հետ են կանչվում ու չեն հաշտվում այդ իրողության հետ, սկսում են բողոքել։ Ուստի առանձին ներկա ու նախկին հոգևորականների կողմից դժգոհությունները լուրջ չեն ու հաստատ պատճառ կամ հիմնավորում չեն կաթողիկոսին գահընկեց անելու։
Չի բացառում նաև այն, որ այս շարժումը կարող են նաև աղանդավորական կազմակերպությունները սնուցել․ հիշեցնում է, որ միայն պաշտոնական տվյալներով՝ մոտ 7 տասնյակ գրանցված աղանդավորական կազմակերպություններ կան, տարբեր տվյալներով՝ մեր երկրում աղանդավորների թիվն անցնում է 300 հազարը։ Պատմաբանի խոսքով՝ այս կազմակերպությունների համար, անշուշտ, ցանկալի չէ ունենալ հզոր Հայ առաքելական եկեղեցի։
Ընդգծում է՝ եկեղեցուն ուղղված այս արշավն ուղիղ ճանապարհ է դեպի ազգի կործանում, քանի որ Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ նաև ազգապահպանման, սփյուռքում՝ հայապահպանման կարևորագույն օջախ է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին
հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա
գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։